«Հորմոնները բժշկության խաչմերուկում» խորագրով կոնֆերանս՝ նվիրված դիաբետի համաշխարհային օրվան

«Հորմոնները բժշկության խաչմերուկում» խորագրով կոնֆերանս՝ նվիրված դիաբետի համաշխարհային օրվան

ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից բժշկական մայր բուհում կազմակերպվել էր «Հորմոնները բժշկության խաչմերուկում» խորագրով կոնֆերանսը՝ նվիրված դիաբետի համաշխարհային օրվան։

Միջոցառման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրին հորմոնների ֆիզիոլոգիական և պաթոֆիզիոլոգիական դերի շուրջ գիտությամբ հագեցած և բազմաբնույթ զեկուցումներ։

Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան ներկայացրեց շաքարային դիաբետի արդի խնդիրներն ու դրա բուժման նոր մոտեցումները թեման, լյարդաբան, գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանը խոսեց մետաբոլիկ համախտանիշի զարգացման մեխանիզմների և կանխարգելման ուղիների մասին:

Հորմոնալ փոփոխությունների կենսաբանական նշանակությունը՝ սկսած մենարխեից մինչև մենոպաուզա թեմային անդրադարձավ գինեկոլոգ, էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովան։

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը վերլուծեց մետաբոլիզմի հավասարակշռության խախտման մեխանիզմները՝ ընդգծելով դրանց կլինիկական կարևորությունը։

Կոնֆերանսի ավարտին անցկացվեց հետաքրքիր վիկտորինա, որի ընթացքում մասնակիցները փորձեցին իրենց գիտելիքները և ստացան խորհրդանշական նվերներ։