Դեռ ավագ դպրոցից բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Անի Գրիգորյանը հետաքրքրվում էր գիտությամբ և կամավորական աշխատանքներ կատարում հենց գիտության ոլորտում։ ԵՊԲՀ-ում ուսումնառության ընթացքում առաջին կուրսից ապագա բժիշկը Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներից էր, մասնակցել է գիտական խմբակների աշխատանքներին, համակարգել միջոցառումները:
«Ուսանողական գիտական ընկերությանն անդամակցելու հենց առաջին տարվա ընթացքում Ուսանողական գիտական օրվա շրջանակում հանդես եմ եկել պաստառային զեկույցով և տպագրել եմ իմ առաջին աբստրակտը։ Հետագայում 2018-2021 թվականներին եղել եմ «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջոցառման կազմակերպչական թիմում»,- պատմում է Անին: Այս ընթացքում ձեռք է բերել մի շարք հմտություններ՝ սկսած փորձարարական կենդանիների հետ աշխատելուց մինչև գիտական հոդվածներ գրելը։ Այժմ սովորողն ընդգրկված է SCAUT հետազոտական ծրագրում և որպես մենթոր օգնում է բուհի «Հետազոտության հիմունքներ» առարկան ընտրած երկրորդ կուրսի ուսանողներին պատրաստել իրենց հետազոտական ծրագիրը։ SCAUT-ը «Հորիզոն 2020»-ի «Արագ առաջընթաց դեպի նորարարություն» մրցույթի հաղթող դրամաշնորհներից է, որի համակարգողը Նիդեռլանդների Լաբոնովում կենսատեխնոլոգիական ընկերությունն է։ Նախագծի գործընկեր հաստատություններն են Մոնպելիեի համալսարանը, Blok System Supply B.V. ընկերությունը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը։
Լավ մասնագետ դառնալու համար Անին վստահ է, որ բժիշկը պետք է նաև որոշ չափով գիտնական լինի: «Հետաքրքրասիրությունը և անընդհատ նորն իմանալու ցանկությունն են զարգացնում բժշկագիտությունը ու էլ ավելի հզորացնում պրակտիկ բժշկությունը։ Առանց գիտական բաղադրիչի առաջընթաց չի կարող լինել ոչ մի ոլորտում»,- ընդգծում է նա:
Ինքնակատարելագործումն ու մասնագիտական շարունակական կրթությանն ուղղված շատ նպատակներ ունի: Ծրագրում է դառնալ մաշկավեներաբան և զբաղվել պրակտիկ բժշկությամբ` գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում նաև կամվորական աշխատանք է կատարել:
Կարևորելով ուսուցման դերը Երևանում՝ Արցախից ժամանակավորապես տեղափոխված աշակերտներին դասավանդել մաթեմատիկա ու անգլերեն։ Բացի դասապատրաստումից նաև ներգրավվել է ընտանիքներին անհրաժեշտ պարագանորեվ ապահովելու գործընթացին։