Մկների և մարդկանց վրա կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ վերարտադրողական գործառույթի ավարտից հետո ձվարանները նոր գործառույթ են ձեռք բերում:
«Դաշտանադադաից հետո ձվարանները կարող են վերածվել իմունային գործառույթ ունեցող օրգանների»,- այսպիսի եզրահանգման են եկել մասնագետները:
Նորթուեսթերնի համալսարանի Ֆայնբերգի բժշկական դպրոցում Դունկանի ղեկավարած թիմն այս ամիս «Molecular Human Reproduction» ամսագրում հայտնել է, որ տարեց էգ մկների ձվարանները լցվում են իմունային բջիջներով և կարող են օրգանիզմ արտազատել իմունային ազդանշաններ։ Դունկանը և այլ հետազոտողներ նշում են, որ թեև այդ փոփոխությունների հետևանքները դեռ պարզ չեն, կանանց մոտ նմանատիպ գործընթացը կարող է առողջական հետևանքներ ունենալ դաշտանադադարից հետո։
«Այս հետազոտությունը փոխում է գիտնականների պատկերացումը հետվերարտադրողական շրջանի ձվարանի մասին՝ այն «անպետք, դատարկ պատյանից» վերածելով պոտենցիալ նոր գործառույթ ունեցող օրգանի», – ասում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գերոնտոլոգ Բերենիս Բենայունը, ով ուսումնասիրում է ձվարանների ծերացումը և ներգրավված չի եղել տվյալ հետազոտության մեջ։
Ձվարաններում տարիքային փոփոխություններն ավելի խորը ուսումնասիրելու նպատակով հետազոտողները դիմել են լաբորատոր մկների օգնությանը։
Այս կենդանիների մոտ ևս ձվարանների գործունեությունը դադարում է նրանց երկամյա կյանքի տևողության ավարտին, թեև մկների մոտ չեն նկատվում էստրոգենի կտրուկ անկում և մարդկային դաշտանադադարին բնորոշ այլ նշաններ։ Բնականաբար, մկների մոտ տարիքի հետ նվազել են վերարտադրողական գործառույթի նշանները, այդ թվում՝ ձվաբջիջների և ստերոիդների արտադրության հետ կապված ցուցանիշները։
Սակայն վերարտադրողական շրջանն ավարտած մկների ձվարանների հետազոտությունը բացահայտել է նաև իմունային բջիջների տարբեր տեսակների ավելի բարձր մակարդակ, քան բնորոշ է երիտասարդ մկներին։
Տարեց մկների ձվարաններում նկատվել է նաև բորբոքում խթանող տարբեր միացություններ (իմունային մոլեկուլներ) կոդավորող գեների ավելի բարձր ակտիվություն. այդ մոլեկուլները կարող են արտազատվել արյան հ և տարածվել մարմնի այլ հատվածներ։
Պարզ չէ՝ արդյոք «տարեց» ձվարաններն իրականում իրականացնում են իմունային ազդանշանային գործառույթ, թե պարզապես դառնում են իմունային բջիջների համար չնախատեսված պահեստարան։
«Մկների մասնակցությամբ անցկացված այս նոր ուսումնասիրությունը հետաքրքիր է, քանի որ հնարավոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ գործառույթ կարող է կատարել հետվերարտադրողական շրջանի ձվարանը», -նշել է Բենայունը։ – «Հնարավոր է՝ ձվարանը դառնա այնպիսի վայր, ուր գալիս են իմունային բջիջները և ենթարկվում այնպիսի փոփոխությունների, որոնք կարող են համակարգային ազդեցություն ունենալ»։
Այս բացահայտումը կարող է օգնել բացատրել, թե ինչու են կանայք տարիքի հետ ավելի վատ առողջական վիճակ ունենում, քան տղամարդիկ, թեև ավելի երկար են ապրում։
Հնարավոր է, որ հետվերարտադրողական շրջանում ձվարաններն արտազատեն այնպիսի մոլեկուլներ, որոնք կանանց մոտ դաշտանադադարի տարիներին նպաստում են քրոնիկական բորբոքման առաջացմանը։ շ
Գիտնականը հավելում է, որ դաշտանադադարից հետո ձվարանների կենսաբանության վերաբերյալ գիտելիքների պակասը «մի փոքր մտահոգիչ է»։
«Մենք պարզապես պարտավոր ենք ուսումնասիրել կյանքի այս փուլը՝ հանուն կանանց առողջության»։