Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն

Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին:

Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Արմաիս Կամալովը իր նախագահությամբ գործող «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և գործընկեր՝ ՌԴ ամենամեծ բժշկական հրատարակչության «ԳԷՕՏԱՐ-Մեդիա»-ի հիմնադիր, ռուս գիտնական Գուզել Ուլումբեկովայի անունից ԵՊԲՀ-ին նվիրաբերեց  գրադարանային թվային համակարգից օգտվելու հնարավորություն:

«Մեր օրերում տեղեկատվությունը շատ է: Ուսանողին, բժշկին որևէ բան  արագ որոնելու համար առկա է գրականությունը համակարգելու, թվայնացնելու անհրաժեշտություն: «ԳԷՕՏԱՐ-Մեդիա» ընկերութունը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին և իրենց  կողմից ստեղծված գրադարանային թվային համակարգը թույլ է տալիս և՛ բժիշկներին, և՛ դասախոսներին օգտվել եզակի այս հարթակից»,- ընդգծեց Արմաիս Կամալովը՝ մանրամասնելով, որ գրադարանային թվային համակարգը թույլ կտա շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագիտական կամ ուսումնական նյութը:

«Պետք է ընդամենը մուտքագրել անհրաժեշտ հիվանդության, խնդրի անունը, հետքրքրող թեման  և համակարգը կառաջարկի բազմաթիվ նյութեր, որոնք կարելի է  ուսումնասիրել և ստանալ տվյալ հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն»,- նշեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

Գրադարանային այս համակարգն հարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք աուդիոնյութի միջոցով կարող են լսել դասախոսություններ, ընթերցել գրքեր, որոնք թույլ կտան հավասար սկզբունքներով օգտվել էլեկտրոնային հարթակից՝ առանց տեսողությանը վնաս պատճառելու:  

«Ես կարծում եմ՝ այսօր թվայնացումն ամբողջ աշխարհում, բոլոր ուղղություններով զարգացում է ապրում, այդ թվում բժշկագիտության ոլորտում, և իր արտացոլանքն է գտել գրադարանային այս եզակի համակարգում»,- եզրափակեց անվանի բժիշկ-գիտնականը:

Արմաիս Կամալովն անդրադարձել է նաև սովորողների մասնագիտացման ընտրությանը՝ կաևորելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթությունը, գիտելիքների կատարելագործումը:

ԵՊԲՀ պատվավոր դոկտորը ներկայացրել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, կառույցի առաքելությունը, որն ակադեմիկոսը ղեկավարում է 2014 թվականից:

2010 թվականից նա նաև համալսարանի Հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Ռուսաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահը։

Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ: 

Ապագա բժիշկների խոսքով՝ անվանի բժիշկ-գիտնականների հետ նման ինտերակտիվ հանդիպումները շատ ուսուցողական են և մոտիվացնող: Նրանք հյուրին հղել են բազմաթիվ հարցեր, ստացել պատասխաններ՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային թվային համակարգից օգտվելու ընձեռված հնարավորության համար:

Հիշեցնենք, որ գիտական խորհրդի որոշմամբ՝ Արմաիս Կամալովը սեպտեմբերի 23-ին  համալրել է բժշկական 100-ամյա դարբնոցի պատվավոր դոկտորների ներկայացուցչական կազմը։