Տրավմայի ամենահաճախ հանդիպող պատճառները․ վերլուծական

Տրավմայի ամենահաճախ հանդիպող պատճառները․ վերլուծական

Տրավմայի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 17-ին: Այս օրն առաջին անգամ նշվել է 2011 թվականին Նյու Դելիում (Հնդկաստան):

Ստեղծման հիմնական պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) և դրանց հետևանքով զոհերի ու հաշմանդամություն ստացողների ահագնացող թիվն էր:

Հետագայում նախաձեռնությունը տարածվեց ամբողջ աշխարհում՝ ներառելով տրավմաների բոլոր տեսակները:

Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը ճանապարհատրանսպորտային պատահարների, դժբախտ պատահարների և արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ֆիզիկական ու հոգեբանական տրավմաների կանխարգելման, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերման կարևորության մասին:

Բժշկության մեջ տրավման արտաքին ազդեցության հետևանքով մարմնին հասցված ֆիզիկական վնասվածքն է (ինչպես նաև դրան հաջորդող հոգեբանական ցնցումը):

Ամենահաճախ հանդիպող պատճառներն են. 

  • Ճանապարհատրանսպորտային պատահարներ,
  • Անկումներ բարձրությունից
  • Աշխատանքային/արտադրական պատահարներ,
  • Այրվածքներ և քիմիական վնասվածքներ,
  • Բռնություն և կենցաղային վնասվածքներ,
  • Բնական աղետներ և արտակարգ իրավիճակներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տարեկան ավելի քան 5 միլիոն մարդ մահանում է տարբեր վնասվածքների հետևանքով, ինչը կազմում է համաշխարհային մահացության մոտ 9%-ը։

Տրավմաները հանդիսանում են մինչև 45 տարեկան անձանց մահվան և հաշմանդամության առաջնային պատճառներից մեկը:

Տրավմատոլոգիայում առանցքային հասկացություն է «Ոսկե ժամը»: Սա վնասվածքից հետո առաջին 60 րոպեն է, որի ընթացքում ճիշտ և արագ ցուցաբերված առաջին օգնությունը կամ մասնագիտական բժշկական միջամտությունը կիսով չափ` 50%-ով,  մեծացնում է մարդու փրկվելու և լիարժեք ապաքինվելու հավանականությունը:

 Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահացության առաջին պատճառն են։

Տրավմաներ ստացողների մոտ 60-65%-ը տղամարդիկ են, ինչը պայմանավորված է ռիսկային աշխատանքներում և վարքագծում նրանց ավելի մեծ ներգրավվածությամբ։ Անկումներն ու ՃՏՊ-ները հանդիսանում են ողնուղեղի և գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների ավելի քան 70%-ի պատճառը։

Օրվա շրջանակում առողջապահական կազմակերպությունները հանրությանը հիշեցնում են պարզ, բայց կյանքեր փրկող կանոններ.

  • Ճանապարհային անվտանգություն. Ամրագոտիների պարտադիր կիրառում, մոտոցիկլետ վարելիս սաղավարտի կրում, արագության գերազանցումից և ղեկին հեռախոսով զբաղվելուց հրաժարում:
  • Առաջին օգնության հմտություններ. Սիրտ-թոքային վերակենդանացման հիմունքների իմացություն, արյունահոսությունը դադարեցնելու և վնասված վերջույթն անշարժացնելու ունակություն:
  • Կենցաղային և աշխատանքային անվտանգություն. Աշխատանքի վայրում պաշտպանիչ միջոցների կիրառում, տանը սայթաքումներից և անկումներից խուսափելու պայմանների ապահովում (երեխաների և տարեցների համար):

Այս օրը ամբողջ աշխարհում բժշկական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները և կրթօջախները կազմակերպում են.

  • Առաջին օգնության դասընթացներ. մարդկանց սովորեցնում են սիրտ-թոքային վերակենդանացման հիմունքները, արյունահոսության դադարեցումը և շնչուղիների մաքրումը։
  • Ճանապարհային անվտանգության քարոզչություն. անվտանգության գոտիների, սաղավարտների կիրառման և արագության գերազանցման բացառման կոչեր։
  • Հոգեբանական աջակցություն. բացի ֆիզիկականից, ուշադրություն է դարձվում նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հաղթահարմանը։