Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հուլիսի 6-ին ընդունեց Միացյալ Նահանգներից ժամանած առաջատար մասնագետների պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ռեկտորը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է այսպիսի կազմով առողջապահության և բժշկագիտության ոլորտներում ճանաչված հեղինակավոր մասնագետներ ընդունել: Մենք ակնկալում ենք, որ այս բովանդակային հանդիպումը կհանգեցնի երկարատև համագործակցության: Մեզ համար դա շատ կարևոր է` հաշվի առնելով այն նոր խնդիրները և մարտահրավերները, որոնք բժշկական համալսարանն այս պահին իր առջև դրել և հաղթահարում է: Միջազգային ծրագրային հավատարմագրումից հետո բուհն ունի նոր թիրախ` մասնակցել աշխարհի համալսարանների QS վարկանիշավորման գործընթացին»: Բացի հայտնի մարտահրավերներից, Արմեն Մուրադյանն առաջարկեց խոսել նաև այն մարտահրավերների մասին, որոնք բոլորին են հետաքրքիր, մասնավորապես` արհեստական բանականության: Նա տեղեկացրեց գործընկերներին, որ համալսարանն արդեն բացել է համապատասխան ամբիոն: «Մենք ակնկալում ենք, որ արհեստական բանականության և տվյալների հավաքագրման ոլորտներում կունենանք համընդհանուր գործունեություն: Դա կարող է լինել և’ ֆունդամենտալ բժշկության ոլորտում, և’ ստոմատոլոգիայում, և’ բուժական գործում: Մեզ համար կարևոր է, որպեսզի գիտությունը լինի կրթության անբաժան մասը, և մեր ուսանողները նույն ընկալելի և զարգացնող լեզվով խոսեն աշխարհի գիտնականների հետ», – ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը:
Միացյալ Նահանգներից ժամանած մասնագետների պատվիրակությունը գլխավորում էր արհեստական բանականության և բիոինֆորմատիկայի ոլորտի նորարար, հայազգի գիտնական Վահան Սիմոնյանը, որն աշխատել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունում (Food and Drug Administraion)` լինելով HIVE (Բարձր արդյունավետության ինտեգրված վիրտուալ միջավայր) հարթակի ճարտարապետը և առաջատար գիտնականը: FDA-ում նրա աշխատանքը կենտրոնացած էր նոր սերնդի սեկվենավորման (next generation sequencing) տվյալների կարգավորիչ մակարդակի, լայնածավալ վերլուծության հնարավորություն ընձեռելու վրա, ինչպիսիք են պաթոգենների հայտնաբերումը, գենոմային հսկողությունը և ախտորոշիչ տեխնոլոգիաների գնահատումը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վահան Սիմոնյանը շեշտեց. «Մեր թիմի թիվ մեկ առաքելությունն է այնպես անել, որ արտասահմանցի փորձագետները սիրեն Հայաստանը: Երկրորդ նպատակն է հասկանալ` ինչպես օգտագործել այս թիմի ինտելեկտուալ ներուժը և ռեսուրսները Հայաստանին օգտակար լինելու համար: Մեր պատվիրակությունը ներառում է փորձագետների տարբեր ոլորտներից` ցողունային բջիջների, ԱԲ տեխնոլոգիաների, կախվածությունների, ստոմատոլոգիայի, կարգավորվող համաճարակաբանության ոլորտներում հետազոտությունների, ինչպես նաև բժշկական սարքավորումների լավագույն օգտագործման, վերքերի և վնասվածքների ռեգեներացիայի, հյուսվածքի բուժման տեսանկյունից»:
Հաջորդ նպատակը, նրա փոխանցմամբ, ճիշտ և թիրախային մարդկանց միջև օգտակար կապեր ստեղծելն է, որպեսզի համագործակցությունը վերաճի երկարատև աշխատանքների:
Ռեկտոր Արմեն Մուրադյանն առանձնացրեց հետագա փոխգործակցության մի շարք հստակ ոլորտներ` մեծ տվյալներ, նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն. «Եվ այս 3 գործիքով հիմնական ուղղությունները` ֆունդամենտալ բժշկություն, էպիդեմիոլոգիա և հանրային առողջապահություն, ստոմատոլոգիա և իմպլանտոլոգիա, և, իհարկե, մեր առօրյա բժշկությունը, որը մենք իրականացնում ենք համալսարանական հիվանդանոցներում: Առանձնահատուկ կուզենայի նշել սննդաբանությունը` նուտրիցիոլոգիան, և դեղերի փորձարկումները, մասնավորապես` կլինիկական հետազոտությունները, դրանց իրավական հիմքերը: Այսօրվա ցանցային կյանքում այս ամենն անելու համար պետք է ուղղակի մեծ ցանկություն, ինչի մասին էլ վկայում է ձեր այսօրվա այցը»:
Ներկայացուցչական պատվիրակության կազմում էին հետևյալ մասնագետները.
Դանիկա Մարինաց-Դաբիչ. բժիշկ, համաճարակաբան, ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության սարքավորումների և ռադիոլոգիական առողջության կենտրոնի (CDRH) ավագ ղեկավար, աշխատում է որպես Կլինիկական ապացույցների և վերլուծության գրասենյակի փոխտնօրեն, ղեկավարում է Համաճարակաբանության բաժինը: Նրա աշխատանքը կենտրոնացած է բժշկական սարքերի կարգավորման գիտության զարգացման վրա՝ իրական աշխարհի ապացույցների, լայնածավալ կլինիկական գրանցամատյանների և միջազգային տվյալների համագործակցության միջոցով, ներառյալ FDA-ի բժշկական սարքերի համաճարակաբանական ցանցի (MDEpiNet) հիմնադրումը և օրթոպեդիկ, սիրտ-անոթային ոլորտներում գլոբալ գրանցամատյանների նախաձեռնությունների ղեկավարումը:
Ջեյ Սամուելս. ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ոլորտի կլինիցիստ, որը զբաղվել է հյուսվածքների բուժման կենսաբանորեն հիմնավորված մոտեցումների զարգացմամբ, ներառյալ թրոմբոցիտներով հարուստ ֆիբրինի (PRF) օգտագործումը: PRF-ը պացիենտի արյունից ստացված բիոմատերիալ է, որը ցենտրիֆուգացվում է՝ թրոմբոցիտները, լեյկոցիտները և աճի գործոնները ֆիբրինային մատրիցի մեջ կենտրոնացնելու համար, ինչն էլ նպաստում է վերքերի բուժմանը և հյուսվածքների վերականգնմանը:
Ջասթին Մաքմիլեն. կախվածության բժշկության և առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ, որը հայտնի է կլինիկական պրակտիկան համակարգային մակարդակի նորարարությունների հետ ինտեգրելով՝ ի նպաստ թմրամոլության խանգարումների բուժման հասանելիության ընդլայնման: Նա ներգրավված է եղել խնամքի այնպիսի մոդելների զարգացման գործում, որոնք համատեղում են բժշկությունը, ամբուլատոր ծառայությունները և համայնքային գործընկերությունը:
Ջիմ Սևի. բժշկական սարքավորումների առաջատար մասնագետ, աշխատել է Medtronic ընկերությունում` կլինիկական ռազմավարության, արտադրանքի մշակման և կարգավորումների խաչմերուկում, խոշոր միջազգային ընկերություններում աշխատանքային հարուստ փորձով նա ներկայացնում է գործնական, ներդրման վրա կենտրոնացած տեսանկյուն այն մասին, թե ինչպես են կլինիկական ապացույցները ստեղծվում և վերածվում հաստատված, կիրառելի բժշկական տեխնոլոգիաների:
Փոխգործակցության ընդլայնմանն ուղղված արդյունավետ հանդիպումը շարունակվեց բժշկական բուհի ռեկտորատի դահլիճում` առավել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկման ձևաչափով, որի ընթացքում համալսարանականների կողմից առարկայական առաջարկներ հնչեցին առողջապահության տարբեր ասպեկտներում համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: