Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Լոս Անջելեսի մանկական առաջատար` Children’s Hospital Los Angeles (CHLA) հիվանդանոցի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Հանդիպման հիմնական նպատակն էր ձևավորված համագործակցությունն ամրապնդել ինստիտուցիոնալ մակարդակում` ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև քննարկել գործակցության հաջորդ փուլերը` առաջնահերթ ուշադրություն դարձնելով մանկաբուժական կրթության զարգացմանը:
Մասնավորապես 2026 թվականի նոյեմբերին (նոյեմբերի 2-ից 26-ը) հաստատված է ԵՊԲՀ մանկաբուժության դպրոցի 5 ուսանողի այցը Children’s Hospital Los Angeles:
Այցը նախատեսվում է որպես կրթական ու մասնագիտական փորձառություն` հնարավորություն տալով ուսանողներին ծանոթանալ ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցներից մեկի կլինիկական միջավայրին, մասնագիտական մոտեցումներին և մանկաբուժության կրթության կազմակերպմանը:
Փաստացի, ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը ոչ թե համագործակցության մեկնարկ է, այլ արդեն ձևավորված գործնական գործընկերության ամրագրում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, մասնակիցներին համագործակցության նոր ձևաչափը կյանքի կոչելու համար, որի հիմքը դրվել է ԱՄՆ իր վերջին այցի ընթացքում և շարունակվել Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի համակարգմամբ:
Ռեկտորը հատկապես կարևորեց ստորագրվող փաստաթուղթը երեխաների առողջության պահպանման դիտակետից` ներկայացնելով գործընկերներին նաև այն հաջողությունները, որն արձանագրել է մեր երկիրը մանկաբուժության տարբեր ուղղություններում:
Նա CHLA-ը դիտարկվեց ոչ որպես առանձին ծրագրի գործընկեր, այլև որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր մանկաբուժական կրթության զարգացման գործում:
Տեղեկացնելով արտերկրի գործընկերներին հաջորդ տարվա հուլիսի 8-ից 10-ը Երևանում կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ին` (AMWC2027)-ի մասին բժշկական բուհի ղեկավարը կարևորեց հիվանդանոցի թիմի ակտիվ մասնակցությունը` նշեց, որ համագումարն իր ղեկավարությամբ ընդգրկելու է նաև արդի մանկաբուժական մասնագիտական թեմաներ:
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքի Ակնաբուժական ծառայության գծով և Ուսումնական հարցերով փոխտնօրեն, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեկի բժշկության դպրոցի կլինիկական ակնաբուժության դոցենտ (Keck School of Medicine of USC) Թոմաս Լին պատմեց, որ իրենց հիվանդանոցը Գլենդելի հարևանությամբ է, որտեղ մեծ հայ համայնք կա և նա իր պրակտիկայում հաճախ է առնչվում հայազգի պացիենտների հիվանդությունների վարման հետ:
Մասնակիցները փաստեցին, որ երկու հաստատության միջև արդեն ձևավորվել են գործնական համագործակցության պայմանավորվածություններ մանկաբուժական կրթության ուղղությամբ:
Այսպիսով, կողմերը պատրաստակամ են խթանել հետագա համագործակցությունը մանկաբուժական կրթության ոլորտում և ուսումնասիրել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՊԲՀ մանկաբուժական կրթական ծրագրի զարգացմանը:
Հետագայում նախանվշում է մանկաբուժական կրթական ծրագրի համակարգային զարգացումը` CHLA-ի փորձի և մասնագետների ներգրավմամբ:
Նշենք, որ Children’s Hospital Los Angeles-ը ԱՄՆ-ի առաջատար մանկական ակադեմիական բժշկական կենտրոններից է՝ հիմնադրված 1901 թվականին։ Հիվանդանոցը մասնագիտացած է երեխաների բժշկական և վիրաբուժական բազմաբնույթ ծառայությունների մատուցման, ինչպես նաև մանկաբուժության ոլորտում կրթական և գիտահետազոտական գործունեության իրականացման մեջ։
Հիվանդանոցում գործում են հարյուրավոր մասնագիտացված ծրագրեր և ծառայություններ, իրականացվում են բազմաթիվ կլինիկական հետազոտություններ։
Children’s Hospital Los Angeles-ը միջազգային համագործակցության լայն շրջանակ ունի և բժշկական օգնություն է տրամադրում աշխարհի տարբեր երկրներից ժամանող երեխաներին՝ միաժամանակ զարգացնելով մանկաբուժության տարբեր ուղղություններով մասնագիտական և գիտական համագործակցությունը։