Մոտենում է տարեմուտը, և յուրաքանչյուրս մեր ամանորյա թոհուբոհում ձգտում ենք ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, ծրագրել առաջիկա անելիքները և, իհարկե, ամփոփել տարվա աշխատանքը:
Սիրելի համալսարանականներ, սիրելի ապագա բժիշկներ, գործընկերներ, տոնական այս օրը բժշկական հաստատություններում անցկացնող բուժաշխատողներ, տարվա ընթացքում ձեռքբերումները շատ էին` նոր ուսումնական ծրագրերի, վերանորոգված ուսանողական տարածքների, գիտական միջոցառումների, միջազգային համագործակցության, կլինիկական ձեռքբերումների, վերջիվերջո՝ հազարավոր փրկված կյանքերի տեսքով:
Հաջողությունների կողքին քիչ չէին նաև թերությունները և թերացումները, սայթաքումները և վրիպումները, դեռևս չիրականացված նախաձեռնությունները, որոնք, սակայն, անխուսափելի էին:
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԵՊԲՀ-ականներին 2022 թվականը միասին անցնելու, հաջողություններով ուրախանալու, անհաջողություններից ու դժվարություններից չընկճվելու համար:
Գործընկերներիս` բուժաշխատողներին, ուզում եմ շնորհակալություն հայտնել 365-օրյա քրտնաջան ու նվիրական աշխատանքի համար, երբ առանց տրտնջալու ձեռնամուխ եք լինում մարդկանց օգնելու կարևոր, անգնահատելի առաքելությանը:
Փրկված կյանքերը, փոխված ճակատագրերը, ժպիտով բուժհաստատությունից հեռացող մեծահասակներն ու փոքրերն ամենամեծ գնահատականն են, որ կարող ենք ստանալ անքուն գիշերվա, ծանր հերթապահության, բարդ վիրահատության դիմաց:
Պրոֆեսորադասախոսական կազմից այս տարի կորուստները քիչ չէին, բայց մեկդարյա բուհում ավագներին, ուսուցիչներին մեծարելու ավանդույթը սերնդեսերունդ է փոխանցվելու, որովհետև միայն արժանի և շնորհակալ, գնահատել իմացող մարդը կարող է հասնել հաջողության:
Հարգելի գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ, թող լաբորատորիաներում անցկացված ձեր երկար ժամերը, հետազոտությունները, պրպտումները տան իրենց պտուղները` գիտական հոդվածների, նոր հայտնագործությունների, նվաճումների տեսքով:
Սիրելի ուսանողներ, ուզում եմ վստահ լինեք, որ բժշկական մեկդարյա բուհում իրականացվող բոլոր նոր մտահղացումների առանցքում դուք եք՝ ապագա մասնագետը, որին որակյալ բժշկական կրթությամբ ապահովելու գործում մենք ջանք չենք խնայել և չենք խնայելու: Թրծելով բժիշկների՝ մենք ձևավորում ենք բժշկագիտության պատմությունը և ուրվագծում կարևորագույն այս ոլորտի ապագան: Ուզում եմ ձեզ համար տարին ամփոփելիս որպես սովորող, որպես ուսանող, առաջին հերթին, արժևորեք այն գիտելիքները, որոնք ստացել եք և որոնք ծառայեցնելու եք հանուն մարդկանց առողջացման:
Համատեղ պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները` ի օգուտ մեր երկրում բժշկագիտության զարգացման, ի օգուտ բնակչության առողջության պահպանման:
2023 թվականը կկրկնապատկի մեր անելիքները` դարձնելով առավել ուժեղ, տոկուն, ստեղծագործ:
Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, երջանիկ և խաղաղ օրեր:
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր