ԵՊԲՀ պատվիրակությունը` ECCES 2026 միջազգային գիտաժողովին

ԵՊԲՀ պատվիրակությունը` ECCES 2026 միջազգային գիտաժողովին

«Բժշկական կրթության զարգացումը․ միջազգայնացում, նորարարություն և ակադեմիական հաջողություններ» խորագրի ներքո հոկտեմբերի 12-13-ը Թբիլիսիում անցկացվում է ECCES 2026 բժշկական կրթության միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի գլխավորությամբ։

Միջազգային մասնագիտական այս հարթակը մեկտեղել է տարբեր երկրների առաջատար մասնագետներին՝ քննարկելու բժշկական կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, կրթական նորարարությունները, միջմշակութային համագործակցությունը, որակի ապահովման մեխանիզմներն ու կրթության միջազգայնացման հնարավորությունները։

Գիտաժողովի երկօրյա օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում համաշխարհային առողջապահության և առողջապահական մասնագիտությունների կրթության հիմնախնդիրները, ռազմավարական ակադեմիական զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և գործընկերությունների ընդլայնման ուղիները։

Գիտաժողովը հնարավորություն է տալիս ծանոթանալու բժշկական կրթության միջազգային նոր միտումներին և լավագույն փորձին, քննարկելու կրթության որակի ապահովման և միջազգայնացման հարցերը, ամրապնդելու կապերը բժշկական կրթության միջազգային կազմակերպությունների և համալսարանների հետ, ինչպես նաև ուսումնասիրելու համատեղ կրթական ծրագրերի և ինստիտուցիոնալ գործընկերությունների զարգացման հեռանկարները։

ECCES 2026 բժշկական կրթության միջազգային գիտաժողովի հիմնական կազմակերպիչը Քեն Ուոքերի միջազգային համալսարանն է (Ken Walker International University, KWIU)՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի և ԱՄՆ-ի Էմորիի համալսարանի համագործակցությամբ։

Գիտաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի և Բժշկական կրթության եվրոպական ասոցիացիայի նախագահների հետ։ Հանդիպումների ընթացքում նրանց հրավեր է հղվել՝ մասնակցելու 2027 թվականի հուլիսին Երևանում կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրեսին (Armenian Medical World Congress 2027), որի հյուրընկալողը կլինի ԵՊԲՀ-ն։

Հագեցած աշխատանքային այցի շրջանակում համալսարանականները այցելել են նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարան։ Քննարկվել են ուսանողների փոխանակային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև պատվիրակության անդամները շրջայց են կատարել համալսարանի նորաբաց անատոմիայի կադավերային (Cadaver lab) լաբորատորիայում։