Մինչև սառը զենք համարվող առարկաներ կրելը կամ օգտագործելը՝ հիշե՛ք հնարավոր իրավական հետևանքների մասին։
Անչափահասների շրջանում սառը զենքերի՝ դանակների, կռփազենքերի, մահակների և այլ վտանգավոր առարկաների կրման իրավական կարգավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը հաճախ ցածր է։ Շատերը սխալմամբ կարծում են, որ խանութներում կամ առցանց հարթակներում ազատ վաճառվող իրերը կարելի է նաև կրել հանրային վայրերում։
Սակայն ազատ վաճառվելը դեռ չի նշանակում, որ առարկայի կրումը թույլատրված է։ Դրա իրավական կարգավիճակը որոշվում է օրենքով սահմանված հատկանիշներով, այլ ոչ թե անվանումով կամ վաճառքի ձևով։ Հետևաբար, «հուշանվեր» կամ «ինքնապաշտպանության միջոց» անվանումը չի ազատում հնարավոր պատասխանատվությունից։
Արգելված առարկաներ կրելը կամ օգտագործելը կարող է հանգեցնել վարչական կամ քրեական պատասխանատվության՝ կախված առարկայի տեսակից և արարքի հանգամանքներից։
Դանակները, կռփազենքերը, մահակները և ծակող-կտրող կամ հարվածող այլ առարկաներ, օրենքով սահմանված հատկանիշների առկայության դեպքում, կարող են համարվել սառը զենք։
Ուսումնական հաստատություն արգելված կամ վտանգավոր առարկաներ բերելը անթույլատրելի է, քանի որ դրանք կարող են վտանգել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի մարդկանց կյանքն ու առողջությունը։
Հիշե՛ք՝ վեճերն ու կոնֆլիկտները զենքի կամ վտանգավոր առարկաների միջոցով լուծելու փորձը կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Սառը զենք համարվող առարկա կրելը ինքնապաշտպանության երաշխիք չէ, այլ կարող է մեծացնել վտանգը և հանգեցնել օրենքով նախատեսված պատասխանատվության։
Եղե՛ք իրազեկ, զգոն և պատասխանատու։ Հոգ տարե՛ք ձեր և ձեր շրջապատի անվտանգության մասին։