Սիրելի ապագա բժիշկներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ուսանողության օրվա առթիվ։
Ձերն է օրը, տոնը, և ամենակարևորը՝ ձերն է ապագան, որը պետք է լինի լուսավոր, խաղաղ և ստեղծագործ։ Ուսանողությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է շարժիչ ուժ։ Թող այդ ուժը մշտապես արարի, ստեղծի ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության, կրթության և գիտության զարգացման։
Ձեզ հետ ամենօրյա շփումներում տեսնում եմ ձեր աչքերի փայլը և խանդավառությունը, որոնք ուզում եմ, որ երբեք չպակասեն՝ անկախ նրանից, թե ինչ նախաձեռնություն կիրականացնեք կամ ինչ ծրագրեր կյանքի կկոչեք։
Մասնագիտական բարձր որակներով օժտված, արհեստավարժ, բարեկիրթ երիտասարդների վրա է խարսխվում զարգացած, ուժեղ, ամուր հիմքեր ունեցող պետության տեսլականը: Մեր մեծ «Հերացի» ընտանիքում բժշկական կրթություն ստացողներին մաղթում եմ, որ ուսանողական տարիները լինեն ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև անձնական ու մասնագիտական կայացման ամենաազդեցիկ շրջանը։ Թող ձեզ ուղեկցեն անվերջ ոգեշնչումը, նպատակասլացությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Ձեր նվիրումով ու գիտելիքով է կառուցվելու վաղվա առողջ և առաջադեմ հասարակությունը։
Շնորհավոր ուսանողության տոնը:
ԵՊԲՀ ռեկտոր,
Պրոֆեսոր Արմեն Մուրադյան