Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

«Կերոն» զարգացման հիմնադրամը Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում նոյեմբերի 18-ին անցկացրեց իր առաջին միջազգային Keron Impact Gala / Paris 2026 – Uniting Lights for Armenia գալա երեկոն՝ համախմբելով Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների, Հայաստանի բարեկամների, բարերարների, գործարարների, մշակույթի և առողջապահության ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկերների։

Գալա երեկոն սկիզբ դրեց «Կերոն» հիմնադրամի նոր միջազգային ավանդույթին՝ երկու տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող հավաքների, որոնք նպատակ ունեն ներկայացնելու այսօրվա Հայաստանը, ամրապնդելու կապերը հայկական համայնքների հետ և միջազգային ներգրավվածությունը վերածելու Հայաստանի զարգացմանն ուղղված կոնկրետ և երկարաժամկետ մասնակցության։

Երեկոյի մեկնարկը տրվեց ժամանակակից Հայաստանը ներկայացնող տեսանյութով և ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի ողջույնի խոսքով։

Երեկոյի առանցքում Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանը ժամանակակից կրթական հարթակի վերափոխելու ծրագիրն էր՝ նախատեսված ապագա բժիշկների, հետազոտողների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։

ԵՊԲՀ ՆՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ է $2 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ։

Ծրագրի իրականացմանը մինչ այժմ միացել են բազմաթիվ անհատ նվիրատուներ, կազմակերպություններ և գործընկերներ՝ տարբեր չափի ֆինանսական ներդրումներով։ Նվիրատվությունները կատարվել են նաև reArmenia հարթակի միջոցով՝ սկսած փոքր անհատական նվիրատվություններից մինչև խոշոր աջակցություններ։

«Կերոն» զարգացման հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ, իրականացնում է համալսարանի ներկայիս 600 քմ գրադարանը 3 000 քմ ժամանակակից ուսումնական, հետազոտական և համագործակցային միջավայրի վերափոխելու ծրագիրը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հազարավոր ուսանողների, դասախոսների, հետազոտողների, բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։

Կրթական հարթակը կունենա անհատական և խմբային աշխատանքի տարածքներ, բաց և փակ ընթերցասրահներ, տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական և հետազոտական գոտիներ, թվային ռեսուրսներ, կրթական տարածքներ և առավել մեծ հասանելիություն։ Նորաստեղծ հարթակն այսուհետ հասանելի կլինի ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլև լայն հանրությանը:

Նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակել է նիդերլանդական Defesche van den Putte – DVDP ճարտարապետական ընկերությունը, որը հայտնի է գրադարանային ճարտարապետության և պատմական շենքերի վերականգնման ոլորտում իր փորձով։

Հյուրերին ողջունեցին և ծրագիրն առավել մանրամասն ներկայացրին «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Երեկոյի ընթացքում ողջունեցին Վանիկ Վանունցին, ում խոշոր նվիրատվությունը ծածկել է ծրագրի ընդհանուր բյուջեի գրեթե կեսը՝ զգալիորեն մոտեցնելով նախագծի ամբողջական իրականացումը։

Գալայի ընթացքում ներկայացվեց նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի գործունեությունը։ 2024 թվականից ի վեր հիմնադրամի նպատակն է Հայաստանում նպաստել բարեփոխումների՝ ներգրավելով համաշխարհային տաղանդն ու փորձը, զարգացնելով ենթակառուցվածքները և ընդլայնելով Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում։

Հիմնադրամի հինգ ռազմավարական ուղղությունները՝ կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը և տարածքային զարգացումը, միավորված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ, հաստատությունները և համայնքները կարող են զարգանալ և առաջ շարժվել։

Երեկոն առավել խորհրդանշական դարձրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի (World Doctors Orchestra) համատեղ ելույթը՝ մեկ բեմում համախմբելով երաժիշտների և բժիշկների աշխարհի տարբեր երկրներից։