Մեկնարկել է «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի 6-րդ հոսքի ընդունելությունը

Մեկնարկել է  «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի 6-րդ հոսքի ընդունելությունը

«Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակը ստեղծվել է առաջին հերթին ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու և գործնական հմտությունները զարգացնելու համար։

«Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հաճախ ունենում են տեսական լավ պատրաստվածություն, սակայն վիրաբուժական միջավայրում գործելու, գործիքներին տիրապետելու, վիրահատական թիմի աշխատանքը հասկանալու և կլինիկական որոշումների կայացման գործընթացին ծանոթանալու հնարավորությունները սահմանափակ են։ Հարթակի նպատակն է վաղ փուլից ուսանողներին ներգրավել վիրաբուժական կրթության մեջ՝ ապահովելով համակարգված, փուլային և գործնական ուսուցում։ «Լանցետը» նախատեսված է ԵՊԲՀ քոլեջից մինչև կլինիկական օրդինատորների համար։ Ծրագրում ընդգրկված են նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները»,-նշում է «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի մենթոր Թագուհի Էլոյանը:

Ծրագրի կրթական մոդելը տարբերվում է՝  ըստ կուրսերի: Քոլեջի ուսանողներն ուսումնասիրում են քույրական գործ, 1-3-րդ կուրսի ուսանողները ձեռք են բերում բազային վիրաբուժական գիտելիք: Բարձր կուրսի ուսանողները բազային վիրաբուժական հմտությունները զարգացնելուց հետո անցնում են խորացված ուսուցում՝  նեղ մասնագիտական վիրաբուժական և հարվիրաբուժական բաժանմունք ընտրելով։

 «Ծրագիրն այս դեպքում բաղկացած է երեք փուլից՝ բազային վիրաբուժական և անեսթեզիոլոգիական գիտելիքի ստացում. ուսանողները ձեռք են բերում վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի հիմունքներ, ծանոթանում վիրահատական միջավայրին, անվտանգության սկզբունքներին և հիմնական գործնական հմտություններին։ Հաջորդ փուլով նախատեսված է մասնագիտացված գործնական ուսուցում: Ուսանողները մասնակցում են կոնկրետ վիրաբուժական բաժանմունքներում կազմակերպվող պարապմունքների՝ ծանոթանալով տարբեր վիրաբուժական ուղղություններին և դրանց աշխատանքային առանձնահատկություններին»,-ասում է Թագուհի Էլոյանը։

3-րդ փուլով իրականացվում է կլինիկական և հարակից մասնագիտական խորացված ուսուցում, որը շարունակվում է վիրաբուժական և հարակից բաժանմունքներում՝ նպատակ ունենալով զարգացնել ուսանողների գործնական պատրաստվածությունը, թիմային աշխատանքի հմտությունները և մասնագիտական կողմնորոշումը։ Ավարտից հետո ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու իրենց մասնագիտական զարգացումը «Թամազյան» վիրաբուժական դպրոցում։

Այս պահին մեկնարկել է 2026-2027 թվականի ընդունելությունը ԵՊԲՀ քոլեջի և համալսարանի բոլոր կուրսերի ուսանողների համար.

«Հարթակի գործունեությունը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. վիրաբուժական կրթություն, ուսանողների տեսական գիտելիքի ամրապնդում և գործնական հմտությունների զարգացում՝ վիրաբուժական բաժանմունքներում կազմակերպվող պարապմունքների միջոցով։ 2-րդն անեսթեզիոլոգիա և հարվիրաբուժական բժշկություն, այսինքն՝ ուսանողների ծանոթացում անեսթեզիոլոգիական անվտանգության, պացիենտի նախավիրահատական գնահատման, մոնիթորինգի և նախավիրահատական վարման սկզբունքներին»:

Թագուհի Էլոյանի խոսքով՝ հաջորդը կլինիկական մասնագիտական կողմնորոշումն է. ուսանողներին հնարավորություն է տրվում  ծանոթանալու տարբեր վիրաբուժական և հարվիրաբուժական մասնագիտություններին՝ ապագա մասնագիտական ընտրությունն ավելի գիտակցված կատարելու համար։

Ինչ վերաբերում է շարունակական մասնագիտական զարգացմանը. նախատեսված է  «Լանցետ»-ից հետո «Թամազյան» վիրաբուժական դպրոցում ուսուցումը շարունակելու հնարավորության միջոցով ձևավորել կրթական շարունակական ուղի։

 «Արդեն ձևավորված է ծրագրի եռափուլ կրթական կառուցվածքը, սահմանված է թիրախային խումբը և նախատեսված է կրթական շարունակական ուղի։  Ծրագիրը գործում է գրեթե 6 տարի, որի ընթացքում մոտ 400 ուսանող ծանոթացել է վիրաբուժությանը և ունեցել մասնագիտական կողմնորոշում: Նրանցից շատերը այժմ կլինիկական օրդինատոր են, ոմանք ավարտել են և գործող բժիշկներ են»,-ընդգծում է Էլոյանը։

Ծրագիրը չի սահմանափակվում միայն արտադասաժամյա դասընթացներով:

 «Եղել են և՛ ներհամալսարանական, և՛ արտահամալսարանական բազմաթիվ համագործակցություններ,  որոնք համախմբել են ուսանողներին և բժիշկներին: Շատ մեծ կարևորություն ունեն նաև ժամանակակից վիրաբուժությանը և հեռանկարներին, առկա բացերին նվիրված նեղ մասնագիտական և միջդիսցիպլինար կոնֆերանսները, որոնց հնարավորություն են ստացել մասնակցելու նաև այն ուսանողները ովքեր դեռ չեն մասնակցել ծրագրի դասընթացներին: Ծրագրի հիմքում ընկած է ուսանողը ուսանողին դասավանդման մեթոդը. կլինիկական փորձ և որոշակի մասնագիտական հմտություններ ունեցող ուսանողները փոխանակվում են իրենց գիտելիքներով կրտսեր սերնդի հետ»,-շեշտում է ծրագրի մենթորը:

Այժմ միջազգային վիրաբուժական այս ծրագրով ակտիվ գործունեություն է ծավալում ցածր և բարձր կուրսերի մոտ  30 ուսանող:

Ուսանողներն անցնում են համապատասխան վերապատրաստում՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ վիրաբուժական կրթական գործընթացին ակտիվորեն մասնակցելու, ուսումնական պարապմունքներին աջակցելու համար։ Կրթական այս նախաձեռնությունը շարունակաբար ընդլայնում է իր միջազգային համագործակցության շրջանակը։

 «Համագործակցում ենք ինչպես ԱՊՀ,  այնպես էլ Եվրոպական և Ամերիկյան բժշկական բուերի հետ։ Դասավանդման նման մոդելը յուրահատուկ է ինչպես Հայասատնում, այնպես էլ արտասահմանում»,-նշում է Էլոյանը՝ հավելելով, որ, միաժամանակ, Հայաստանը կարող է միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացնել սեփական կլինիկական փորձը, բժշկական կրթական մոդելները, մասնագետների պատրաստման հնարավորությունները և հայաստանյան բժշկական կենտրոնների մասնագիտական ներուժը։

ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորի համակարգմամբ գործունեություն ծավալող «Լանցետ»-ի թիմը շեշտում է, որ իրենց համար կարևոր է ձևավորել այնպիսի համագործակցություն, որտեղ Հայաստանը հանդես կգա ոչ միայն որպես գիտելիք և փորձ ստացող կողմ, այլև որպես սեփական փորձն ու մասնագիտական ներուժը ներկայացնող գործընկեր։

Ըստ ծրագրի մենթոր Թագուհի Էլոյանի, գործնական վիրաբուժական կրթության միջոցով պատրաստվող ապագա բժիշկները հնարավորություն կունենան ավելի վաղ ձեռք բերելու կլինիկական միջավայրում աշխատելու փորձ, զարգացնելու թիմային աշխատանքի, պացիենտի անվտանգության և մասնագիտական պատասխանատվության հմտությունները։ Սա կարող է երկարաժամկետ հեռանկարում նպաստել ավելի պատրաստված վիրաբուժական կադրերի ձևավորմանը, վիրահատական թիմերի արդյունավետությանը և բուժօգնության որակի բարձրացմանը։ Հարթակի ազդեցությունը կախված կլինի այն վիրաբուժական բաժանմունքներից, որոնցում ուսանողները կանցնեն ուսուցումը։

Բաժանմունքները 9 են՝ որովայնային, կրծքային, անոթային վիրաբուժություն, միկրովիրաբուժություն, աչքի վիրաբուժություն, տրավմատոլոգիա, օպերատիվ գինեկոլոգիա, անեսթեզիոլոգիա, ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն: