ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, «Կառլեն Եսայանի անվան» կրթաթոշակառու Մերի Պառավյանը մանկուց է երազել աշխարհը լցնել ժպիտներով։
«Ընտրել եմ այս մասնագիտությունը մարդկանց կյանքի որակը բարելավելու, նրանց մի փոքր երջանկացնելու և ամենագլխավորը՝ կյանքը երկարացնելու համար՝ ինչպես բժշկական, այնպես էլ խոհափիլիսոփայական իմաստով»,-ասում է ապագա բժիշկը՝ կարևորելով ստոմատոլոգիան բժշկագիտության ճույղերի շարքում:
Խոսելով մասնագիտության մասին՝ Մերի Պառավյանն ընդգծում է, որ մի շարք հիվանդությունների նախանշաններն ու ախտանիշներն առաջինը դրսևորվում են բերանի խոռոչում։
«Մեր խնդիրն է ճիշտ կանխարգելել, ախտորոշել ու բուժել հիվանդությունները»,-ընդգծում է նա՝ ավելացնելով, որ բժշկի կարևոր հատկանիշներից է համարում նվիրվածությունը, հոգատարությունը, ինքնազարգացումն ու ինքնակրթությունն ու մասնագիտության մեջ հմտանալու ձգտումը:
Դեռ փոքր տարիքից ուսման նկատմամբ նրբանկատ և պահանջկոտ ապագա ստոմատոլոգը՝ դպրոցում ևս սովորել է բարձր առաջադիմությամբ:
«Մասնակցել եմ օլիմպիադաների բնագիտական առարկաներից և ունեցել եմ ձեռքբերումներ։ «Պատանի քիմիկոսների մրցաշարում» արժանացել եմ «թիմի լավագույն խաղացողը» մրցանակին»,-պատմում է բժշկական բուհի սովորողը, որն ընդունելության քննությունները բարձր բալերով հաղթահարելով ՝ ընդունվել է անվճար հիմունքներով։
«Համալսարանական կյանքը շատ հետաքրքիր ու բացահայտումներով լի է։ Ունենք անգերազանցելի պրոֆեսորադասախոսական կազմ, որոնք մեկդարյա պատմություն ունեցող բուհում կրթում և գիտելիքով են զինում բժշկի մասնագիտությունն ընտրած ուսանողներին»,- շեշտում է ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը, որն արդեն հասցրել է հրապարակել իր անդրանիկ հոդվածը՝ «Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» գիտագործնական հանդեսում՝ «Կալցիումի հիդրօքսիդի և Pro Root MTA-ի արդյունավետության համեմատումը չձևավորված մշտական ատամների ապեքսիֆիկացիայի ժամանակ» թեմայով։
ԵՊԲՀ-ում բարձր առաջադիմությամբ սովորելը նրա համար երբեք բարդ չի եղել, քանի որ դա անում է սիրով և նվիրումով։
«Կա հստակ գիտակցում՝ եթե բժիշկ, ուրեմն միայն լավ և հզոր մասնագետ։ Բժիշկ պետք է դառնալ միայն մարդասիրական նկատառումներով և գործողությունները ծավալել մարդու առողջության, բարօրության և երջանկության համար»,-կարծում է նա՝ ավելացնելով, որ հպարտությամբ և պարտավորվածությամբ է կրում «Կառլեն Եսայանի անվան» կրթաթոշակառուի անունը:
Որպես նեղ մասնագիտացում՝ Մերի Պառավյանը նախատեսում է ընտրել մանկական ստոմատոլոգիան։
«Գիտեմ, որ բարդ ընտրություն եմ կատարել, բայց ինձ համար երեխաների հետ աշխատելը հաճելի է, և չեմ խուսափում այդ ոլորտի դժվարություններից»,-հավելում է նա:
Անվանական կրթաթոշակառուի կարծիքով՝ մասնագիտական կայացման համար դեռ երկար ու բարդ ճանապարհ կա, որը պատրաստ է անցնել սիրով, իր առջև դրված յուրաքանչյուր առաջադրանքը կատարելով բարեխղճորեն։
«Մարդկանց օգնելու ձգտումը, անհատական մոտեցումը և նույնիսկ անհնարինն անելու բժշկի կամքը՝ հաջողության հասնելու ուղիներից է»,-եզրափակում է ապագա մանկական ստոմատոլոգը, որը նպատակ ունի աշխատել նորարարական մոտեցումներով և տեխնոլոգիական նորույթներով։