Սեր գիտության հանդեպ և պատասխանատվություն մարդկանց առջև. Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակառու Լևոն Խառատյան

Սեր գիտության հանդեպ և պատասխանատվություն մարդկանց առջև. Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակառու Լևոն Խառատյան

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Լևոն Խառատյանն այս տարի  Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակառու է: Նրա համոզմամբ՝ բարձր առաջադիմությունը օգնում է ուսանողին արդյունավետ կերպով յուրացնել ուսուցանվող նյութը, զարգացնել մասնագիտական հմտությունները և պատրաստ լինել ցանկացած մարտահրավեր ընդունելուն, պահանջում է շատ լավ տեսական պատրաստվածություն, արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն, մարդկանց առողջության նկատմամբ պատասխանատվություն։

«Երբ իմացա, որ արժանացել եմ անվանական կրթաթոշակի, զգացի մեծ ուրախություն, գնահատված լինելու զգացում։ Դա ինձ համար ոչ միայն ձեռքբերում էր, այլև կարևոր վստահություն, որ իմ ջանքերն ու աշխատասիրությունը նկատվել և գնահատվել են։ Միաժամանակ զգացի նաև ավելի մեծ պատասխանատվություն․ այս գնահատականը ինձ պարտավորեցնում է շարունակել նույնպիսի հետևողականությամբ աշխատել, զարգանալ և արդարացնել վստահությունը»,-խոսելով անվանական կրթաթոշակի արժանանալու մասին նշում է հերացիականը։

Լևոնի՝ բժշկական համալսարան ընտրելու հիմնական պատճառը մեծ սերն է եղել քիմիայի և կենսաբանության նկատմամբ.

«Փոքր հասակից ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես է մարդը մեծանում, ինչ է մարդու օրգանիզմը, ինչպես և ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ինչու է առողջությունը կախված անգամ ամենափոքր մանրուքներից։ Ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվեց խորը ցանկության՝ սովորել, հասկանալ և այդ գիտելիքը կիրառել մարդկանց օգնելու, նրանց առողջությունը պահպանելու և վերականգնելու համար»։

Նրա խոսքով՝ բժշկական համալսարանում ուսումնառությունը բավականին հագեցած, հետաքրքիր և բազմակողմանի է.

«Դասերը բաղկացած են տեսական և գործնական մասերից։ Դասերի ընթացքում ստանում ենք տեսական գիտելիքներ, ձեռք ենք բերում մասնագիտական իրական հմտություններ՝ ինչպես շփվել պացիենտների հետ, ինչպես կատարել հետազոտություններ և գնահատել առողջական վիճակը։ Ընդհանուր առմամբ՝ բժշկական համալսարանում սովորելը պահանջում է մեծ պատասխանատվություն, հաստատակամություն և ժամանակի ճիշտ կառավարում, որոնց արդյունքում յուրաքանչյուր քայլը ավելի է մոտեցնում լավ մասնագետ դառնալուն»։

Ուսանողի փոխանցմամբ՝ ուսումնառության ընթացքում հաճախ հանդիպում տարբեր դժվարությունների մեծածավալ նյութը յուրացնելու և ժամանակի կառավարման առումով։ Դրանք հաղթահարման համար պլանավորում է օրը և ուսումնական շաբաթն ըստ առաջնահերթությունների:

Լևոն Խառատյանը կարևորում է նաև թիմային աշխատանքը․ բարդ թեմաները հաճախ քնարկում է համակուրսեցիներիս հետ կամ դիմում դասախոսների խորհուրդներին, ինչը օգնում է գտնել նոր լուծումներ։ Փորձում է նաև պահպանել հանգստություն ու առողջ ապրելակերպ, որոնք մեծ նշանակություն ունեն արդյունավետ ուսուցման համար։

«Կարևոր եմ համարում նաև դասախոս-ուսանող փոխհարաբերությունները, քանի որ անմիջական շփման դեպքում ուսանողը ավելի վստահ է զգում դասախոսի աջակցությունը, հարցեր է տալիս և արդյունավ յուրացնում գիտելիքը։ Լավ փոխհարաբերությունները մեծապես նպաստում են ինչպես ուսումնական հաջողությանը, այնպես էլ մասնագիտական արժեքների ձևավորմանը»,-նշում է նա։

Խոսելով նեղ մասնագիտության ընտրության մասին ապագա բժիշկը շեշտում է.

«Պատրաստվում եմ ընտրել այնպիսի նեղ մասնագիտություն, որը կապ ունի գիտության հետ, որովհետև ցանկանում եմ զբաղվել նոր արդի տեխնոլոգիաներով կատարվող հետազոտությւոներով և դրանք կիրառել բժշկության մեջ՝ նպաստելով բժշկական գիտության առաջընթացին և օգտակար լինել մարդկանց առողջությանը»։