Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանական կրթաթոշակառուն դեղագիտության ոլորտում ունի անսահմանափակ հնարավորություն՝ գիտության մեջ խորանալու և հետազոտություններ իրականացնելու համար

Անվանական կրթաթոշակառուն դեղագիտության ոլորտում ունի անսահմանափակ հնարավորություն՝ գիտության մեջ խորանալու և հետազոտություններ իրականացնելու համար

Այն գիտակցումը, որ ապագայում պետք է գիտելիքները ծառայեցնել մարդկանց առողջությանն ու կյանքերի պահպանմանը, ավելի նախանձախնդիր է դարձնում բժշկական համալսարանի ուսանողներին՝ կրթվելու և որպես մասնագետ կայանալու հարցում։ Դեղագիտական ֆակուլտետի ուսանող, «Հակոբ Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու Կիմա Պետրոսյանն այս սկզբունքով է մոտիվացնում ինքն իրեն։

Բժշկականում սովորելու երազանքն իրականություն դարձրած ապագա դեղագետի ընտանիքում չնայած բժիշկ-մասնագետներ չեն եղել, բժշկական բուհի անցուդարձը մշտապես եղել է նրա ուշադրության կենտրոնում: «Համալսարանի կայքում հենց անվանական կրթաթոշակառուների մասին տեղադրված նյութերն ինձ առանձնահատուկ հիացմունք էին պատճառում»,-ասում է բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը՝ շեշտելով, որ բժշկական համալսարան ընդունվելն իր կյանքում իսկապես մեծ իրադարձություն էր, և այժմ ժպիտով է հիշում ուսանողական տարիները, դժվարությունները, հիասթափությունները, և նույն ոգովել է պատրաստվում է շարունակել, քանի որ բուհում դեռ շատ անելիք ունի։ «Բժշկականն ինձ բացի գիտելիքներից ու հնարավորություններից տվեց թանկ ու հարազատ մարդկանց, որոնք ավելին են, քան պարզապես ընկերներ։ Հիացմունքի ու երախտիքի բազմաթիվ խոսքեր կհղեի մեր դեկանին, փոխդեկանին, դասախոսներին, որոնք՝ իմ բուհ մտնելու առաջին օրվանից մինչ այժմ ամեն քայլափոխի, որպես ավագ ընկերներ, աջակցել ու աջակցում են ինձ»,- նշում է Կիմա Պետրոսյանը։

Դեղագետի մասնագիտացում ստանալուց հետո մասնագիտական կայացման ճանապարհին անդրադառնալով՝ հավելում է, որ իր ընտրած բնագավառում կան անսահմանափակ հնարավորություններ՝ գիտության մեջ խորանալու, հետազոտություններ իրականացնելու և մարդկությանն անհայտ բազում «ինչո՞ւ»- ների պատասխան տալու համար։ «Դա միանշանակ հնարավոր է: Կարծում եմ՝ «ինչու՞»-ներից մեկի պատասխանը մի օր ես կտամ։ Իհարկե, ոլորտի ոչ բոլոր ճյուղերն են ինձ հոգեհարազատ, սակայն վստահ եմ՝ իմ նախընտրած ոլորտում ես ճանապարհ կհարթեմ՝ որպես լավ մասնագետ»,-ասում է նա:

Որպես դեղագիտական ֆակուլտետի ուսանող՝ «Հակոբ Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակի արժանանալը Կիմա Պետրոսյանը համարում է պարտավորեցող։

«Եվ առողջապահության, և ֆարմացիայի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Ես շատ կուզեի, որ մեր ինստիտուցիոնալ մոդելը հնարավորինս նմանվեր զարգացած երկրների մոդելին, լինեին հստակ տարանջատումներ: Պետք է բոլորի մեջ լինի հստակ գիտակցում, որ իսկապես, պացիենտներին ու ոլորտին առնչվող տարբեր մասնագետների  հետ պետք է աշխատեն մարդիկ, որոնք գիտելիքների մեծ պաշարով են զինված»,-կարծում է ապագա դեղագետը՝ եզրափակելով, որ միայն մասնագիտական գիտելիքները բավական չեն, և բժշկությունը շարունակ ինքնակրթվելու  և ինքնակատարելագործվելու բնագավառ է։