Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Մկրտչյանն արժանացել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի: Այս ֆակուլտետից Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի 2026-2027 ուսումնական տարում արժանացել է երեք ուսանող։ Նրանց շարքում միջին թվաբանական գնահատականի ամենաբարձր ցուցանիշն ունի Ռոբերտը՝ գլխավորելով կրթաթոշակառուների ցանկը։
«Սա ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող ձեռքբերում է։ Այն տարիների հետևողական աշխատանքի, ուսման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մասնագիտական ինքնազարգացման ձգտման կարևոր գնահատականն է»,-հպարտանում է ապագա բժիշկը։
Վերջին հինգ տարվա ընթացքում նա ունեցել է բարձր ակադեմիական առաջադիմություն՝ ձգտելով ոչ միայն յուրացնել ուսումնական նյութը, այլև խորությամբ հասկանալ բժշկական գիտության տարբեր ոլորտները։
Ուսմանը զուգահեռ, ներգրավվել է նաև գիտահետազոտական գործունեության մեջ․ մասնակցել չորս գիտական հոդվածների պատրաստմանը և հրապարակմանը։
«Այս ձեռքբերումն ինձ համար մեծ ուրախություն, հպարտություն և, միաժամանակ, պատասխանատվություն է։ Ինձ համար հատկապես կարևոր է, որ այս կրթաթոշակը կրում է հայ բժշկության մեծագույն ներկայացուցիչներից Մխիթար Հերացու անունը։ Նրա անունը կրող կրթաթոշակին արժանանալն ինձ համար նաև խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ այն կապում է իմ այսօրվա ձեռքբերումը հայ բժշկության հարուստ պատմության և դրա հետագա զարգացման հեռանկարի հետ։ Կարծում եմ՝ այս ձեռքբերումը ոչ միայն իմ ուսումնառության վերաբերյալ գնահատականն է, այլև ապագայում ավելի մեծ նպատակներ սահմանելու խթան է, լրացուցիչ հնարավորություն՝ շարունակելու գիտական և մասնագիտական զարգացումը, ընդլայնելու գիտելիքներս և հետագայում իմ ներդրումն ունենալու բժշկության զարգացման գործում»,-նշում է Ռոբերտ Մկրտչյանը:
Նա խոստովանում է, որ բժշկությունն իր համար պարզապես մասնագիտություն չէ, այլ գիտության, պատասխանատվության և մարդասիրության համադրություն:
«Բժշկի մասնագիտության ընտրության իմ պատմությունը որոշակի առումով նույնիսկ զավեշտալի եմ համարում, քանի որ մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել եմ բացառման սկզբունքով։ 12-րդ դասարանում, դեռևս հստակ պատկերացում չունենալով՝ ինչ մասնագիտություն ընտրել, ինքս ինձ երկու հարց տվեցի․ո՞ր մասնագիտությունն է պահանջում անդադար կատարելագործում, և ո՞ր գործունեությամբ երբեք չեմ հոգնի զբաղվելուց: Հաշվի առնելով նաև բնական գիտությունների, հատկապես մարդու օրգանիզմի կառուցվածքի, գործառույթների և հիվանդությունների զարգացման մեխանիզմների նկատմամբ հետաքրքրությունս՝ ընտրությունս կանգ առավ բժշկության վրա»,-նշում է ապագա բժիշկը։
ԵՊԲՀ ուսանողը կարծում է՝ բժշկության ամենագեղեցիկ առանձնահատկություններից է այն, որ այն հնարավորություն է տալիս ուսումնառության ընթացում ձեռք բերած գիտելիքը կիրառել մարդկանց օգնելու համար:
«Ինձ ամենից շատ ոգեշնչում է գիտակցումը, որ բժշկի ճիշտ որոշումը, մասնագիտական գիտելիքներն ու մարդկային վերաբերմունքը կարող են էականորեն փոխել մարդու կյանքը։ Հենց այս գաղափարն է շարունակում ամրապնդել բժիշկ դառնալու իմ ընտրությունն ու մոտիվացնել մասնագիտական զարգացման ճանապարհին»,-ընդգծում է ապագա բժիշկը։
Ռոբերտ Մկրտչյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ բժշկի մասնագիտական ճանապարհը ամենաբարդերից և ամենախստապահանջներից է։
«Ամեն անգամ, երբ հուսահատվում եք կամ հոգնածություն զգում, հիշեք որ պատկանում եք այն մարդկանց փոքր շրջանակին, ովքեր ընտրել են մի ուղի, որի յուրաքանչյուր քայլը մարդասիրության մասին է և հանուն մարդասիրության։ Մի՞թե կա դրանից ավելի վեհ առաքելություն, քան մարդուն առողջություն պարգևելն ու կյանքեր փրկելը», -ասում է ԵՊԲՀ ուսանողը:
Բժշկության ոլորտներից նրան առավելապես հետաքրքրում է մանկաբարձությունն ու գինեկոլոգիան, նա հետագայում կցանկանար խորացնել գիտելիքները վերարտադրողական բժշկության և վերարտադրողական էնդոկրինոլոգիայի ուղղություններում։
«Այս ոլորտների նկատմամբ հետաքրքրությունս պայմանավորված է դրանց բացառիկ համադրությամբ․այստեղ հիմնարար բժշկական գիտելիքները, ժամանակակից տեխնոլոգիաներն ու գիտական առաջընթացը միավորվում են՝ անմիջական ազդեցություն ունենալով մարդու կյանքի վրա: Ինձ հետաքրքրում են վերարտադրողական համակարգի բարդ մեխանիզմները, անպտղության պատճառների բացահայտումն ու բուժման ժամանակակից մեթոդները»,-ընդգծում է Ռոբերտը:
Նրա ցանկությունն է համալրել պրոֆեսիոնալ մասնագետների շարքը, որոնց հաջողվում է արդյունավետ բուժման շնորհիվ երջանկություն պարգևել տարիներով փոքրիկի ծննդյանը սպասող ընտանիքներին:
«Ապագայում ցանկանում եմ լինել ոչ միայն բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող բժիշկ, այլև շարունակաբար զարգանալ գիտական ոլորտում՝ հետևելով նորագույն հետազոտություններին և հնարավորության դեպքում ինքս նպաստել դրան։ Ինձ համար կարևոր է այնպիսի մասնագետ դառնալ, ում լիարժեք կվստահի բուժառուն: Ցանկանում եմ ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և մասնագիտական փորձ, ներգրավվել գիտահետազոտական աշխատանքներում և իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել մարդկանց առողջության բարելավմանը»,-շեշտում է ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառու ուսանողը։