Ապագա պլաստիկ վիրաբույժ, նկարիչ Շանթ Կարապետյանը՝ Շակարտը, հանրությանն առաջին անգամ ներկայացրեց իր աշխատանքները:
Շանթի համար նկարչությունը մասնագիտություն չէ, այլ՝ հոգեվիճակ, ապրելակերպ: Իսկ պլաստիկ վիրաբուժությունը, ըստ նրա, սերտորեն կապված է արվեստի հետ, այն հնարավորություն է տալիս մարդուն ճանաչել ներսից, ուսումնասիրել նրա անատոմիան։
Հավասարաչափ սիրելով թե՛ բժշկությունը, թե՛ նկարչությունը, նա իր յուրօրինակ տաղանդը պատկերում է հարթ մակերես ունեցող իրերի՝ դեղահաբերի, լուցկու տուփերի, տերևների, մարմնի մասերի վրա: Վրձնում է նաև սթրիթ արտ ոճով՝ մեծ մասշտաբներով:
Լինելով նորարությունների սիրահար՝ նկարները ներկայացնում է գաղտնագրերով՝ դիտողին մտածելու, խորհելու հնարավորություն տալով:
Արվեստի միջոցով կառուցելով իր աշխարհը, Շանթը նշում է, որ ոգեշնչվում է երաժշտությունից, մտքերի հետ մենակ մնալուց, ինչպես նաև մարդկանց հետ շփումից: Շրջապատող մարդիկ հաճախ գեղեցիկ մտքեր են տալիս ոչ գիտակցաբար։
Ցուցահանդեսում երիտասարդ բժիշկ-նկարիչը ներկայացրեց նաև ինքնանկարների, պատերազմի մասին պատմող նկարների շարքերը: