Բարձրագույն կրթության ոլորտում տեխնոլոգիաների արագընթաց զարգացումն ու նոր իրողությունները բուհերից պահանջում են պարբերաբար վերանայել և արդիականացնել ուսումնական գործընթացն ու վարքագծային կանոնները։
Երևանի պետական բժշկական համալսարանն ընդունել է Սովորողների ներքին կարգապահական նոր կանոնակարգ, որն անդրադառնում է ինչպես ակադեմիական ազնվությանը, այնպես էլ քննական գործընթացներում արհեստական բանականության և արտաքին կապի տեխնիկական միջոցների կիրառման սահմանափակումներին։
Նոր կանոնակարգի անհրաժեշտության, սովորողների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև սահմանված նոր պահանջների մասին զրուցել ենք ԵՊԲՀ իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի հետ։
–Սովորողների ներքին կարգապահական նոր կանոնակարգի ընդունման անհրաժեշտությունն ինչո՞վ էր պայմանավորված։ Ի՞նչ խնդիրներ էր անհրաժեշտ կարգավորել կամ վերանայել գործող կանոնակարգում։
-Առաջին հերթին դա բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջն է․ բուհը պետք է ունենա վարքագծային համապատասխան կարգավորումներ: Սովորողների ներքին կարգապահական նորացված կանոնակարգի մշակումն ու հաստատումը պայմանավորված են նաև նոր իրողությունների առաջացմամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների արագ զարգացմանը, որոնց ընձեռած հնարավորություններից ուսանողները երբեմն օգտվում են՝ վնասելով գիտելիքներ ձեռք բերելու իրենց իսկ կարողություններին:
–Ի՞նչ նկատի ունեք․ նոր կանոնակարգով գլոբալ առումով ի՞նչ փոփոխություններ են կատարվել։ Որո՞նք են այն հիմնական նորությունները, որոնք ուսանողը պետք է իմանա և հաշվի առնի իր առօրյա ուսումնական գործունեության ընթացքում։
-Մինչ նորագույն տեխնոլոգիաներին անդրադառնալը՝ նշեմ, որ Բժշկական համալսարանի սովորողների ներքին կարգապահական կանոնակարգն ունի դաստիարակչական և կանխարգելիչ նպատակներ ու խնդիրներ: Համալսարանի ղեկավարության և ուսումնական պատասխանատուների նպատակը ուսանողներին պատասխանատվության ենթարկելը չէ, այլ վերջիններիս որոշակի վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության մասին իրազեկելը:
Համալսարանը նպատակ ունի ապահովելու նաև սովորողների՝ միմյանց հետ, ինչպես նաև սովորողների և աշխատակիցների փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն ապահովող միջավայր: Սովորողը պետք է իմանա, որ պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել այլ սովորողների ու աշխատողների իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ: Կանոնակարգը միայն վարքագծային պարտականություններ չէ, որ սահմանում է․ դրանով ամրագրված են նաև սովորողի բազմաթիվ իրավունքներ: Օրինակ՝ ուսանողն իրավունք ունի սովորելու իր իրավունքների ու ազատությունների հարգման, համաչափ պատասխանատվության միջոցների կիրառման, կրթության համար բարենպաստ պայմաններում, ստանալու համալսարանի կրթության կազմակերպիչների և դասախոսների աջակցությունը ուսումնական, կազմակերպական, վարքագծային, դաստիարակչական ու այլ հարաբերություններում, ինչպես նաև ուսումնառության ողջ ընթացքում ակնկալելու օբյեկտիվ և անաչառ վերաբերմունք:
Ինչ վերաբերում է նորագույն տեխնոլոգիաներին, ապա խոսքը գիտելիքների ստուգման գործընթացներում տեխնիկական միջոցների օգտագործման, իսկ որոշ դեպքերում, կասեի՝ դրանց չարաշահման մասին է:
Առաջին հերթին անդրադառնանք շատ արագ զարգացող արհեստական բանականության (ԱԲ) գործիքներին: Մեկ օրինակ բերեմ․ մագիստրոսական թեզը ուսանողի գիտելիքների, հմտությունների և մտածողության առկայությունը ստուգելու գործիք է: Եթե ուսանողը նյութը ներկայացնում է ամբողջությամբ օգտվելով արհեստական բանականության հնարավորություններից, գիտելիքի օբյեկտիվ ստուգման հնարավորությունը հավասարվում է նվազագույնի: Իհարկե, դա չի վերաբերում այն դեպքերին, երբ Համալսարանի կողմից կսահմանվեն արհեստական բանականությունից օգտվելու սահմանները՝ հաշվի առնելով պատասխանատու կիրառման քաղաքականությունը թե՛ ուսումնական գործընթացի կազմակերպման, թե՛ գիտելիքների ստուգման փուլերում:
Հաջորդ հարցը վերաբերում է գիտելիքի ստուգման ընթացքում ուսանողների կողմից արտաքին կապ ապահովող սարքավորումների օգտագործմանը: Այդ սարքավորումները բազմատեսակ են, երբեմն՝ անտեսանելի, և տարեցտարի առավել կատարելագործվում են: Լինում են ուսանողներ, որոնք փորձում են այդ սարքերի միջոցով դրական գնահատականներ ստանալ: Այս դեպքերում Համալսարանը որդեգրել է հստակ քաղաքականություն․ քննական գործընթացի պատասխանատուներն իրավունք և հնարավորություն ունեն, որոշակի պայմանների ապահովմամբ, օգտագործել հատուկ որոնողական տեխնիկական միջոցներ:
Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ ուսանողը փորձում է կիրառել արտաքին կապ ապահովող սարքեր: Կանոնակարգով սահմանվում է, որ գիտելիքների ստուգման գործընթացում արտաքին կապ ապահովող տեխնիկական միջոցների օգտագործման արգելքը խախտելու դեպքում սովորողի նկատմամբ կիրառվում է Համալսարանից հեռացում կարգապահական տույժը: Գտնում եմ, որ պատասխանատվության այս միջոցի ընտրությունը համաչափ է, քանի որ Բժշկական համալսարանի դիպլոմով առողջապահական համակարգ պետք է մտնեն բավարար չափով բանիմաց մասնագետներ:
–Կանոնակարգը վերաբերում է ԵՊԲՀ բոլոր սովորողներին։ Արդյո՞ք այն նույն կերպ է կիրառվում ուսանողների, կլինիկական օրդինատորների, ասպիրանտների և մյուս սովորողների նկատմամբ, թե՞ կան առանձնահատկություններ։
-Կանոնակարգը վերաբերում է բժշկական համալսարանի բոլոր համակարգերում սովորողներին, այդ թվում՝ քոլեջի ուսանողներին:
–Ակադեմիական ազնվության սկզբունքը կանոնակարգում բավականին կարևոր տեղ ունի։ Ի՞նչ է այն ենթադրում ԵՊԲՀ սովորողի համար։
-Խոսքը ուսումնառության ընթացքում ազնիվ վարքագիծ դրսևորելու մասին է: Օրինակ՝ գիտելիքի ստուգման գործընթացում ուսանողը չի կարող ներկայանալ մեկ այլ սովորողի փոխարեն: Հետազոտական և այլ աշխատանքներ իրականացնելիս նա պետք է կատարի ճշգրիտ հղումներ սկզբնաղբյուրներին և բացառի այլ անձի կողմից կատարված ուսումնական, հետազոտական կամ գիտական աշխատանքը որպես իրենը ներկայացնելը․ այսինքն՝ գրագողությունն արգելվում է: Բացի այդ, ուսանողն իրավունք չունի ներկայանալ որպես բուժաշխատող, անձանց տալ առողջությանն ու բուժմանը վերաբերող խորհուրդներ կամ ցուցումներ և այլն:
–Արտաքին տեսքին ներկայացվող պահանջների սահմանումը սովորաբար բավականին զգայուն թեմա է ուսանողների համար։ Ի՞նչ անհրաժեշտությամբ են սահմանվել այդ պահանջները։
-Այո՛, զգայուն է, համաձայն եմ: Սակայն կարծում եմ, որ Համալսարանը սահմանել է լիովին խելամիտ պահանջներ: Սովորողը Համալսարան պետք է ներկայանա խնամված տեսքով և հագուկապով, եղունգները պետք է լինեն մաքուր և կարճ, հագուստը՝ կրթական միջավայրին էթիկապես հարիր: Վարսերը պետք է լինեն խնամված ու հարդարված, հիվանդանոցներում անցկացվող դասընթացների ժամանակ՝ հավաքված: Տղա սովորողներին գերադասելի է լինել սափրված կամ ունենալ խնամված ու ոչ երկար մորուք, և այլն:
Որպես վերջաբան նշեմ, որ կանոնակարգով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում նախատեսվում է պատասխանատվության միջոցների կիրառում՝ նկատողություն, իսկ որոշ դեպքերում՝ համալսարանից հեռացում: Խորհուրդ եմ տալիս ուսանողներին ծանոթանալ կանոնակարգին և հետևել սահմանված կանոններին: Խորհուրդ եմ տալիս նաև իրենց վարքագծում առաջնորդվել ազնվության, փոխադարձ հարգանքի և էթիկապես ճիշտ փոխհարաբերությունների կանոններով: