Ցավով տեղեկացանք, որ օգոստոսի 31-ին 87 տարեկանում կյանքից հեռացավ Նոբելյան մրցանակակիր, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, իսրայելցի գիտնական, քիմիկոս, բյուրեղագետ, մոլեկուլյար կենսաբան Ադա Յոնաթը:
Գիտնականն առավել հայտնի է ռիբոսոմների (բջջի սպիտակուց սինթեզող օրգանոիդների) կառուցվածքի և ֆունկցիոնալ ուսումնասիրության իր հեղափոխական աշխատանքներով: Նա առաջինն է օգտագործել սպիտակուցային բյուրեղագրության ցածր ջերմաստիճանի եղանակը։ Ադա Յոնաթի` տասնամյակներ տևած գիտական ճանապարհորդությունը սկսվեց բնության ամենաբարդ կենսաբանական մեքենաներից մեկի աշխատանքի վերծանմանն ուղղված հիմնարար հետազոտություններով: Հետագայում նրա հետազոտությունները հանգեցրին որոշակի հակաբիոտիկների աշխատանքի ըմբռնմանը՝ նպաստելով ավելի առաջադեմ հակաբիոտիկների մշակմանը և հակաբիոտիկակայուն մանրէների դեմ պայքարին, որը 21-րդ դարի ամենահրատապ բժշկական մարտահրավերներից մեկն է:
Ադա Յոնաթը ծնվել է 1939թ. հունիսի 22-ին` Երուսաղեմում: Ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ 1962թ. ստանալով բակալավրի կոչում քիմիայի ոլորտում, այնուհետև ստացել է կենսաքիմիայի բնագավառում մագիստրոսի կոչում: 1970թ. Յոնաթը Իսրայելում հիմնել է պրոտեինով բյուրեղագիտության առաջին լաբորատորիան: Նա Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի բիոմոլեկուլյար կառուցվածքի Հելեն և Միլթըն Կիմելման կենտրոնի տնօրենն էր:
2009 թվականին պրոֆեսորը ռիբոսոմների կառուցվածքային և ֆունկցիոնալ ուսումնասիրությունների համար Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ արժանացավ Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ դառնալով իսրայելցի 10 նոբելյան մրցանակակիրներից առաջին իսրայելցի կինը, որն արժանանում է Նոբելյան մրցանակի, ինչպես նաև Միջին Արևելքից առաջին կին Նոբելյան մրցանակակիր գիտնականը:
2016 թվականի ապրիլի 12-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակում Ադա Յոնաթը հինգ Նոբելյան մրցանակակիրների շարքում կիսվեց իր հարուստ փորձով և գիտելիքով:
Կարևոր այս միջոցառումը, ինչպես նաև անվանի գիտնականն իր վառ, տարբերվող բնավորությամբ, համալսարան կատարած այցով կմնա բժշկական բուհի տարեգրության կարևոր էջերում: