Բժշկական մայր բուհում նոյեմբերի 17-ին՝ ուսանողների միջազգային օրը ամփոփվեց «Սինապս 2026» միջբուհական ուսանողական մրցաշարը, որը մեկ հարկի ներքո համախմբել էր 13 բուհի ուսանողների։
Մրցաշարի շրջանակում մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին մարզական, ինտելեկտուալ և ստեղծագործական տարբեր մրցաձևերում՝ ցուցադրելով իրենց գիտելիքը, մարզական պատրաստվածությունը, ստեղծագործական ունակություններն ու թիմային ոգին։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողություն. մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով, շնորհակալագրերով։
Գլխավոր մրցանակին՝ միջբուհական ընդհանուր հաղթողի կոչմանն ու 100 հազար դրամի նվեր քարտին արժանացել է Երևանի պետական համալսարանը, որը մրցութային արդյունքներով հավաքել էր առավելագույն միավորները և առաջ անցել մյուս բուհերից։
Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Միշել Քոչարյանը շնորհավորեց ուսանողներին և ռազմաբժիշկներին՝ կարևորելով ուսանողների դերը համալսարանական կյանքի և բուհի զարգացման գործում։
«Ուսանողները բուհի սիրտն են, իսկ նրանց գաղափարները՝ զարկերակը։ Ձեր ներկայությունն ու նախաձեռնությունները համալսարանին տալիս են կենսունակություն, շարժում և զարգացման նոր հնարավորություններ»,-նշեց նա։
ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահ Էրիկ Ասլանյանը շնորհակալություն հայտնեց մասնակից բուհերի ուսանողական խորհրդարանների նախագահներին և գործընկեր բուհերին՝ մրցաշարին միանալու և դրա կայացմանն աջակցելու համար։
«Այս միջոցառումը չէր կայանա առանց մեր գործընկեր բուհերի, ուսանողական խորհրդարանների նախագահների և ուսանողների։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր Ուսանողական խորհրդարանի անդամներին և ամբողջ թիմին՝ կազմակերպչական ահռելի աշխատանքի, նվիրումի և համատեղ ջանքերի համար։ Մրցաշարի ընթացքում իսկապես թեժ պայքար է եղել, և ուրախ ենք, որ մասնակիցները գոհ են մնացել թե՛ մրցութային ընթացքից, թե՛ միմյանց հետ անցկացրած ժամանակից։
«Սինապս» անվանումն ինքնին խորհրդանշական է։ Նյարդային համակարգում սինապսը նեյրոնի և մեկ այլ բջջի միջև կապն է։ Մենք փորձել ենք այդ գաղափարը տեղափոխել միջբուհական հարթակ՝ դառնալով տարբեր բուհերի միջև կապ ստեղծող օղակ։ Մեր նպատակը միայն հաղթող բուհին որոշելը չէ։ Ավելի կարևոր է ստեղծել նոր կապեր, ընկերություններ, հիշողություններ, համախմբել ուսանողներին և ձևավորել համագործակցության շարունակական մշակույթ։
«Սինապսը» շարունակական նախաձեռնություն է: «Սինապս 2027»-ին կփորձենք ներգրավել ավելի շատ բուհեր և սիրով կսպասենք բոլորին հաջորդ տարի»,-նշեց Ուսանողական խորհրդարանի նախագահը։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ «Դոֆամին» խումբը, որից հետո հանդիպումը շարունակվեց «Կանաչներում»՝ ազգային երգ ու պարով, էստրադային կատարումներով և DJ-ի երաժշտական ծրագրով։ Մասնակիցների համար կազմակերպվել էր նաև հյուրասիրություն և ֆոտոբութի անկյուն։