Ցրված սկլերոզի համաշխարհային օրվան նվիրված տեղի ունեցավ հանդիպում-քննարկում պացիենտների հետ։ Մասնագետները հանդիպման ընթացքում խոսեցին հիվանդությանը վերաբերող կարևոր հարցերի մասին և ներկայացրին օգտակար տեղեկատվություն՝ բժշկական, վերականգնողական և հոգեբանական աջակցման տեսանկյունից։
Ցրված սկլերոզը (ՑՍ) կենտրոնական նյարդային համակարգի առավել ծանր քրոնիկական աուտոիմուն և նեյրոդեգեներատիվ հիվանդություններից է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ ախտահարում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի (աքսոնների) միելինային թաղանթը՝ դրանց պաշտպանիչ շերտը։ Արդյունքում խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է շարժողական, տեսողական, կոգնիտիվ և այլ խանգարումների զարգացման։
«Օրը նվիրված է մի թիրախային պաթոլոգիայի, որը կոչվում է ցրված սկլերոզ։ Բառը երբեմն մարդկանց շփոթմունքի մեջ է գցում, թե՝ դա տարեցների հիվանդություն է, բայց, ցավոք, երիտասարդների հիվանդությունը է, հաշմանդամության հիմնական պատճառներից է երիտասարդ տարիքում։ Հիվանդությունը գլոբալ խնդիր է ամբողջ աշխարհում, քանի որ չունի վերջնական լուծում: Հասարակության մեջ ծառացած է, որ տվյալ հիվանդությունը կապված է հիշողության կորստի հետ։ Այս հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություն է։ Դա կապ չունի տարիքային սկլերոզի հետ, իհարկե, հիշողության կամ այլ կոգնիտիվ խանգարումներ ևս կարող են տուժել այս հիվանդության ժամանակ, բայց չշփոթենք տարիքային փոփոխությունների հետ, որը առաջանում է մեծահասակ տարիքում»,-նշեց ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար
Նրա խոսքով՝ հիվանդության պատճառները հայտնի չեն բժշկությանը. «Դրա համար էլ չունենք պատճառական բուժում, բայց ունենք պաթոգենետիկ բուժում, որը վերականգնողական բուժման հետ չափազանց լավ արդյունքներ է դրսևորում ամբողջ աշխարհում։ Միջոցառման նպատակն է, որպեսզի պացիենտները բժիշկների հետ լինեն նույն հարթակում։ Նրանք կարողանան զգալ հոգեբանական աջակցություն և իմանան, որ բժիշկները միշտ պացիենտների կողքին են ամեն հարցում»։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնողաբան, բժշկական բուհի Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնի հրավիրված դասախոս Լուսինե Պողոսյանը ներկայացրեց «Վերականգնողական բուժման սկզբունքները և մոտեցումները» թեման՝ ընդգծելով հիվանդության ժամանակ դեղորայքային բուժման հետ զուգահեռ վաղ շրջանից վերականգնողական բուժման կարևորությունը:
«Բազմաթիվ խնդիրներ զարգացման տարբեր փուլերում շատ անհատական մոտեցման կարիք ունեն, և վերականգնողական բուժման հիմնական նպատակը ինքնուրույնության պահպանումն է: Կարևոր է հոգեբանական աջակցությունը պացիենտներին և իրենց ընտանիքների անդամներին բոլոր փուլերում։ Զարգացող հիվանդության ժամանակ ի հայտ է գալիս շարժողական դեֆիցիտ, շարժումների կարկամություն, ինչը բերում է հավասարակշռության, շնչառական, կլման ակտի խնդիրների՝ կախված նրանից, թե գլխուղեղի, ողնուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի որ զոնաներն են ներգրավված»,-ասաց նա։
ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարինե Սահակյանը խոսեց շատ հետաքրքիր թեմայի շուրջ՝ «Մարմնի և հոգեկանի փոխհարաբերակցումը ցրված սկլերոզի ախտորոշման դեպքում»:
«Մարմնի և հոգու կապը հազարամյակներ շարունակ համարվում է թերևս ամենահետաքրքիր և ամենախորհրդավոր թեմաներից, հնագույն ժամանակներից ի վեր մարդուն հետաքրքրել է այդ կապը: Յուրաքանչյուր զարկ գալիս է մեր օրգանից և հազարամյակներ առաջ, օրինակ, չինացիները բուժում էին շատ հիվանդություններ հաշվի առնելով մարդու հոգեվիճակը: Հոգեկանի և մարմնի զրույցը շատ յուրահատուկ է, և այնպես չէ, որ հազարամյակներ առաջ է միայն մարդկանց հետաքրքել, այլ շարունակվում է գիտական հետազոտության շրջանակներում հետաքրքրական լինել, բազմահազար հետազոտություններ են իրականացվում և հետաքրքիր արդյունքներ արձանագրվում»,-մանրամասնեց նա:
«Ցրված սկլերոզ ունեցող պացիենտները սովորաբար լինում են 20-25 տարեկան, և ամեն մի բժիշկ, երբ սկսում է աշխատել 20-25 տարեկան պացիենտի հետ, իր ամբողջ կյանքում շարունակում է վարել, բարեկամանալ, և սովորաբար բժիշկ-պացիենտ հարաբերությունները փոխակերպվում են ընկերության։ Միջոցառմանը ներկա են մեր այն պացիենտները, որոնց հետ աշխատում ենք տարիների ընթացքում, որոնց հետ մենք էլ ենք մեծանում և փորձառություն ձեռք բերում»,- հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը։
Պրոֆեսորի փոխանցմամբ՝ ցրված սկլերոզը բազմատեսակ հիվանդություն է, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր ախտորոշում և ընթացք ունի. «Այն ամեն մեկի մոտ ընթանում է շատ ինդիվիդուալ կերպով, մատնահետքի պես շատ սեփական է։ Որքան բժշկական գիտությունը զարգանում է, այնքան հեշտ է դառնում ախտորոշումը։ Կարևորագույն հարցերից է ճիշտ ախտորոշումը, ժամանակին և ճիշտ բուժումը։ Առայժմ չկա այդպիսի մի կախարդական դեղ, որ սկլերոզի ենթարկված օջախը քայքայի, նորից սարքի նորմալ ուղեղային հյուսվածք։ Վստահ եմ, տարիների ընթացքում դա էլ կլինի»։
Թեմաների ավարտին անցկացվեց ակտիվ հարցուպատասխան պացիենտների հետ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, կիսվելու անձնական փորձով և ստանալու մասնագիտական խորհուրդներ։
Քննարկումները ծավալվեցին հիվանդության ընթացքի, բուժման ժամանակակից մոտեցումների, վերականգնողական գործընթացի, ինչպես նաև հոգեբանական աջակցության կարևորության շուրջ։
Հանդիպումն անցավ բաց և ջերմ մթնոլորտում՝ ընդգծելով պացիենտների իրազեկվածության, փոխաջակցության և մասնագետ–պացիենտ համագործակցության կարևորությունը։