Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբեր ամսվա առաջին շաբաթը հագեցած էր իրադարձություններով:
Անցկացվեց տարեկան ամփոփիչ գիտաժողովը՝ նոր ձևաչափով:
Միջոցառման նպատակն էր ծանոթանալ ստորաբաժանումներում իրականացվող գիտական հետազոտություններին, ամփոփել դրանց ընթացիկ վիճակն ու ստացված արդյունքները, բացահայտել համագործակցության նոր ուղիներ և նախանշել գիտական գործունեության զարգացման հեռանկարները:
Գիտաժողովի առաջին օրը փորձագիտական հանձնաժողովները միաժամանակ ընթացող 5 նիստերում հյուրընկալեցին ոլորտային թեզիսների հեղինակներին, որոնք բանավոր ելույթների և ցուցապաստառների միջոցով ներկայացրին իրենց կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքները:
Երկրորդ օրը, պահպանելով հանդիպումների ձևաչափը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց գիտական գործունեության ամփոփ պատկերը, որն արտացոլում էր գիտական գործունեության` 2025 թվականի տարեկան հաշվետվության բովանդակությունը:
Գիտաժողովի մասնակիցների հավաստմամբ` բոլոր ելույթներն ուշագրավ են եղել և բազմաբովանդակ քննարկումների առիթ հանդիսացել: Հատկապես նշվել է միջգիտակարգային հետազոտությունների նախաձեռնման կարևորությունը, որն այսօր համաշխարհային գիտության զարգացման հենքն է և գիտության ֆինանսավորման ծրագրերի համար հանդիսանում է չափորոշիչ:
Երրորդ օրվա հանդիպումն առավել աշխատանքային և գործնական նշանակություն ունեցավ:
Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը հանդիպեց փորձագիտական հանձնաժողովների նախագահներին և գիտական քարտուղարներին, որոնք նախ ներկայացրին նախորդ 2 օրերի աշխատանքների ամփոփ պատկերը, ապա անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին և կիսվեցին դրանց հաղթահարման` իրենց պատկերացումներով:
Հանդիպումն ավարտվեց գործնական նախաձեռնությունների մասին հստակ ուղերձներով, որոնք ոգևորիչ էին և, վստահաբար, առավել արդյունավետ աշխատանքի խթան կհանդիսանան:
Ներկայումս իրականացվում է թեզերի և գիտական նախագծերի փորձաքննությունը, որի արդյունքները կներկայացվեն դեկտեմբեր ամսին՝ գիտաժողովի 2-րդ փուլի ընթացքում: Միաժամանակ կկազմակերպվեն ամփոփիչ քննարկումներ՝ նվիրված ԵՊԲՀ գիտական առաջնահերթություններին: