Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Հայկ Բարսեղյան. բժշկությունը գիտելիքի և պատասխանատվության ոլորտ է

Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Հայկ Բարսեղյան. բժշկությունը գիտելիքի և պատասխանատվության ոլորտ է

Բժշկական համալսարան ընդունվելը Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Հայկ Բարսեղյանի գիտակցված ընտրությունն է եղել։ Նա միշտ հետաքրքրվել է մարդու օրգանիզմում կատարվող փոփոխություններով և առողջապահական ոլորտով։

Ըստ նրա՝ բժշկությունը մասնագիտություն է, որտեղ գիտելիքն ու մարդասիրությունը միահյուսված են իրար:

«Ես ընտրեցի այս ուղղությունը, որովհետև ուզում եմ իմ գիտելիքով և աշխատանքի միջոցով իրական օգնություն ցուցաբերել մարդկանց: Բացի այդ, այն մշտապես զարգացող ոլորտ է, և ես ուզում եմ լինել այդ առաջընթացի մի  մասնիկը»,-նշում է Հայկը։

ԵՊԲՀ ուսանողի խոսքով՝ բժշկական կրթությունը մեծ պատասխանատվություն է պահանջում, և բուհի միջավայրը ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դառնալու գիտակ և մարդկային արժեքներով առաջնորդվող մասնագետ։

«Հիվանդանոցային պրակտիկան օգնում է զգալ, որ արդեն քայլեր ես կատարում դեպի իրական բժշկություն, ուր մուտք գործելու համար պետք է տիրապետել և՛ գործնական հմտություններին, և՛ տեսական գիտելիքին՝ համադրելով դրանք։ Անհրաժեշտ է միաժամանակ ցուցաբերել բարձր առաջադիմություն, որովհետև այն բժշկի մասնագիտությունն ընտրած ուսանողի համար չափազանց կարևոր է, քանի որ բժշկությունը գիտելիքի և պատասխանատվության ոլորտ է»,-նշում է նա։

Անվանական կրթաթոշակառուի գնահատմամբ՝ լավ առաջադիմությունը ոչ միայն արտացոլում է ուսանողի գիտելիքի մակարդակը, այլև ցույց է տալիս նրա պատասխանատվությունն ու աշխատասիրությունը։

Ապագա բժշկի համար ամեն մանրուք կարող է վճռորոշ լինել, ուստի մշտական առաջադիմությունն ու ինքնազարգացումը կարևոր նախապայմաններ են մասնագիտական հաջողության հասնելու համար։

«Ուրախ եմ, որ համալսարանը ամեն կերպ ոգևորում, աջակցում է իր ուսանողներին։ Եվ այսօր, ինձ համար մեծ պատիվ է անվանական կրթաթոշակի արժանանալը։ Այս ձեռքբերումը հաստատեց, որ տարիների ընթացքում ներդրված աշխատանքն ու նվիրումը արժևորվել են։ Այդ կարգավիճակը պարտավորեցնում է էլ ավելի աշխատասիրությամբ շարունակել ուսումը՝ չնայելով հանդիպող զանազան խոչընդոտներին և դժվարություններին»,-անկեղծանում է հերացիականը։

Ապագա բժիշկը վստահ է՝ դժվարությունները ուսման ընթացքում անխուսափելի են, որոնք հաղթահարելու համար մտավոր և հոգեբանական պատրաստվածություն է հարկավոր. «Ես փորձում եմ այդ դժվարություններին մոտենալ որպես նոր փորձառության, քանզի նման մոտեցումը ինձ օգնում է պահպանել թե՛ ուսման որակը, թե՛ հոգեբանական հավասարակշռությունը։ Այս մոտեցմանը օժանդակում են նաև դասախոսները»:

Նրա խոսքով՝ դասախոս-ուսանող փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։

«Դասախոսների աջակցությունն ու փորձառության կիսումը մեծ նշանակություն ունի մեր գիտելիքի զարգացման և գործնական հմտությունների ձևավորման համար։

Եթե խոսենք այլ մասնագիտությունների մասին, պետք է նշեմ, որ երբեք չեմ դիտարկել որևէ այլ ոլորտ։ Բժշկությունն իմ միակ ընտրությունն է եղել, քանի որ այն համադրում է իմ հետաքրքրությունները, նպատակները և արժեքները»,-հավելում է նա։

Հայկը որպես նեղ մասնագիտացում ընտրել է ինտերվենցիոն սրտաբանությունը, քանի որ այն ներկայացնում է ոսկե միջինը թերապիայի և վիրաբուժության միջև։

«Այստեղ բժիշկը միաժամանակ պահպանում է մտածող թերապևտի դերը և ձեռք է բերում վիրաբույժին բնորոշ հմտություններ։ Վերջապես, այն զարգացող և նորարար ոլորտ է, որտեղ շարունակաբար ներդրվում են նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ, ինչը թույլ է տալիս մշտապես ունենալ մասնագիտական աճ»- խոսքն ամփոփում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը։