Նյարդ-մկանային հիվանդությունների վերաբերյալ հայ-ֆրանսիական 9-րդ աշխատաժողովը նվիրված էր ասեղային միոգրաֆիային                                      

Նյարդ-մկանային հիվանդությունների վերաբերյալ հայ-ֆրանսիական 9-րդ աշխատաժողովը նվիրված էր ասեղային միոգրաֆիային                                        

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրում նոյեմբերի 20-ին հայ և ֆրանսիացի մասնագետներն էլեկտրանեյրոմիոգրաֆիայի և նյարդ-մկանային հիվանդությունների վերաբերյալ 9-րդ աշխատաժողովի շրջանակում անցկացրին «Ասեղային միոգրաֆիա» (“Mastering Needle EMG”) խորագրով ինտերակտիվ հանդիպում:

Համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, նյարդաբան Բելլա Գրիգորյանն արտերկրի գործընկերների, բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում  ներկայացրեց ասեղային միոգրաֆիայի պատմությունը, ֆիզիոլոգիան, հիմունքները և կլինիկական նշանակությունը:

Նրա խոսքով` ասեղային միոգրաֆիան էլեկտրադիագնոստիկայի մի մասն է: «Ասեղային էլեկտրոդով մենք հետազոտում ենք մկանային կառուցվածքները և դրանով հայտնաբերում նյարդ-մկանային հիվանդություններ: Մեզ մոտ` Հայաստանում, տարածված են պոլինեյրոպաթիաները, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, ձեռքբերովի և ժառանգական միոպաթիաները: Քանի որ այդ հիվանդությունների մեծ մասը ժառանգական է, շատ կարևոր է ճիշտ ախտորոշել դրանք», – շեշտեց Բելլա Գրիգորյանը` հավելելով, որ ասեղային միոգրաֆիան օգնում է բացահայել հիվանդության պատճառը:

Լիոնի համալսարանական հիվանդանոցի փորձառու նյարդաբան և նեյրոֆիզիոլոգիայի մասնագետ Գի Շոպլաննան, որը 2021 թվականից` աջակցում է հայ մասնագետներին վիրավորում ստացած զինվորականների հետազոտությությունների հարցում, օգնում է կազմակերպել սեմինարներ տեղացի բժիշկների համար` նպաստելով մեր երկրում (ոչ միայն Երևանում, այլև մարզերում) այս ճյուղի զարգացմանը, հիշեցրեց, որ առաջին անգամ Հայաստան եկավ 44-օրյա պատերազմից հետո:

«Ապա սկսեցինք ակտիվորեն համագործակցել Բելլա Գրիգորյանի հետ: 2022 թվականի հոկտեմբերին կազմակերպեցինք առաջին հայ-ֆրանսիական սեմինարը, որը մեծ հաջողություն ունեցավ, և դրանից հետո ամեն տարի կազմակերպում ենք նման ձևաչափի հանդիպումներ», – հայտնեց ֆրանսիացի նյարդաբանը` հավելելով, որ վաղը` նոյեմբերի 21-ին, հայ գործընկերների հետ հանդիպում է նախատեսվում Գորիսում, իսկ նախքան այդ Լիոնի համալսարանի մասնագետներն այցելել էին նաև Գյումրի: Աշխատաժողովի շրջանակում Գի Շոպլաննան խոսեց պաթոլոգիաների ճիշտ ախտորոշման գործում ասեղային միոգրաֆիայի կարևոր դերի մասին:

Տեսական մասին հաջորդեց գործնական փուլը:

«Ընտրել ենք 2 պացիենտ. նրանցից մեկն ունի նյարդային, մյուսը` մկանային հիվանդության կասկած: Նպատակն այն է, որ մեր գործընկերներին պրակտիկայում ցույց տանք, թե ինչքան տարբեր է լինում ասեղային միոգրաֆիան 2 հիվանդության դեպքում, որոնք կլինիկորեն տեսքով կարող են լինել շատ նման», – փոխանցեց բժիշկ Գրիգորյանը:

Գիտաժողովի ընթացքում հայ նյարդաբանները սովորեցին նոր մեթոդիկա, ինչպես նաև թարմացրին իրենց գիտելիքը նյարդերի և մկանների հիվանդությունների վերաբերյալ:

«Հերացի» և Լիոնի համալսարանական հիվանդանոցների առաջատար մասնագետները նախանշեցին տևական արդյունավետ  համագործակցության հետագա հեռանկարները:

Մասնավորապես` ծրագրվում է 2026 թվականին կազմակերպել սեմինար պերիֆերիկ նյարդերի և մկանների սոնոգրաֆիկ հետազոտության թեմայով, ոչ միայն սոնոգրաֆիստների և ռադիոլոգների, այլև հենց նյարդաբանների համար, որոնք մասնագիտացած են նյարդ-մկանային հիվանդությունների ոլորտում: