Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվում է Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մասնագետների համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) հովանու ներքո իրականացվող «Համընդհանուր առողջապահական ոլորտի առաջխաղացում հետազոտությունների միջոցով SORT IT (The Structured Operational Research and Training IniTiative) դասընթաց»-ի երրորդ մոդուլը` նվիրված գիտական աշխատանքների շարադրման թեմային, որը կտևի մեկ շաբաթ` հոկտեմբերի 7-14-ը:
Փետրվարին բժշկական բուհում պաշտոնապես մեկնարկած դասընթացի նպատակն է խթանել բժիշկների, դասախոսների և ուսանողների հետաքրքրվածությունը գիտահետազոտական գործունեության նկատմամբ, ինչպես նաև անհատական մենթորների աջակցությամբ զարգացնել և խորացնել նրանց հետազոտական և գիտական գրավոր հաղորդակցման հմտությունները։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը երախտիքի խոսք հղեց բոլոր հավաքվածներին ծրագրի իրագործմանը նպաստելու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակին՝ բժշկական համալսարանի նկատմամբ ոչ միայն տվյալ միջոցառման, այլև տարբեր այլ առումներով ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար։ «Այս գործընթացի ավարտին մենք կունենանք տասը հրապարակում՝ պատրաստված հենց այստեղ ներկա գտնվող մասնագետների կողմից։ Սա հետազոտական գործունեության ներդրումն է իրական բժշկական պրակտիկայում», – ընգծեց պրոռեկտորը։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտայի խոսքով` կազմակերպության համար իսկապես մեծ պատիվ է համագործակցել ԵՊԲՀ-ի հետ, ինչպես SORT IT ծրագրի շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։ «Մենք անկեղծորեն կարծում ենք, որ գիտելիքի փոխանցումը հանգեցնում է նրան, որ այդ գիտելիքը վերածվում է գործնական քայլերի, քաղաքականության և դրանց իրականացման։ Երբ ես ուսանող էի, հաճախ դժվարանում էի տարբերակել «արդյունքն» ու «բացահայտումը» և չէի հասկանում, թե ինչու էր ղեկավարս ինձ ուղարկում գրադարան՝ դրանց մասին կարդալու. նա ուղղակի չէր բացատրում դա։ Կարծում եմ՝ սա կարևոր է։ Եվ հենց դա էլ, իմ կարծիքով, կսովորեցնեն ձեզ մենթորները՝ ինչպես վերածել նախագծի գաղափարները հրապարակման ենթակա աշխատանքի։ Սակայն խնդրում եմ ձեզ մտածել հրապարակման շրջանակից դուրս։ Այն, ինչ հրապարակվում և պարզապես դրվում է դարակում, իրական փոփոխություն չի բերում։ Մենք ցանկանում ենք տեսնել իրական փոփոխություններ, երբ բացահայտումները վերածվում են գործողությունների։ ԱՀԿ-ն հանձնառու է համագործակցել մենթորների և ուսանողների հետ՝ ապագա հետազոտական գործունեության շրջանակում։ Մենք այստեղ ենք՝ լսելու ձեզ և հասկանալու, թե ինչպես կարող ենք նպաստել գործընթացին ու համագործակցել մոտ ապագայում», – շեշտեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
ԱՀԿ Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի գիտնական Ռոնի Զաքարիան շնորհավորեց ծրագրի մասնակից 10 թիմերին, որոնք հասել են այս կարևոր հանգրվանին։
«SORT IT նախաձեռնությունը եզակի է նախևառաջ նրանով, որ կենտրոնացած է թվային հզորացման վրա, և մենք ունենք մուլտիդիսցիպլինար թիմ։ Ինչպես տեսնում եք, այստեղ են առողջապահության ոլորտի առաջնագծի աշխատողները, քաղաքականություն մշակողները, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները և բժշկական համալսարանի ուսանողները. նրանք բոլորը միասին աշխատելու են իրական խնդիրների լուծման ուղղությամբ», – նշեց Ռոնի Զաքարիան։
Ողջույնի խոսքը նա սկսեց՝ շնորհակալություն հայտնելով Երևանի պետական բժշկական համալսարանին՝ հյուրընկալության և նախաձեռնության համահովանավորը լինելու համար։
«Շատ խորհրդանշական է հավաքվել մի հաստատությունում, որը կրում է Մխիթար Հերացու անունը. նա, անշուշտ, Հայաստանի միջնադարյան բժշկագիտության լեգենդն է և շատ առումներով՝ Հայաստանի Հիպոկրատը։ Եվ, ինչպես գիտեք, Հերացին ապրել է դեռևս մինչև մանրադիտակի հայտնագործումը և մանրէաբանության զարգացումը, սակայն դրսևորել է այնպիսի հատկանիշներ, որոնք ընկած են գործառնական հետազոտությունների հիմքում՝ ուշադիր դիտարկում, ենթադրությունների վերաբերյալ հարցադրումներ, համակարգված վերլուծություն, ուսուցում և գործողություն։ Հենց այս հիմնարար սկզբունքներն են ընկած SORT IT ծրագրի հիմքում», – շեշտեց Ռոնի Զաքարիան։
Այս շաբաթվա ավարտին, նրա փոխանցմամբ, վերջնական տեսքի կբերվի 10 հրապարակում, որոնք համապատասխան տեսանյութերով և ինֆոգրաֆիկաներով նախատեսվում է տպագրել «Public Health» ամսագրում։ «Այդ հրապարակումների հիմքում մենք ներառել ենք SORT IT-ի 4 առանցքային սկզբունք. 1. այն հետազոտությունները, որոնք խիստ արդիական են և հավանության են արժանացել տվյալ երկրի կողմից, իրական ազդեցություն կունենան, 2. մենք վերապատրաստում ենք առողջապահության առաջնային օղակի աշխատակիցներին, ովքեր ներգրավված են առողջապահական համակարգերում և ուղղակի կապ ու ազդեցություն ունեն դրանց վրա, ինչը թույլ է տալիս իրական փոփոխություններ կատարել, 3. մեր գործունեության հիմքում գործընկերությունն է, 4. Եվ, վերջապես, մենք կենտրոնանում ենք ազդեցության վրա, քանի որ, ի վերջո, ազդեցությունը նշանակում է հենց այն փոփոխությունը, որը հետազոտությունը բերում է հասարակությանը։ Թույլ տվեք խոսքս եզրափակել հետևյալով. այս շաբաթվա աշխատանքն իրականացվելու է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ավանդույթների ոգով՝ դիտարկել, հարցադրում կատարել, վերլուծել, սովորել և գործել։ Սա հիանալի մոտեցում էր բժշկության մեջ դեռևս 12-րդ դարում և այսօր էլ հիանալի է ծառայում մեզ՝ գործառնական հետազոտությունների ոլորտում», – վստահեցրեց ԱՀԿ գիտնականը:
Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) ղեկավար Մարկուս Լասերդան, որը հանդիպմանը մասնակցում էր տեսակապի միջոցով, նշեց, որ SORT IT-ի այս ծրագիրը յուրահատուկ է. առաջին անգամ է, որ տարածաշրջանում այս կերպ միավորվում են ընդհանուր առողջապահության և գործնական քայլերին ուղղված հետազոտությունները։ «Թվային առողջապահությունն այլևս ապագայի հարց չէ. այն արդեն իսկ առողջապահական համակարգերի գործունեության անբաժանելի մասն է, և մենք պետք է հասկանանք՝ ինչպես առավել արդյունավետ կիրառել այն, հատկապես՝ գործնական պայմաններում։ SORT IT-ի պարագայում ինձ ամենաշատը դուր է գալիս խմբերի կազմի բազմազանությունը. այստեղ ընդգրկված են առաջնային օղակի բուժաշխատողներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ և բժշկական բուհերի ուսանողներ։ Սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է հանրային առողջապահության խնդիրների և ակադեմիական ոլորտի միջև առկա բացը լրացնելու համար։ Հատկապես ուրախալի է տեսնել, որ բազմաթիվ մենթորներ SORT IT-ի նախկին մասնակիցներ են՝ Հայաստանից և այլ երկրներից», – նկատեց նա` հավելելով, որ իրականում այսօր խոսում ենք ոչ թե պարզապես կարողությունների զարգացման, այլ կարողությունների փոխանակման մասին։
Մարկուս Լասերդայի համոզմամբ` խորհրդանշական է հանդիպումը Մխիթար Հերացու անունը կրող հաստատությունում, ով հայտնի է որպես հայկական բժշկագիտության հիմնադիրներից մեկը։ «Սակայն ինձ համար առավել կարևոր է նրա մոտեցումը՝ գիտելիքն օգտագործել խնդիրը հասկանալու և այն լուծելու նպատակով։ Եվ սա լիովին համահունչ է SORT IT-ի գաղափարախոսությանը։ Արհեստական բանականությունը չպետք է լինի ինքնանպատակ. այն պետք է ծառայի որպես գործիք՝ առկա տվյալներն ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Մեր նպատակը շատ պարզ է. մենք ցանկանում ենք, որպեսզի տվյալները վերածվեն ապացույցների, իսկ ապացույցները՝ գործնական քայլերի», – շեշտեց նա` բոլորին մաղթելով արդյունավետ աշխատանքային շաբաթ և հուսալով, որ մասնակիցները կխրախուսեն միմյանց մարտահրավերներ նետել, կսովորեն միմյանցից և կստեղծեն աշխատանքներ, որոնք շուտով տեղ կգտնեն մասնագիտական ամսագրի հատուկ թողարկման էջերում։
Ծրագրի մենթոր, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանի տեղեկացմամբ` ծրագիրը միավորում է գործընկերների ոչ միայն Հայաստանից, այլև Ղրղզստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից։
«Սա ավելին է, քան պարզապես ազգային ծրագիր. սա տարածաշրջանային նախաձեռնություն է այն մարդկանց համար, ովքեր կիսում են առողջապահության բարելավմանն ուղղված հետազոտությունների և փաստերի վրա հիմնված մոտեցումների նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը։
Այն շատ ավելին է, քան ավանդական վերապատրաստման դասընթացը. դրա հիմնական առավելությունը խիստ գործնական մոտեցման մեջ է՝ սկսել առողջապահական իրական խնդրից (որը հետագայում վերածվում է հետազոտական հարցի), ուսումնասիրել այն՝ օգտագործելով առկա տվյալները, և ստացված արդյունքները վերածել փաստերի, որոնք կարող են բարելավել առողջապահական համակարգը, քաղաքականությունն ու ծրագրերը։ Բժիշկների համար սա հատկապես կարևոր է, քանի որ հետազոտական բազմաթիվ կարևոր հարցեր ծնվում են առօրյա գործունեության ընթացքում. հիվանդանոցում տեսնում ենք խնդիր, նկատում որոշակի օրինաչափություն և գիտակցում, որ կարելի է ինչ-որ բան փոխել կամ գուցե այլ կերպ գործել։
Ուսանողների համար ևս սա չափազանց կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս հասկանալու, որ հետազոտությունը տարանջատված չէ բժշկությունից, այլ որակյալ բժշկության անբաժանելի մասն է», – ընդգծեց նա։
Մասնակիցները, նրա խոսքով, փետրվարից սկսած, ինտենսիվ աշխատել են տեղական և միջազգային մենթորների հետ՝ կլինիկական և առողջապահական իրական խնդիրները վերածելով կառուցվածքային, հստակ ձևակերպված հետազոտական հարցերի և արձանագրությունների։
Ուղին սկսվել է տարբեր ոլորտներ ներկայացնող 10 բժշկի հետ, ինչպես նաև ներգրավվել է 20 ուսանող ԵՊԲՀ-ից, արդյունքում ձևավորվել է 10 թիմ։