Գայանե Աղաբաբյանը սովորում է Լևոն Հովհաննիսյան բժիշկ և գիտնական տեսակին նմանվելու ձգտմամբ

Գայանե Աղաբաբյանը սովորում է Լևոն Հովհաննիսյան բժիշկ և գիտնական տեսակին նմանվելու ձգտմամբ

Ընդհանուր բժշկության 6-րդ կուրսի ուսանող Գայանե Աղաբաբյանի համար Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակի արժանանալը մեծագույն պատիվ և պատասխանատվություն է: «Տեղեկացված լինելով Լևոն Հովհաննիսյանի մարդասիրական և ոլորտին նվիրված գործունեության մասին՝ ձգտում եմ ես ևս այդպիսին լինել»,-նշում է ապագա բժիշկը:

Նշենք, որ հայ թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, Հայաստանում թերապիայի և սրտաբանության հիմնադիր Լևոն Հովհաննիսյանի աշխատությունները նվիրված են ներքին բժշկության տարբեր հարցերին, մասնավորապես՝ սրտաբանությանը, վարակիչ հիվանդությունների ուսումնասիրմանը, գիտաբժշկական տերմինաբանությանը։ Հովհաննիսյանը առաջարկել է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ:

Ապագա բժիշկը տարրական դպրոցում սովորել է Երևանի թիվ 192 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, որտեղ սովորել է 4 տարի։ Վերադառնալով Հայաստան ուսումը շարունակել է 189, իսկ հետագայում՝ 118 ավագ դպրոցում։

«Ծնողներս մասնագիտությամբ ինժեներ են, մեր ընտանիքում ես լինելու եմ առաջին բժիշկը: Դպրոցական տարիներին ինձ հետաքրքրել են կենսաբանությունը, քիմիան: Այդ ժամանակից սկսեցի ուսումնասիրել բժշկությունը, դիտել բժշկական թեմաներով ֆիլմեր: Այս ամենը մեծապես ոգեշնչեց ինձ ընտրել բժշկի մասնագիտությունը և որոշեցի պատրաստվել բժշկական բուհ ընդունելությանը: Գիտակցում էի դժվարությունները, որոնք պետք է հաղթահարեմ սովորելիս, սակայն լի էի մեծ ոգևորությամբ»,-ասում է անվանական կրթաթոշակառուն:

Բժիշկ դառնալը, նրա համոզմամբ, հեշտ չէ, սակայն կարծում է՝ աշխատասիրության, մասնագիտության հանդեպ սիրո, մարդկանց օգնելու և դժվարին պահերին աջակցելու մեծ ցանկություն ունենալու դեպքում կարելի է հաղթահարել համալսարանական ուսումնառության ընթացքի բոլոր դժվարությունները։

Դրանք ուսանողի համար ավելի հաղթահարելի են՝ ընտանիքի և ընկերների մշտական աջակցության շնորհիվ:

«Շրջապատված լինելով հմուտ դասախոսներով և բժիշկներով՝ ձեռք եմ բերել նոր հատկանիշներ, որոնք ապագայում ինձ կօգնեն լինել ավելի սրտացավ և կշռադատող բժիշկ։ Բժշկությունից բացի, սիրում եմ զբաղվել նկարչությամբ և ընթերցել գեղարվեստական գրքեր»,-ընդգծում է բարձր առաջադիմություն ունեցող հերացիականը, ով հետբուհական կրթություն ստանալիս մտադիր է ընտրել ռևմատոլոգի մասնագիտությունը, քանի որ սիրում է ուսումնասիրել համակարգային հիվանդություններ։ Վստահ է՝ ոլորտում նորարարությունները հնարավորություն են տալիս բժշկին անընդհատ մտածել զարգանալու և կատարելագործվելու ուղղությամբ: