ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանները վերընտրվել են

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանները վերընտրվել են

Նոյեմբերի 25-ին կայացած Գիտական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների մրցույթի արդյունքները։

Գիտական գործունեության ամփոփում-հաշվետվությունը ներառում էր ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ գիտական ներուժի վերարտադրողականությունը, հոդվածների հրապարակումը՝ որպես գիտական արդյունքի առանցքային ցուցանիշ, հետազոտական գործունեության ֆինանսավորումը, բուհի ֆինանսական ներդրումը հրապարակումների խրախուսման տեսանկյունից, միջազգային տեսանելիությունը, ուսանողների ներգրավվածությունը հետազոտություններում:

Գիտական ներուժի վերարտադրողականությանն անդրադառնալիս զեկուցողը նշեց, որ աճել է ասպիրանտների և հայցորդների թիվը: 2025-2026թթ. տարվա կտրվածքով միջինում ընդունվել է 17 հայցորդ, որով էլ պայմանավորված է 2026 թվականի 20 նոր ատենախոսական թեմայի հաստատման ցուցանիշը:

Հետազոտական հոդվածների դինամիկան դիտարկելիս պրոռեկտորը լսարանի ուշադրությունը հրավիրեց երկու հիմնական ժամանակային կետերի վրա. 2022-2023թթ. ընթացքում բուհում արձանագրվել է 100+ միջազգային հետազոտական հոդվածների հրապարակում, իսկ 2024-2025թթ. նշված ցուցանիշը կրկնապատկվել է և հրապարակված հոդվածների թվաքանակը դարձել է 200-ից ավելի: Հաջորդիվ իրականացվեց հետազոտական հոդվածների հրապարակումների թվաքանակի հնգամյա համեմատություն: 2017-2021թթ. հրապարակված հոդվածները 266-ն էին, իսկ 2022-2026թթ. այդ թիվը հասել է 832-ի, ինչը, պրոռեկտորի դիտարկմամբ, բավականին հավակնոտ ցուցանիշ է:

Այնուհետև ներկայացվեցին ատենախոսությունների պաշտպանությունների ցուցանիշները: 2025թ. արձանագրվել է 13 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսության պաշտպանություն, իսկ 2026թ. ընթացիկ տվյալներով՝ 7 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսության պաշտպանություն:

Զեկույցի հաջորդ մասը համալսարանի ստորաբաժանումների գիտական գործունեության արդյունքային ցուցանիշների վերլուծությունն էր: Դիտակետում պահելով հրապարակումների ոչ միայն քանակական, այլև որակական բաղադրիչները՝ ներկայացվեցին այն 24 ստրաբաժանումներր, որոնք ակտիվություն են ցուցաբերել միջազգային հրապարակումների դաշտում: Պրոռեկտորը խոսեց նաև ըստ հեղինակների մասնակցության հետազոտական հոդվածների և ԵՊԲՀ աշխատակիցների համահեղինակությամբ հրապարակված հոդվածների մասին:

Ելույթից անմասն չմնացին ԵՊԲՀ ֆինանսական ներդրմանը, պետական և միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերին և առաջատար միջազգային ամսագրերում հրապարակումների պետական ֆինանսավորմանն առնչվող թեմաները:

Պրոռեկտոր Ենկոյանը համառոտ խոսեց հանրային առողջության և առողջապահության ամբիոնի կողմից միջազգային համագործակցությամբ իրականացվող «Հետազոտական հմտությունների զարգացում Արևելյան Եվրոպայում» iCREATE ծրագրի, գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ տարբեր ստորաբաժանումների՝ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի, կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի, ֆարմակոգնոզիայի ամբիոնների, ԳՀԿ շրջակա միջավայրի հիգիենայի և թունաբանության լաբորատորիայի կողմից իրականացվող նախագծերի, ինչպես նաև գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության և կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագրերի մասին:

Ներկայացվեց տեղեկատվություն նաև 2027 թվականին թողարկվելիք զեբրաձկների կենդանանոցի մասին:

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում համալսարանական ստորաբաժանումների ակտիվությանն անդրադառնալիս պրոռեկտորը նշեց, որ ընթացիկ տարում ներկայացվել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 8 հայտ: Twinning գործողության շրջանակներում ներկայացված 3 հայտադիմումներից երկուսը հաղթահարել են հայտի գնահատման անցողիկ շեմը, սակայն չեն ֆինանսավորվել: Ներկայումս գնահատման փուլում է գտնվում ևս 5 եվրոպական նախագծի հայտ: Փորձաքննության փուլում են գտնվում նաև դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակներում ներկայացված 6 պետական դրամաշնորհային հայտերը:

Միջազգային համագործակցության համատեքստում կարևորվեց «Չինաստան-Հայաստան մետաքսի ուղի» կենսաբժշկության համատեղ լաբորատորիայի ստեղծման ծրագրի հայտը, որում ներգրավված է 3 չինական և 1 հայաստանյան համալսարան՝ ԵՊԲՀ-ն:

Անդրադարձ կատարվեց կլինիկական փորձարկումներին, երիտասարդների հետազոտական կարողությունների զարգացմանը, SORT IT Armenia տարածաշրջանային ծրագրին, որն ԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվել է 4 երկրի ներկայացուցիչների, 10 միջազգային մենթորի մասնակցությամբ՝ 7 ամսում ապահովելով 10 աշխատանքի իրականացում:

Խոսվեց նաև ԵՊԲՀ էթիկայի կոմիտեում քննարկված աշխատանքների, կլինիկական փորձարկումների էթիկական գնահատման վերաբերյալ: Կոնստանտին Ենկոյանը փաստեց, որ վերջին չորս տարվա ընթացքում կլինիկական փորձարկումների թվի աճը մեծացրել է մասնագիտացված փորձաքննության, փաստաթղթերի ուսումնասիրության և շարունակական վերահսկողության կարիքը։

Կրթական գործունեության և ուսանողների հետազոտական կարողությունների զարգացման մասին խոսելիս զեկուցողը նշեց, որ 2026 թվականի ընթացքում միայն «Հետազոտության հիմունքներ», «Առաջադեմ հետազոտական հմտություններ», «Ակադեմիական գրագրություն», «Նեյրոգիտության հիմունքներ», «Կլինիկական հետազոտության հիմունքներ» առարկաների շրջանակում տարբեր հետազոտական կրթական ծրագրերի մասնակցել է շուրջ 1300 ուսանող՝ ձեռք բերելով հետազոտական հմտություններ:

Ելույթում տեղ էր հատկացվել նաև գիտության հանրայնացմանը: Այստեղ խոսքը վերաբերում էր մասնավորապես «Հերացի» ավագ դպրոցի, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և բուհական այլ ստորաբաժանումների արդյունավետ գործակցությանը՝ դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը:

Զեկույցը եզրափակվեց Համաշխարհային բժշկական հայաստանյան կոնգրես 2027-ին ընդառաջ (AMWC 2027) կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությամբ:

Արձագանքելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ գիտական գործունեության արդյունավետության հիմքում վերարտադրողական ներուժի զարգացումն է: Նա նկատեց, որ պրոֆեսոր Ենկոյանը կարող էր անդրադարձ կատարել գիտական ուղղությամբ կատարված փոփոխություններին առավել լայն՝ թվային արտացոլմամբ:

Գործընկերները բազմաթիվ հարցեր հղեցին զեկուցողին, որոնք առավելապես վերաբերում էին նոր լաբորատորիաների ձևավորմանն ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Անդրադառնալով հարցերին՝ պրոռեկտորը նշեց, որ բուհի զարգացման կարևոր նախադրյալներից է նոր մրցունակ մասնագետների ներգրավումը, ապա ավելացրեց, որ գործընկերների կողմից բարձրացված հարցերի մի մասի առնչությամբ արդեն իսկ իրականացվում են համատեղ քննարկումներ, որոնք կարող են հանգեցնել արդյունավետ լուծումների:

Ռեկտորը ևս մեկ անգամ փաստեց, որ վերարտադրողական ներուժի զարգացումը և անհրաժեշտության դեպքում գիտական այլ կառույցների նոր մասնագետներով համալրումը կարևոր հարցերից են:

Հաջորդիվ բժշկական բուհի գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 26-ին հայտարարվել էր բաց մրցութային ընտրություն Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համար։

Նախքան ընտրության անցկացումը նա թեկնածուների կենսագրություններն ընթերցեց լսարանի համար:

Երկու թեկնածու դեկանները ներկայացրին հաշվետու զեկույցներ՝ ամփոփելով իրենց ղեկավարած ֆակուլտետներում իրականացված աշխատանքները, կրթական ծրագրերը, գնահատման ձևաչափերը, առաջադիմությունն ու կարգապահությունը: Մի շարք այլ ուսումնական հարցերից զատ՝ նրանք անդրադարձան նաև արձանագրված արդյունքներին ու առաջիկա ծրագրերին: Համալսարանականները գործընկերներին ներկայացրին նաև ֆակուլտետների հետագա զարգացման իրենց տեսլականն ու առաջնահերթությունները։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Կարինե Մինասի Բարոյանը վերընտրվեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի, իսկ Լազար Կառլենի Եսայանը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում։

Կարինե Մինասյանը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի նոյեմբերից, իսկ Լազար Եսայանը Ստոմատոլոգիական ֆակուլտետը ղեկավարում է 2011 թվականի օգոստոսից: 2018 թվականին նա վերընտրվել էր նույն պաշտոնում։

Նշենք, որ Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ընդգրկում է 33, իսկ Ստոմատոլոգիականը՝ 22 ամբիոն:

Արմեն Մուրադյանը, շնորհավորելով գործընկերներին, ասաց, որ երկու ֆակուլտետն էլ առանցքային են, և մաղթեց վերընտրված դեկաններին նոր հաջողություններ, արդյունավետ գործունեության շարունակականություն: