Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

2022թ. համախմբված ֆինանսական հաշվետվություններն անկախ աուդիտորի դրական եզրակացությանն են արժանացել

2022թ. համախմբված ֆինանսական հաշվետվություններն անկախ աուդիտորի դրական եզրակացությանն են արժանացել

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը` Միքայել Ադամյանի նախագահությամբ, հագեցած էր կազմակերպչական, ֆինանասական, բուժական և ուսումնական հարցերով:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի գնահատմամբ` չնայած տարվա ընթացքում անցկացված հեռավար նիստերին այս անգամ առկա ձևաչափով նիստի առանցքում կան կարևոր հարցեր:

«Դետալային պարզաբանումներ կտրվեն կատարված և առաջիկա աշխատանքներին»,-նշեց Միքայել Ադամյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս հավաստեց, որ քննարկվող հարցադրումներին բուհը մշտապես բաց, թափանցիկ սկզբունքով է անդրադառնում:

«Մեկդարյա բուհն ունի կայուն ֆինանսական հենք, իսկ առաջիկա ծրագրերը կլինիկական ոլորտում ժամանակի պահանջն ու հրամայականն են»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Ֆինանսական ուղղությամբ բուհի առաջիկա ծրագրերին հանգամանալից անդրադարձավ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:

Մասնավորապես, առաջիկայում լիզինգային ճանապարհով ԵՊԲՀ-ն ծրագրում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գործունեության համար գնել բժշկական սարքավորումներ` անգիոգրաֆ, ռենտգեն և լապարասկոպ:

Պրոռեկտորի փոխանցմամբ` նախաձեռնությունը քննարկվել և արժանացել է համապատասխան բանկի խորհրդի հաստատմանը:

Սարքերի ձեռքբերման կարևորությունը հիմնավորեց նաև Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը` շեշտադրելով ոչ միայն բուժական, այլև համալսարանական հիվանդանոցներում բուժառուների անվտանգությանը վերաբերող հարցերը:

Հնչած հարցի շուրջ իրենց կարծիքները ներկայացրին «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ղեկավար Արեն Բաբլումյանը, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի այլ անդամները:

Համալսարանակաները հավաստեցին, որ նոր սարքերով համալրումը բուժառուներին պատշաճ բուժօգնության տրամադրման տեսակետից է կարևոր և պայմանավորված է բուժօգնության ծավալների մեծացմամբ:

Զեկուցվեց, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի 2022թ. համախմբված ֆինանսական հաշվետվություններն անկախ աուդիտորի դրական եզրակացությանն են արժանացել:

Նիստի ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ուսումնական տարվա ընթացքում անկախ ձևաչափից խիստ կարևոր է համալսարանի կառավարման մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի աշխատանքն` հօգուտ բուհական խնդիրների օպերատիվ լուծման և առաջընթացի:

Այսօր արծարծված հարցերը նա որակեց որպես առանցքային, կենսունակ:

Ուսումնական տարին ավարտվում է, հուլիսի 4-ը պետական ավարտական քննությունների վերջին օրն է: Որպես ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերում` ռեկտորը մատնանշեց միջազգային ծրագրային հավատարմագրման համար ԵՊԲՀ-ի դիմումը Բժշկական կրթության համաշխարհայի ֆեդերացիային:

Կլինիկական ոլորտից զատ, մեկդարյա կրթագիտական հաստատության առաջ նաև գիտական, ուսումնական ուղղություններով հսկայական անելիքներ կան:

Խոսվեց նաև 2023-2024 ուսումնական տարում նախատեսվող «Մանկաբուժություն» մասնագիտությամբ ռեզիդենտուրայի պիլոտային ծրագրի ներդրման մասին:

Նիստի մեկնարկին բուհի ղեկավարությունը շնորհավորեց Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հոգաբարձուների խորհրդի անդամ Միխայիլ Աղաջանովին ծննդյան օրվա առթիվ` մաղթելով ամենայն բարիք:

Ամփոփելով Միքայել Ադամյանն ընդգծեց, որ քննարկումն արդյունավետ էր` կարծիքների փոխանակման, հեռանկարների և ծառացած խնդիրների լուծումների ուրվագծման տեսակետից: