Ակադեմիական հագուստը օրեր անց կփոխարինվի ճերմակ խալաթով. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 779 շրջանավարտ ավարտեց մեկդարյա կրթագիտական հաստատությունը` ապագայի ծրագրերով ու հայրենի բժշկագիտությունը զարգացնելու մեծ պատասխանատվությամբ:
«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք անցաք բավականին դժվար, հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհով, հաղթեցիք բժշկին հարիր այն գիտելիքների, փորձությունների, քննությունների ճանապարհը, որը ձեզ համար կյանքում դառնալու է մեծ հնարավորություն՝ ձեր մարդկային տեսակը, ձեր որակները կյանքի կոչելու բժշկական գործունեության ընթացքում: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, բժշկի կյանքում կարևորագույն ձեռքբերում է, երբ նա կարողանում է հաջողությունը վերցնել իր ձեռքը և բաց չթողնել: Բայց հաջողությունը մեկ անգամ դա բժշկի հաջողություն չէ, դա վտանգ է: Բժշկի հաջողությունը խորը գիտելիքների, հմտությունների, ուսուցիչների, բուհի հանդեպ պատասխանատվության մեջ է, խորը գիտակցության՝ իր երկրի և ժողովրդի, համամարդկային արժեքների առջև»,-որպես բժիշկ և որպես բուհի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ 2022-2023 ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարելով նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` շեշտելով, որ անցած վեց տարիները մեր երկրի կյանքում եղել են բարդ, պատասխանատու, եղել են մեծ փորձությունների տարիներ, որոնք ուսումնառության ընթացքում սովորողները պատվով կարողացան հաղթահարել:
Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի դասախոսական կազմին, Գիտական խորհրդին` տարիների աշխատանքով ևս մեկ սերունդ պատրաստելու համար, որը կշարունակի ժողովրդի ու ժողովուրդների թիկունքին լինելու առաքելությունը, այն ժողովուրդների, որոնք ԵՊԲՀ-ին վստահեցին բժշկական կրթություն ստանալու գործընթացը:
Առողջապահության ապագան կերտողներին խոսք հղելու հնարավորությունն այս տարի ընձեռվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանին:
Մանկաբուժության բնագավառում մեծ փորձ ունեցող մասնագետի հիմնական ուղերձն էր զարգացնել մեր երկրի բժշկագիտությունը:
«Այսօր տարիների քրտնաջան աշխատանքի գագատնակետն է: Մենք ընտրել ենք աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունը: Մենք նվիրում ենք առողջություն, մենք կյանքներ ենք փրկում և արդյունքում հաճախ կորցնում ենք մեր սեփական առողջությունը: Հավատացնում եմ ձեզ, որ չկա որևէ նյութական արժեք, որ կարող է փոխհատուցել մեր կորցրած առողջությունը, մեր անքուն գիշերները, միակ փոխհատուցումը դա մեր պացիենտների շնորհակալությամբ, երախտագիտությամբ լեցուն հայացքներն են, որոնք ամենօրյա ուժ են տալիս շարունակելու մեր նվիրական աշխատանքը»,- ասաց Հռիփսիմե Ապրեսյանը, ում կարծիքով` լավ բժիշկ լինելու համար, հեռահաղորդակցության մեծ հնարավորություններին զուգահեռ, անհրաժեշտ է ապրումակցում, մարդասիրություն, կարեկցանք, հիվանդին լսելու, սիրելու ունակություն, որոնք լավ մասնագետ դառնալու գրավականն են:
Հայ մանկան, ծնողների, քույրերի և եղբայրների իրավունքն է ստանալու լավագույն բժշկական օգնություն, և դրա իրականացումը Ապրեսյանի խոսքով` նաև այսօր բուհն ավարտողների ձեռքերում է:
Բժիշկ-դասախոսը, առողջապահության կազմակերպիչը մաղթեց, որպեսզի կյանքում անխուսափելի վայրէջքները, դժվարությունները չհուսահատեցնեն և չհիասթափեցնեն, առավել մեծ ուժերով վեր բարձրանալու հնարավորություն ընձեռեն:
Շրջանավարտներին շնորհավորելու հերթը ֆակուլտետների դեկաններին էր:
«Ամենասպասված, բայց միևնույն ժամանակ հոգու պոռթկում առաջացնող օր է ձեզ համար: Վերջը միշտ նոր ու գեղեցիկ սկզբի խորհուրդ ունի: Դուք այսօր կանգնած եք նոր վերելքներ տանող մասնագիտական ճանապարհի սկզբնահատվածում, անվարան անցեք այդ ճանապարհով, մենք ձեզ բժշկի ուղեգիր տալուց բացի տվել են նաև հավատի ուղեգիր: Հաստատակամ եղեք ձեր գործում, և զգույշ հավատի հարցում, որպեսզի չփշրեք այն: Ձեր մասնագիտությունն արդեն կոչում է, երբ այդ գործը կատարում եք սիրով՝ այն արդեն ձեր էությունն է: Շարունակեք սովորել, երբեք մի դադարեք սովորել, որովհետև դուք առաջնագծում եք և ձեր ընտրությունը կյանքն է: Բոլորիք մաղթում եմ ամենայն բարիք, շնորհավորում եմ անուն առ անուն, հպարտ եմ ձեր անկոտրում տեսակով»,- ասաց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի փոխանցմամբ` նա կյանքում որդեգրել է մի քանի սկզբունք, որոնք ուսուցողական են նաև շրջանավարտների համար. նվիրվածությունը հայրենիքին, սիրված և սիրելի ամուր ընտանիք, երրորդը` շրջապատված լինել նվիրված ընկերներով, նվիրված լինել բուժառուներին, սիրել նրանց որպես հարազատի:
«Պատմական ու կարևոր օր է, որը բերել է և ուրախություն, և ինչ-որ չափով նաև հուզիչ պահեր: Օր, որն ամփոփում է կյանքի այս շրջափուլի ավարտը և հիմք է տալիս դեպի նոր սկզբի: Սիրելի՛ ուսանողներ, արդեն կոլեգաներ, որպես բժիշկ ցանկանում եմ, որ լինեք առողջ` առողջ մարմնում առողջ հոգի սկզբունքով: Ողջ կյանքում առաջնորդվեք մարդասիրության սկզբունքով, միշտ բարձր պահեք սպիտակ խալաթը կրողի պատիվը`մասնագիտական երդմանը հավատարիմ: Կյանքի ուղին դեռևս չի ավարտվել և կշարունակվի այն, ինչի սկիզբը դրվել է 5-6 տարի առաջ: Թևակոխում եք մասնագիտացման հաջորդ փուլը, երբ պետք է մերժեք միջակությունը, միշտ առաջնորդվեք առաջինը լինելու գաղափարով և շարժվեք առաջ` արարելու և ստեղծելու, շենացնելու մղումներով»,- ամփոփեց Լազար Եսայանը` ավելացնելով, որ պատերազմում և համավարակի դեմ պայքարում այսօրվա շրջանավարտներն ապացուցեցին, որ արժանի են:
Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանի դիտարկմամբ` այս միջոցառումը սովորական չէ, որովհետև յուրաքանչյուր տարվա շրջանավարտները անհատականություններ են՝ իրենց ցանկություններով, ձիրքերով, հնարավորություններով և նրանց միավորում է հարզատ համալսարանը.
«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք իրավամբ կարող եք հպարտանալ երկար տարիների տքնաջան աշխատանքների արդյունքում ձեռք բերածներով՝ ավարտական վկայականով, գիտելիքներով, հմտություններով, սակայն սա չպետք է ձեզ հանգստացնի, ինչպես ասում են՝ դուք չպետք է ննջեք դափիների վրա: Եթե ամեն օր և ամեն ժամ չկատարելագործեք ձեր գիտելիքներն ու հմտությունները, ապա դրանք շատ արագորեն կսպառվեն, դուք պետք է նվիրված լինեք ձեր գործին և ձեր կոչմանը: Շնորհավորում եմ, ցանկանում եմ հաջողություններ»:
ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտներն այս ուսումնական տարում աշխարհի 16 երկրից են:
«Բժշկական համալսարանում մենք ձգտում ենք մեր ուսանողներին տրամադրել լավագույն կրթությունը` նրանց պատրաստելով ապագա մասնագիտությամբ` բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական ուղղություններով աշխատելու համար: Միջազգային արագ փոփոխվող աշխատաշուկայում մրցունակ լինելու համար պետք է լինել պրակտիկորեն կոփված, ճկուն, և աշխատել արդյունավետ, ստեղծարար և պետք է կարողանաք ունենալ կրիտիկական մտածողություն»,- շեշտեց Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը` հավելելով, որ պրոֆեսիոնալ բժիշկ դառնալը պահանջում է բազմաթիվ զոհաբերություններ, բայց և նվիրում է հիվանդների ապաքինմամբ պայմանավորված երջանիկ ակնթարթներ:
Նրա խորհուրդն էր՝ երբեք չխուսափել խորհրդակցել ավագ, առավել փորձառու գործընկերների հետ, քանի որ բժշկի սխալի գինը կարող է առողջություն և կյանք արժենալ:
«Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներից դուք դառնում եք մեզ գործընկեր, բժիշկներ: Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անունից թույլ տվեք շնորհավորել ձեզ բժշկի և հատկապես ռազմաբժշկի բարձր կոչման համար: Այն մեծ ու լայն ճանապարհ է բացում ձեր առաջ և ես վստահ եմ, որ դուք պատվով և պատասխանատվությամբ եք անցնելու այդ ուղին: Ուսումնառության տարիներին դուք հիանալի կրթություն եք ստացել, ձեզ դասավանդել են բարձրակարգ մասնագետներ, ծանոթացել եք բժշկության, մասնավորապես ռազմաբժշկության փառահեղ պատմությանը, որի պատվավոր կրողներն ու կերտողներն այլևս նաև դուք եք լինելու, ձերն է հայոց պետականության ապագան, դուք եք վաղվա Հայաստանի կերտողները»,- բարի երթ մաղթելով կուրսանտներին նշեց Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:
Գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների երդման արարողությամբ:
«..Բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս, անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից և կրոնական դավանանքից…»,- Հիպոկրատի երդման տեքստից հատված է, որին հավատարիմ են բժշկի ուղին շարունակում «Հերացի» մեծ բժշկագիտական ընտանիքի բոլոր շրջանավարտները:
Գիտական խորհրդի նիստի փակման խոսքում ԵՊԲՀ ռեկտորն առանձնահատուկ հիշեց նահատակված մերօրյա այն հերոսներին, որոնք ուսումնառության ընթացքում զոհվեցին հանուն հայրենիքի:
«Եղեք մարդասեր, պատրաստակամ, ծայրահեղ պատասխանատու և մշտապես զարգացող, բժիշկն իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում սովորում է: Եթե դուք գիտեք և կարող եք, ապա դուք պարտավոր եք: Բոլորիս անունից ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այն տղաներին, որոնք այս պահը չապրեցին, և նրանց փոխարեն մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչը նրանք երազել են»,- ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը:
Ավարտին ռեկտորը տոնական տորթը կտրելու համար մեծ հարգանքով ու ակնածանքով հրավիրեց Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին, որը բժշկական կրթօջախն ավարտել է ուղիղ 6 տասնամյակ առաջ և 60 տարի անց որևէ օր նրա կապը չի ընդհատվել «Ալմա մատեր»-ի հետ և ներկա է այս հանդիսությանը:
Միջոցառումը եզրափակվեց երաժշտական կատարումներով ու ավարտողների ժպիտներով լեցուն լուսանկարներով:
Օրվա գլխավոր խորհուրդն էր՝ աշխարհի որ անկյունում էլ հետագայում մասնագիտական գործունեություն ծավալեն շրջանավարտները միշտ հպարտորեն կրեն հերացիական լինելու բարձր կոչումը և շարունակեն համալսարանական մեծ ընտանիքում ձևավորված բժշկագիտական ավանդույթները: