Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ոստիկանները կատարելագործեցին առաջին բուժօգնություն տրամադրելու հմտությունները

Ոստիկանները կատարելագործեցին առաջին բուժօգնություն տրամադրելու հմտությունները

«Փրկել հիվանդին» առաջադրանքը ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում այսօր ուղղված էր ոստիկանական համակարգի ներկայացուցիչներին:

ԵՊԲՀ-ի և ՀՀ ոստիկանության նոր՝ այսօր մեկնարկած նախաձեռնության շնորհիվ ոստիկանական համակարգի աշխատակիցները հնարավորություն ունեն բարելավել և կատարելագործել առաջին բուժօգնություն տրամադրելու հմտությունները:

Հատուկ մուլյաժների ու վարժասարքերի միջոցով հմտությունները զարգացնելու դասընթացին առաջինը մասնակցեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության ներկայացուցիչները:

Որպես կանոն ոստիկաններն առաջինն են հայտնվում դեպքի վայրում, ականատես լինում տարբեր պատահարների, հետևաբար հաճախ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը կարող է ճակատագրական կամ վճռորոշ լինել տվյալ տուժածի կամ վիրավորի համար:

Սիմուլյացիոն կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանի օգնությամբ դասընթացի ընթացքում գործնականում ստուգվեցին «Հրեշտակների գումարտակի» հմտությունները:

Բժիշկն ընդգծեց, որ առաջին բուժօգնության ժամանակ շատ կարևոր է ոչ միայն դիմացինին օգնելու պատրաստակամության, այլև համապատասխան ունակություններ դրսևորելու կարողությունը:

Լեյտենանտ Հարություն Գրիգորյանի խոսքով՝ դասընթացն արդյունավետ էր և ուսուցողական, քանի որ մասնագետները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Ներկայացվեցին և քննարկվեցին իրավիճակներ, որոնց ծառայողները հանդիպում են ամենօրյա աշխատանքում:

Շարունակական այս նախաձեռնության միջոցով ուժային կառույցի ներկայացուցիչները բժշկական համալսարանի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում նորարարական կրթական մեթոդներով կստանան անհրաժեշտ, ինչպես նաև կզարգացնեն արդեն առկա գիտելիքները: