Բերանի խոռոչի առողջությանը նվիրված դասախոսություն և ինտերակտիվ խաղ-վարժություն անվանի մասնագետ Մայրոն Ալլուքյանի կողմից

Բերանի խոռոչի առողջությանը նվիրված դասախոսություն  և ինտերակտիվ խաղ-վարժություն  անվանի մասնագետ Մայրոն Ալլուքյանի կողմից

Ստոմատոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետների, դասախոսներ և ուսանողների մասնակցությամբ դասախոսությանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը` ողջունելով հյուրերին «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ԲԲՀԿ) գործադիր տնօրեն Լիանա Սարգսյանին և ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ Հրանտ Տեր-Պողոսյանին։

Լազար Եսայանը ներկայացրեց նաև օրվա բանախոսի՝  վաստակաշատ մասնագետ, դոկտոր Մայրոն Ալլուքյանի անցած ուղին։

Դոկտոր Մայրոն Ալլուքյան. «Ստոմատոլոգիայի սոցիալական խիղճը»

Դոկտոր Մայրոն Ալլուքյանը (DDS, MPH) հանրային առողջապահության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է, ում հաճախ անվանում են «Ստոմատոլոգիայի սոցիալական խիղճ»։  Նա 34 տարի եղել է Բոստոն քաղաքի ստոմատոլոգիական ծառայության տնօրենը։ Մեծացել է Բոստոնում՝ հայ գաղթականների ընտանիքում:

Ավելի քան 50 տարի դասավանդել է Հարվարդի, Թաֆթսի և Բոստոնի համալսարանների ստոմատոլոգիական ֆակուլտետներում։ Հեղինակ է ավելի քան 160 գիտական հրապարակման և 24 գրքի գլուխների։ Եղել է ԱՄՆ վիրաբույժների գլխավոր վարչության ֆտորացման և ատամնաբուժական առողջության աշխատանքային խմբի նախագահը:

 Դասախոսությունը. «To Impact Oral Health in the US and Armenia»

Դասախոսության սկզբում դոկտոր Ալլուքյանն ուսանողների համար առաջարկեց հետաքրքիր ու ինտերակտիվ խաղ-վարժություն, որը պարզ, բայց ակնառու ձևով ցույց տվեց առողջ սովորությունների կարևորությունը։ Նա խնդրեց, որ դահլիճում բոլորը կանգնեն, ապա աստիճանաբար նստեն նրանք, ովքեր վերջին տարում ունեցել են ստոմատոլոգիական խնդիր, բայց չեն դիմել բժշկի, ովքեր օրական առնվազն 2 անգամ չեն լվանում ատամները ֆտորացված մածուկով, վերջին մեկ շաբաթում կերել են կպչուն քաղցրավենիք, ծխախոտ կամ նմանատիպ միջոցներ են օգտագործում կամ չեն զբաղվում կանոնավոր մարզումներով։

Արդյունքում դահլիճում կանգնած մնացին ընդամենը մի քանի հոգի։ Փաստացի ցույց տալով, թե որքան քիչ մարդիկ են ամբողջությամբ հետևում առողջ ապրելակերպի կանոններին՝ դոկտոր Ալլուքյանը շեշտեց, որ ապագա բժիշկները, ովքեր վաղն աշխատելու են հանրության հետ, առաջին հերթին իրենք պետք է լինեն օրինակելի իրենց ապրելակերպով, վարքագծով և առողջ սովորություններով։ Այնուհետև բանախոսը ներկայացրեց իր «To Impact Oral Health in the US and Armenia» («Բերանի խոռոչի առողջության վրա ազդեցությունը ԱՄՆ-ում և Հայաստանում») թեմայով զեկույցը։ Իր ելույթում դոկտոր Ալլուքյանն անդրադարձավ ապրելակերպի, սննդակարգի և սոցիալական գործոնների ազդեցությանը հանրային առողջության վրա:

 Սննդի արդյունաբերությունը և ապրելակերպի ազդեցությունը. Բանախոսն ընդգծեց, որ ԱՄՆ-ում սննդի հսկայական արդյունաբերության և քաղցր ու էներգետիկ ըմպելիքների միլիարդավոր դոլարների հասնող գովազդների պատճառով բնակչության (այդ թվում՝ երեխաների) մեծ մասը ամենօրյա ռեժիմով չափից շատ շաքար է սպառում։ Նա հավելեց, որ վաղահաս մահացության ռիսկի վրա ամենամեծ ազդեցությունն ունի հենց անհատական վարքագիծը (40%), որն ավելի մեծ կշիռ ունի, քան գենետիկան, սոցիալական միջավայրը կամ բուն առողջապահական համակարգը։

Բերանի խոռոչի առողջությունը Հայաստանում. Դոկտոր Ալլուքյանը ներկայացրեց Հայաստանում իրականացված ազգային հետազոտության մտահոգիչ տվյալները, ըստ որոնց՝ վաղ տարիքի (5-6 տարեկան) երեխաների ավելի քան 90%-ն ունի ատամների կարիես, որոնց մեծ մասը մնում է չբուժված։ Հիվանդությունների բարձր տարածվածությունը պահպանվում է նաև 12 տարեկանների շրջանում՝ ուղեկցվելով լնդերի հիվանդություններով։

 «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը

Դասախոսության ընթացքում ներկայացվեց նաև «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի պատմությունն ու գործունեությունը։ Հիմնադրամը (HKCC) ստեղծվել է 1921 թվականին Նյու Յորքում Միրան և Զաբել Կարագյոզյանների կողմից՝ ի հիշատակ իրենց 14-ամյա որդու՝ Հովարդի, ով մահացել էր 1918 թվականի իսպանական գրիպի համավարակից։ Հիմնադրամի սկզբնական նպատակն էր աջակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաներին։

Հայաստանում «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է 1992 թվականի աշնանը (1988 թ. երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցությունից հետո)։ Այսօր կազմակերպությունն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր։

 Հայաստանում գործում են չորս ատամնաբուժական կենտրոններ՝ Երևանում (Նորքի գլխավոր կենտրոն), Գյումրիում, Վանաձորում և Գորիսում (նախկինում՝ նաև Ստեփանակերտում)։ 1993 թվականից սկսած մանկական ատամնաբուժական ծրագրի շրջանակներում գրանցվել է ավելի քան 2.8 միլիոն այցելություն, բուժում է ստացել ավելի քան 1.17 միլիոն երեխա։

Դոկտոր Ալլուքյանը «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ երկարամյա խորհրդատու բժիշկն է:

Դասախոսությունն ավարտվեց մասնագիտական ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դոկտոր Ալլուքյանին։