Անցկացվել է հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության օբյեկտային վարժանք

Անցկացվել է հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության օբյեկտային վարժանք

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում անցկացվել է օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով։ Վարժանքի նպատակն էր կատարելագործել հիվանդանոցային համալիրի ղեկավար կազմի՝ հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանությանն ուղղված միջոցառումների վերաբերյալ որոշումներ ընդունելու ունակությունները, զարգացնել համապատասխան կազմավորումների գործնական հմտությունները, ինչպես նաև ստուգել համալիրի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի իրատեսությունը։

Վարժանքի սցենարի համաձայն՝ էլեկտրական հոսանքի կարճ միացման հետևանքով հրդեհ էր բռնկվել Ռադիոլոգիական մասնաշենքի նկուղային հարկում։ Կրակը տարածվել էր մինչև առաջին հարկ, իսկ մասնաշենքն ամբողջությամբ հայտնվել էր ծխապատ գոտում։ Նախնական տվյալներով՝ կար չորս տուժած։ Ուսումնական վարժանքի ընթացքում իրականացվել են ազդարարման և հավաքի, աղետների ռիսկի կառավարման խորհրդի գործունեության կազմակերպման, աշխատակիցների և պացիենտների տարհանման, հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների և առաջին օգնության կազմակերպման գործողություններ։ Իրականացվել է նաև իրավիճակի հետախուզություն։

Վարժանքին մասնակցել են ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբի, «Հերացի» հիվանդանոցային համալիրի աղետների ռիսկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները, աշխատակիցներն ու համապատասխան կազմավորումները։ Վարժանքի շրջանակում կիրառվել են ուսումնական հրդեհաշիջման առաջնային միջոցներ, առաջին օգնության պարագաներ և տարհանման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութատեխնիկական միջոցներ։

Վարժանքի ավարտին նախատեսվել է ամփոփել իրականացված գործողությունները, գնահատել մասնակիցների պատրաստվածությունը և քննարկել արտակարգ իրավիճակում աշխատակիցների ու պացիենտների պաշտպանության միջոցառումների արդյունավետությունը: