Հոկտեմբերը`կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

Հոկտեմբերը`կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը միջազգային առողջապահական արշավ է, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին: Հիմնական նպատակներն են բնակչության իրազեկվածության բարձրացումը և վարքի փոփոխության խթանումը` կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար, սկրինինգը` հիվանդության ռիսկի նվազեցման համար, առողջապահության մատչելիության բարելավման խթանումը, և կյանքի փորձ ունեցող մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորումը:

Այս տարի «վարդագույն» հոկտեմբեր արշավի թեման նույնն է ինչ 2025թ.-ի թեման` «Յուրաքանչյուր պատմություն եզակի է, յուրաքանչյուր անցած ճանապարհ` կարևոր»։

Խորագիրը վկայում է այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված յուրաքանչյուրի փորձառությունը տարբեր է։ Յուրաքանչյուր ախտորոշման հետևում կանգնած են մարդիկ, ընտանիքներ և յուրահատուկ անցած ուղի։ Մարդիկ կարող են բախվել տարբեր մարտահրավերների՝ կախված ախտորոշումից, բուժումից, աջակցության համակարգերից և բուժօգնության հասանելիությունից։

Կրծքագեղձի քաղցկեղին առնչվող յուրաքանչյուր անձ արժանի է աջակցության և արժանապատիվ վերաբերմունքի։ Եվ յուրաքանչյուր ոք, անկախ բնակության վայրից, պետք է հնարավորություն ունենա ստանալու անհրաժեշտ բուժօգնություն։

 Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ հիմնական վիճակագրական տվյալները՝ աշխարհում և Հայաստանում «Հերացի» վերլուծականն է ներկայացնում:

Ըստ գլոբալ վիճակագրության կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակն է կանանց շրջանում` աշխարհի ավելի քան 160 երկրներում:  Տարեկան աշխարհում ախտորոշվում է շուրջ 2,4 միլիոն նոր դեպք, և արձանագրվում է մոտ 670,000–690,000 մահ:  Զարգացած երկրներում 8 կնոջից 1-ը (մոտ 12-13%) իր կյանքի ընթացքում բախվում է այս ախտորոշման հետ:  Թեև հազվադեպ, սակայն կրծքագեղձի քաղցկեղ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ (բոլոր դեպքերի 1%-ից պակասը):

Հայաստանյան տվյալներով այն առաջնային տեղ է զբաղեցնում կանանց ուռուցքային հիվանդությունների շարքում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է 1-ին տեղը կանանց մոտ թե՛ հիվանդացության (նոր դեպքերի) և թե՛ մահացության ցուցանիշով: Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 1,100 – 1,300 նոր դեպք: Ցավոք, դեպքերի զգալի մասը դեռևս ախտորոշվում է 3-րդ կամ 4-րդ փուլերում:

Սա է հիմնական պատճառը, որ Հայաստանում մահացության հարաբերակցությունը հիվանդացության նկատմամբ ավելի բարձր է, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Ապրելիության ցուցանիշը՝ ըստ ախտորոշման փուլի ունի հետևյալ վիճակագրությունը. ապրելիության 5-ամյա ցուցանիշը (թե պացիենտների քանի տոկոսն է ապրում ախտորոշումից հետո առնվազն 5 տարի) ուղղակիորեն կախված է նրանից, թե որ փուլում է հիվանդությունը հայտնաբերվել:  5-ամյա ապրելիության մակարդակը I փուլում (տեղային/վաղ) կազմում է 99%, II փուլում` շուրջ 90-93%, III փուլում` (տարածված հյուսվածքներում) մոտ 75%, IV փուլում` (մետաստատիկ)  ընդամենը 30%:

Քաղցկեղի առաջացմանը նպաստում են մի շարք ռիսկի գործոններ: Ռիսկի գործոններից մեկը տարիքն է․ ռիսկը զգալիորեն մեծանում է 40-50 տարեկանից բարձր կանանց մոտ (թեև վերջին տարիներին նկատվում է երիտասարդացման միտում):  Ժառանգականությունը նույնպես մեծ դեր ունի. դեպքերի 5-10%-ը պայմանավորված է ժառանգական գենետիկ մուտացիաներով (ամենահայտնիները՝ BRCA1 և BRCA2 գեներն են):  Մեկ այլ ռիսկի գործոն է ապրելակերպը․ ծխելը, ալկոհոլի կանոնավոր օգտագործումը, ֆիզիկական ցածր ակտիվությունը և ճարպակալումը բարձրացնում են հիվանդանալու ռիսկը:

Ըստ ԱՀԿ-ի որդեգրած քաղաքականության` բոլոր երկրները պետք է ձգտեն տարեկան 2,5%-ով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը՝ այդպիսով նախադրյալներ ստեղծելով մինչև 2040 թվականը կրծքագեղձի քաղցկեղից 2,5 միլիոն մահվան դեպք կանխելու համար։ Սա իրագործելի է՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ծառայությունները ներառելով առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի շրջանակում տրամադրվող հիմնական ծառայությունների փաթեթում և դրանք հասանելի դարձնելով պետական ​​բուժհաստատություններում։

Ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ապրելիության ցուցանիշների առումով էական անհավասարություններ են պահպանվում։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո առնվազն հինգ տարի ապրելու հավանականությունը կանանց շրջանում կազմում է 41%, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 87% է։ Կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի շուրջ 70%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ վաղ հայտնաբերման, ժամանակին ախտորոշման և համապարփակ բուժման հասանելիությունը սահմանափակ է։

Յուրաքանչյուր ոք, աշխարհի ցանկացած կետում, պետք է ունենա կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելու հավասար հնարավորություն։

Ճիշտ քաղաքականության, ծառայությունների և ներդրումների շնորհիվ երկրները կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերը և բարելավել պացիենտների ապրելիության ցուցանիշները։