Հայաստանի առաջին բժշկական գրադարանը ԵՊԲՀ գրադարանն է. հոկտեմբերի 7-ը` գրադարանավարի օր

Հայաստանի առաջին բժշկական գրադարանը ԵՊԲՀ գրադարանն է. հոկտեմբերի 7-ը` գրադարանավարի օր

Հայաստանում Գրադարանավարի օրը պաշտոնապես նշվում է հոկտեմբերի 7-ին: Տոնը պաշտոնապես սահմանվել է 2004 թվականի ապրիլին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Օրվա հիմնական խորհուրդը գրքի, գիտելիքի և ընթերցանության արժևորումն է, ինչպես նաև գրադարանավարների կարևոր դերի և երկարամյա ավանդի մեծարումը։

Բժշկական գրադարանների պատմությունը սկիզբ է առնում մարդկության պատմության վաղ շրջանից և սերտորեն կապված է բժշկագիտության ու ընդհանուր գրադարանային գործի զարգացման հետ։ Դրանք անցել են երկար ճանապարհ՝ կավե սալիկներից մինչև թվային տեղեկատվական հսկայական կենտրոններ։

Թեմային օրվա շրջանակում «Հերացի» վերլուծական կենտրոնն է անդրադառնում:

Բժշկական գրառումներ պարունակող առաջին կավե սալիկները հայտնաբերվել են դեռևս մ.թ.ա. 2000 թվականին Միջագետքում և Հին Եգիպտոսում։ Հին Հունաստանում Ասկլեպիոսի տաճարներին կից գործում էին հավաքածուներ, որտեղ պահվում էին հիվանդությունների պատմություններն ու բուժման մեթոդները։ Միջնադարում բժշկական գիտելիքի հիմնական պահապանները վանքերն էին։ Սկսած 12-րդ դարից՝ Եվրոպայում առաջին համալսարանների (օրինակ՝ Սալեռնոյի կամ Մոնպելյեի բժշկական դպրոցների) հիմնադրմամբ ստեղծվեցին մասնագիտացված բժշկական գրքերի հավաքածուներ։ Տպագրության գյուտը և 1500-ականների գիտական առաջընթացը հանգեցրին բժշկական գրականության կտրուկ աճի։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին Եվրոպայում և ԱՄՆ-ում բժշկական ընկերություններն ու հիվանդանոցները սկսեցին հրապարակել իրենց գրադարանների տպագիր հավաքածուները։

ԱՄՆ Բանակային վիրաբույժի գրասենյակի գրադարանի հիմնումը 1836 թ․-ին շրջադարձային կետ էր բժշկական գրադարանների համաշխարհային պատմության մեջ։ Այս հաստատությունը վերածվեց աշխարհի խոշորագույն բժշկական հավաքածուի, որի հիման վրա հետագայում (1956 թ.) ձևավորվեց ԱՄՆ Բժշկության ազգային գրադարանը (NLM)։ 1960-ականներին ստեղծվեց MEDLINE համակարգը՝ բժշկական հոդվածների առաջին էլեկտրոնային շտեմարաններից մեկը, որը հեղափոխեց բժիշկների և հետազոտողների աշխատանքը։ Այսօր գրադարանները հիմնականում թվային են՝ ապահովելով հասանելիություն PubMed-ին և այլ միջազգային գիտական հարթակներին։

 Համացանցային հեղափոխությունը տեղի ունեցավ 1996թ.-ին, երբ ստեղծվեց PubMed անվճար որոնողական համակարգը, որը թույլ տվեց աշխարհի ցանկացած կետից մուտք գործել MEDLINE-ի տվյալների բազա: Այսօր PubMed-ը ներառում է ավելի քան 36 միլիոն կենսաբժշկական հոդվածների ամփոփագրեր և հանդիսանում է աշխարհի թիվ 1 բժշկական գործիքը:

 Մյուս խոշոր բժշկական էլեկտրոնային գրադարանը Քոքրեյնյան գրադարանն է (Cochrane Library), որը հիմնադրվել է 1993 թ.-ին և անվանակոչվել բրիտանացի համաճարակաբան Արչի Քոքրեյնի (Archie Cochrane) պատվին, ով կոչ էր անում բժշկական որոշումներ կայացնելիս հիմնվել միայն ապացուցված փաստերի վրա: Cochrane Library-ն չի հավաքում ուղղակի հոդվածներ, այն մասնագիտացած է համակարգային վերլուծությունների մեջ: Գիտնականների խմբերը հավաքում են աշխարհի բոլոր հետազոտությունները որևէ դեղամիջոցի կամ բուժման մեթոդի մասին, վերլուծում դրանք և տալիս վերջնական եզրակացություն՝ արդյունավե՞տ է այն, թե՞ ոչ:            Հայաստանում բժշկական գրադարանների նախատիպերը եղել են միջնադարյան վանքերի (Հաղպատ, Սանահին, Գլաձոր, Տաթև) գրատներն ու մատենադարանները: Դրանցում պահվող հարուստ հավաքածուները դարերի ընթացքում ենթարկվել են ավերածությունների, սակայն փրկված ձեռագրերն այսօր հանգրվանել են Մաշտոցյան Մատենադարանում։ Հայ դասական բժշկության հիմնադրի` Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» (1184 թ.) աշխատությունը գրվել է ժամանակի խոսակցական լեզվով, որպեսզի հասանելի լինի բոլոր բժիշկներին: Դարեր շարունակ այս գիրքը եղել է հայ բժիշկների գլխավոր ձեռնարկը, արտագրվել է տասնյակ անգամներ և խնամքով պահվել վանական գրադարաններում: Ամիրդովլաթ Ամասիացու (15-րդ դար) «Անգիտաց անպետ» (1482 թ.) հանրագիտարանային աշխատությունը պարունակում է ավելի քան 3500 դեղաբույսերի, կենդանական և հանքային դեղամիջոցների անուններ՝ 5 լեզվով (հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն):

Ցեղասպանության և պատերազմների ժամանակ հայ գաղթականներն ու վանականները սեփական կյանքի գնով փրկում և տեղափոխում էին այս գրքերը: Էջմիածնի մատենադարանի հիման վրա 1959 թվականին Երևանում կառուցվեց Մատենադարանի շենքը, որտեղ այսօր հատուկ պայմաններում (կայուն ջերմաստիճան և խոնավություն) պահվում են շուրջ 300 հնագույն բժշկական ձեռագրեր և պատառիկներ:

Հայաստանում մասնագիտացված բժշկական գրադարանների ձևավորումը սերտորեն կապված է 20-րդ դարի առաջին կեսին հանրապետությունում բժշկական կրթության և առողջապահական համակարգի կայացման հետ։  Հայաստանի առաջին բժշկական գրադարանը ԵՊԲՀ-ի գրադարանն է։  Այն սկսել է գործել ընդամենը 5,500 գրքով։

Գրադարանն այժմ վերակառուցման մեծ ճանապարհ է անցնում: «Կերոն» զարգացման հիմնադրամը զարգացման և աջակցության նախաձեռնությունների շրջանակում կյանքի է կոչում այս մասշտաբային նախաձեռնությունը` նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից գրադարան, որը կծառայի ուսանողների կրթական ձգտումներին, կխթանի գիտահետազոտական աշխատանքները և կբարձրացնի Երևանի պետական բժշկական համալսարանի հեղինակությունը՝ որպես բժշկական կրթության առաջատար հաստատություն մեր երկրում: