ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 2-րդ, 3-րդ կուրսերի և քոլեջի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ֆարմակագնոզիա դասընթացի 2023-2024 ուսումնական տարվա ամառային պրակտիկան անցկացվեց Հայաստանի տարբեր մարզերում:
Նախապես մշակված երթուղիներով, ուսումնական պրակտիկան կազմակերպվեց Ծաղկաձորի մերձակա անտառային գոտում, Արագածոտնի մարզի դաշտավայրերում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում և դեղաբույսերի աճեցմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկում («Նաիրյան»):
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան Հայաստանի ֆլորային բնորոշ վայրի բուսատեսակների (սրոհունդ, ճարճատուկ, ոջլախոտ, ղանձլամեռ, խատուտիկ, ջղախոտ,կղմուղ, խնկածաղիկ, հազարատերևուկ, տարկավան և այլն), դրանց հավաքման, առաջնային մշակման, չորացման և հերբարիզացման կանոններին:
Խանդավառությունը մեծ էր հատկապես դեղաբույսերի աճեցմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը տեղակայված է Արագածոտնի մարզում:
Այն այսօր աչքի է ընկնում դեղաբույսերի մշակմամբ և դրանցից բազմաթիվ յուրատիպ կոսմետիկ և խնամքի միջոցների արտադրությամբ:
Ընկերության գործադիր տնօրենը` կենսաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հովհաննիսյանը, ապագա բժիշկներին ներկայացրեց արժեքավոր այն բուսատեսակները (նարդոս, անանուխ, վարդ, խորդենի և այլն), որոնցից ստացվող եթերայուղերը կիրառվում են բուժիչ օճառների, կոսմետիկ քսուքների և լոսյոնների արտադրության մեջ:
Ուշագրավ էր նաև այցը Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտ, որտեղ կենսաբանական գիտությունների թեկնածու, ինստիտուտի գիտական քարտուղար Աստղիկ Կարապետյանը ուսանողներին ներկայացրեց անհող պայմաններում դեղատու տեսակների աճեցման և կիրառման առանձնահատկությունները:
Պրակտիկայի ավարտին ուսանողների գործնական գիտելիքը և հմտությունները ստուգվեցին իրենց իսկ կողմից պատրաստված հերբարիումների, հավաքված և ճիշտ չորացված բուսահումքերի և լրացված օրագրերի համաձայն: