Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղը ամենատարածված երեք քաղցկեղներից մեկն է

Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղը ամենատարածված երեք քաղցկեղներից մեկն է

Մարտը ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս է: Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության մասին:

 Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ/ուղիղ աղիների քաղցկեղն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով այն ներկայումս քաղցկեղի երրորդ ամենատարածված տեսակն է և քաղցկեղի հետ կապված մահվան երկրորդ ամենատարածված պատճառն ամբողջ աշխարհում: Ամեն տարի ախտորոշվում է մոտ 1,9 միլիոն դեպք, բայց, ի տարբերություն շատ քաղցկեղների, կոլոռեկտալ քաղցկեղը կարելի է կանխել սկրինինգների միջոցով և բուժել վաղ հայտնաբերման դեպքում:

Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, իսկ ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Սակայն քաղցկեղի այս տեսակը համարվում է առավել հեշտ կանխարգելվող քաղցկեղներից մեկը, քանի որ այն հաճախ սկսվում է նախաքաղցկեղային պոլիպներից, որոնք կարող են հեռացվել մինչև չարորակ դառնալը:

Վաղ փուլերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանիշների, սակայն պետք է դիմել բժշկի, եթե նկատում եք.

  • Աղիների գործունեության փոփոխություն (փորկապություն կամ լուծ):
  • Արյան հետքեր կղանքում կամ ուղիղ աղիքից արյունահոսություն:
  • Մշտական ցավեր կամ անհանգստություն որովայնի շրջանում:
  • Անբացատրելի քաշի կորուստ և մշտական հոգնածություն:

Ապացուցված է, որ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման չափավոր ռիսկ ունեցող մարդկանց սկրինինգային զննումը նվազեցնում է մահացությունն ու նպաստում դեպքերի վաղ հայտնաբերմանը: FIT թեստերի միջոցով սկրինինգը ներկայումս առաջարկվում է Եվրոպայի խորհրդի և բժիշկների ամերիկյան քոլեջի կողմից 50-ից 74 տարեկան անձանց համար:

«Հերացի» վերլուծականն է փաստում, որ Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղը ամենատարածված երեք քաղցկեղներից մեկն է (կրծքագեղձի և թոքի քաղցկեղի հետ միասին): Ամեն տարի ախտորոշվում է շուրջ 700 նոր դեպք, որոնց 60%-ը ախտորոշվում է 3-րդ և 4-րդ փուլում։

Հայաստանում քաղցկեղի այս տեսակի զարգացման մեջ հատկապես կարևորվում է սննդակարգը: Կարմիր մսի (բաստուրման, խորոված), վերամշակված և ապխտած մսամթերքի չարաշահումը

բարձրացնում է հիվանդության ռիսկը 30-40%-ով: Բացի սխալ սննդակարգից այլ ռիսկի գործոններ են՝ ծխելը, ալկոհոլը, ավելորդ քաշը և ճարպակալումը,  ցածր ֆիզիկական ակտիվությունը: Այս ռիսկի գործոնները կարող ենք համարել վերահսկելի, սակայն կան նաև այնպիսի ռիսկի գործոններ ինչպիսիք են.

  • Տարիքը`

Ռիսկն աճում է տարիքի հետ՝ հատկապես 50-ից հետո։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին երիտասարդների շրջանում ևս նկատվում են այս հիվանդության դեպքեր։

  • Ժառանգական նախատրամադրվածությունը`

Եթե ընտանիքում (ծնող, քույր, եղբայր) եղել են հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքեր, ռիսկն ավելի բարձր է։

  • Գենետիկ մուտացիաները`

Որոշ ժառանգական գենետիկ խանգարումներ կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը

  • Աղիների քրոնիկ հիվանդությունները կամ պոլիպները`

 Խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:

Հայաստանում, ըստ 2025թ.-ի ՉՆ վիճակագրական տարեգրքի տվյալների, 100.000 բնակչի հաշվով, հաստ աղու քաղցկեղի հիվանդացությունը վերջին 10 տարվա կտրվածքով 2014թ.-ի 18.8 ցուցանիշից, տարեցտարի փոքրիշատե տատանվելով, 2024թ.-ին աճել է` դառնալով 21.0, իսկ տվյալ հիվանդության տարածվածության ցուցանիշը 2014թ.-ի 77.8-ից աճել է` դառնալով 140.9:

Նույն աղբյուրի համաձայն` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաստ աղու քաղցկեղի դեպքերն, ըստ 2024թ.-ի տվյալների, կազմել են կանանց մոտ 327 դեպք, տղամարդկանց մոտ 309:

Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ և վաղ շրջանում ախտորոշելու և բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու հաղթահարել։ Եղեք առողջ և իրազեկված: