Հայաստանի լյարդաբանության և փոխպատվաստման ոլորտի առաջընթացը՝ Դելիում կայացած LTSICON 2025-ում

Հայաստանի լյարդաբանության և փոխպատվաստման ոլորտի առաջընթացը՝ Դելիում կայացած LTSICON 2025-ում

Հնդկաստանի Դելի քաղաքում նոյեմբերի 20-23-ն անցկացվել է լյարդի փոխպատվաստման ոլորտի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ LTSICON 2025 միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցել են  հազարից ավելի մասնագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Հայաստանից միջոցառմանը մասնակցել են Հայկական լյարդաբանության ասոցիացիայի նախագահ, «Երևան» բժշկագիտական կենտրոնի լյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը և ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ «ԲԿ»-ի տրանսպլանտ վիրաբույժ և փոխպատվաստման թիմի կոորդինատոր, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը։

Այս տարվա LTSICON-ի կենտրոնական թեմաներն էին՝ կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման նոր մեթոդաբանությունները, բարդությունների կանխարգելումն ու բուժումը, արհեստական ինտելեկտի ներգրավումը փոխպատվաստման գործընթացների մեջ, ինչպես նաև ռոբոտիկ վիրաբուժության կիրառումը լյարդի փոխպատվաստման ժամանակ։

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է երեք պոստերային և մեկ բանավոր զեկուց։ Հասմիկ Ղազինյանի բանավոր զեկույցը նվիրված էր պորտալ հիպերտենզիայի գնահատման այսօրվա ոչ ինվազիվ մեթոդներին, իսկ նրա պոստերային աշխատանքը՝ լյարդի փոխպատվաստումից հետո հղիության վարման առանձնահատկություններին և միջազգային փորձի համեմատությանը։

Դոցենտ Հայկ Հարությունյանը ներկայացրեց երկու պոստերային զեկույց, որոնք ընդգրկում էին Հայաստանում լյարդի փոխպատվաստման ընդհանուր արդյունքները, բարդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման մոտեցումները, ինչպես նաև հետփոխպատվաստումային վարման արդյունավետ մեխանիզմները։

Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի փորձն ու ներկայացված տվյալները՝ ընդգծելով մեր երկրի շարունակական առաջընթացը և միջազգային մոտեցումների հետ համաչափ զարգացումը։