Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«30 գարուն միասին». ԵՊԲՀ ՈՒԽ-ն նշեց հիմնադրման հոբելյանը. ֆոտոշարք

«30 գարուն միասին». ԵՊԲՀ ՈՒԽ-ն նշեց  հիմնադրման հոբելյանը. ֆոտոշարք

Կարմիր դահլիճը երկար դադարից հետո ողողվել էր ուսանողական, մշակութային ակտիվ շնչով։ Համալսարանականները ներկա գտնվեցին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված «Ուսանողական գարուն» միջոցառմանը, որը նվիրված էր ուսանողական կառույցի հիմնադրման 30-ամյակին։

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին պատերազմում զոհված կուրսընկերների, մերօրյա հերոսների, հերացիականների հիշատակը։

Ողջունելով ապագա բժիշկներին և դասախոաներին` Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շնորհավորեց բոլոր ներկաներին մի քանի տարի ընդմիջումից և օնլայն ձևաչափից հետո կրկին միմյանց «Ուսանողական գարուն» սպասված միջոցառման շրջանակում հանդիպելու համար։

Նա մաղթեց ուսանողներին ժպիտ ու գարնանային լավ տրամադրություն։

30 գարուն շարունակ բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի այս միջոցառումների շարքը սիրվել է համալսարանականների կողմից` ապահովելով ոչ միայն ուրախ ժամանց, այլև պահպանելով և փոխանցելով նոր սերնդին բուհական գեղեցիկ ավանդույթներ, որոնք ձևավորում են ջերմ մթնոլորտ։

Հայ և օտարերկրացի ապագա բժիշկները հանդես եկան երաժշտական, պարային կատարումներով, ասմունքի և հումորային համարներով։

Բուհի գլխավոր դահլիճը թնդում էր ծափողջյուններից. ՈՒԽ 30-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրվեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։  

«Շատ- շատ մեդալներ ունեմ, բայց սա ամենաթանկն է ինձ համար», – ընդգծեց Դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը։

Ուսանողական հոբելյանական մեդալների արժանացան Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Աշոտ Հակոբյանը, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Ռազմիկ Շամոյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը։

Շնորհավորելով բոլոր հերացիականներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բուհն ավարտելուց հետո ապագա բժիշկներն ապահովելու են ժողովրդի ամուր թիկունքը:

«Մենք 40 երկրում ունենք ԵՊԲՀ շրջանավարտներ, որոնք իրենց քաղաքացիների առողջության երաշխավորն են»,-նշեց բուհի ղեկավարը:

Նրա խոսքով՝ բուհը միշտ պետք է ապահովի ավյունով լի և ուրախ երիտասարդական շունչ:

«Բժիշկը չի կարող անհոգ լինել, սակայն մաղթում եմ, որ ուսանողական տարիներին ուրախ օրերն ու սերն անպակաս լինեն ձեզանից»,- իր անկեղծ սերն ապագա բժիշկներին խոստովանելով՝ հավելեց Արմեն Մուրադյանը:

Նա մաղթեց, որ բժշկական համալսարանում միշտ ուսանողական վառ հայացքներ, նորամուծություններ լինեն, ինչպես նաև ըմբոստ խոսքը, քանի որ ապագան երիտասարդներինն է, իսկ նրանք՝ բոլորի հույսը:

«Ուսանողական գարուն»  բուհական միջոցառման վերականգնմամբ,  բոլոր փորձություններից հետո ուսանողական կյանքը վերադառնում է 100-ամյա ԵՊԲՀ նոր զարկով ու շնչով: