Անհաս նորածինների կյանքի առաջին պայքարը․ Նեշ Քինի պատմությունը

Անհաս նորածինների կյանքի առաջին պայքարը․ Նեշ Քինի պատմությունը

Յուրաքանչյուր երեխայի ծնունդ նոր կյանքի սկիզբ է, սակայն որոշ փոքրիկների համար կյանքի առաջին օրերը սկսվում են լուրջ մարտահրավերներով։

Անհաս նորածինների համաշխարհային օրվա՝ նոյեմբերի 15-ի հիմնական կոչն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը վաղաժամ ծննդաբերությունների, դրանց հետևանքով առաջացող առողջական խնդիրների, ինչպես նաև անհաս նորածինների որակյալ բժշկական օգնության և շարունակական խնամքի կարևորության մասին։

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` վաղաժամ ծնված երեխաների կյանքի համար պայքարի ուշագրավ օրինակներից է ամերիկացի Նեշ Քինի պատմությունը։ 2024 թվականի հուլիսի 5-ին ԱՄՆ Այովա նահանգում ծնվեց մի փոքրիկ, որի քաշն ընդամենը 285 գրամ էր, իսկ հասակը՝ 24 սմ։ Նեշը լույս աշխարհ եկավ հղիության ընդամենը 21-րդ շաբաթում՝ սպասվող ժամկետից 133 օր շուտ։ Նրա կյանքի առաջին օրերը լի էին անորոշությամբ, իսկ ողջ մնալու հավանականությունը՝ չափազանց փոքր։ Նեոնատոլոգների և բուժանձնակազմի շուրջօրյա աշխատանքի շնորհիվ Նեշը հաղթահարեց կյանքի առաջին ամիսների բազմաթիվ բարդությունները։

Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրած 189 օրերից հետո՝ 2025 թվականի հունվարին, նա վերջապես տուն վերադարձավ։ 2025 թվականին նրա անունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենավաղաժամ ծնված և ողջ մնացած երեխա։

ԱՀԿ-ի սահմանմամբ՝ վաղաժամ է համարվում հղիության 37 լրացած շաբաթից առաջ տեղի ունեցած կենդանի ծնունդը։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես յուրաքանչյուր 10-րդ երեխան ծնվում է վաղաժամ։ 2020 թվականին գրանցվել է շուրջ 13․4 միլիոն վաղաժամ ծնունդ։ Վաղաժամ ծննդաբերության բարդությունները շարունակում են մնալ մինչև 5 տարեկան երեխաների մահացության առաջատար պատճառներից մեկը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից բժշկության և նորածնային ինտենսիվ թերապիայի զարգացումը հնարավորություն է տալիս փրկել բազմաթիվ անհաս նորածինների կյանքեր և բարելավել նրանց հետագա առողջական վիճակը։

Անհաս նորածիններն առավել խոցելի են շնչառական խանգարումների, վարակների, մարմնի ջերմաստիճանի կարգավորման դժվարությունների, կերակրման խնդիրների և զարգացման որոշ խանգարումների նկատմամբ։ Այդ պատճառով առանձնահատուկ նշանակություն ունեն ժամանակին ցուցաբերվող բժշկական օգնությունը, կրծքի կաթով սնուցումը, մաշկ-մաշկ շփումը, ինչպես նաև երեխայի առողջության և զարգացման շարունակական հսկողությունը։

Հայաստանում ևս վաղաժամ ծննդաբերությունները մոր և մանկան առողջության պահպանման կարևոր խնդիրներից են։ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգրքի համաձայն՝ 2022 թվականին արձանագրվել է 2236 վաղաժամ ծնունդ, ինչը կազմել է հղիությունն ավարտած կանանց 6%-ը։ Այս տվյալներն ընդգծում են հղիների պատշաճ նախածննդյան հսկողության, ռիսկերի վաղ հայտնաբերման և մասնագիտացված նորածնային ծառայությունների հասանելիության կարևորությունը։

2026 թվականին օրվա միջազգային կարգախոսն է՝ «Փոքրիկ երեխաներ, մեծ ներուժ․ ներդրում կատարենք շարունակական խնամքի մեջ՝ պաշտպանելու նրանց ապագան»։ Այս տարվա նախաձեռնությունը հատկապես կարևորում է անհաս նորածինների առողջության և զարգացման հսկողությունը ոչ միայն հիվանդանոցային բուժման ընթացքում, այլև դուրսգրումից հետո։

Վաղաժամ ծնված յուրաքանչյուր երեխա արժանի է առողջ մեծանալու հնարավորության, իսկ յուրաքանչյուր ընտանիք՝ մասնագիտական աջակցության, հոգատարության և վստահության։ Նրանց առողջ ապագան կախված է շարունակական խնամքից, ժամանակին իրականացվող միջամտություններից և ընտանիքների նկատմամբ ցուցաբերվող աջակցությունից։