Հոկտեմբերի 16-ը բժշկական օրացույցում նշվում է որպես անեսթեզիայի (անզգայացման) համաշխարհային օր: Այս օրը խորհրդանշում է անեսթեզիոլոգների աշխատանքի գնահատումը, ովքեր առանցքային դեր են խաղում վիրաբուժական միջամտությունների ընթացքում պացիենտների անվտանգության ապահովման գործում: Անեսթեզիոլոգների համաշխարհային օրը կապված է պատմական իրադարձության՝ 1846 թվականին Թ. Մորթոնի և վիրաբույժ Ջ. Ուորենի կողմից իրականացված առաջին ընդհանուր նարկոզով վիրահատության հետ, որն արմատապես փոխեց վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի մոտեցումները:
Անեսթեզիոլոգիան տեխնոլոգիապես ամենաարագ զարգացող մասնագիտություններից մեկն է:
Այս տարվա թեման է` «Անզգայացումն արտակարգ բժշկական իրավիճակներում», որը նպատակ ունի ընդգծելու այս մասնագիտության անփոխարիների դերը շտապ և անհետաձգելի իրավիճակներում պացիենտի ցավը մեղմելու և առաջին օգնություն ցուցաբերելու գործում:
Անեսթեզիոլոգիան (հին հունարեն՝ ἀν-, ժխտական նախածանց, αἴσθησις, զգայունակություն և λόγος, ուսուցում) կլինիկական բժշկության ճյուղ է, որը զբաղվում է անզգայացման ապահովման միջոցների և մեթոդների ուսումնասիրությամբ սուր ցավերի, շոկային վիճակների, վնասվածքների, վիրահատական միջամտությունների ժամանակ։ Անեսթեզիոլոգիան սովորաբար սերտորեն կապված է ռեանիմատոլոգիայի (վերակենդանացման) հետ, քանի որ անզգայացման ժամանակ անեսթեզիոլոգը ստիպված է նաև լուծել կենսապահովման (շնչառություն, արյան շրջանառություն) և հոմեոստազի պարամետրերի պահպանման խնդիրները:
Միայն անեսթեզիոլոգը կարող է պացիենտ ուղարկել Մորփեուսի թագավորություն, որպեսզի նա այնտեղ ցավ չզգա, և նշանակված ժամին նրան վերադարձնի այս աշխարհը։
Շնորհավորում ենք անեսթեզիոլոգներին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ նրանց անվտանգ վիրահատություններ, երախտապարտ պացիենտներ և, իհարկե, առողջություն: