Բժշկական բուհում ապագա բժիշկներից շատերն իրենց ուսումնառության ընթացքում հասցրել են այնքան հմտանալ, որ ինչպես կորոնավիրուսային համավարակի, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ աչքի են ընկել բժշկին վայել կեցվածքով:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի արդեն 5-րդ կուրս տեղափոխված Հովհաննես Սարգսյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որը Երևանի շտապօգնության բրիգադի կազմում Արցախ և Վարդենիս կատարած շուրջ 35 այցի ընթացքում վիրավոր զինվորների է տեղափոխել Երևան` անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Ծնունդով արցախցի ապագա բժիշկին, որը շտապօգնության ծառայությունում աշխատում է մոտ 5 ամիս, պատերազմի վերսկսման մասին տեղեկացրել են ընտանիքի անդամներն ու դասընկերները: «Մասնագիտական կայացման ճանապարհին միշտ էլ գիտակցել եմ, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել ամեն ինչի»,- ընդգծում է ապագա բժիշկը, որը պատերազմի ժամանակ սովորել է լինել ավելի պատասխանատու, ավելի նվիրված ու համբերատար, ինչպես նաև նրա մոտ ավելացել է սառնասրտությունը:
Պատերազմի ժամանակ հանդիպած բազում դժվարությունների շարքում` ամենամեծը համարում է հոգեբանական սթրեսը, որն ինչպես նշում է ԵՊԲՀ ուսանողը, իր մեջ կարողացել է հաղթահարել:
Ապագա բժիշկը որպես նեղ մասնագիտացում նախատեսում է ընտրել վիրաբուժությունը: Նրա կարծիքով` բժիշկն առաջին հերթին պետք է լինի խելացի, պատասխանատու իր ամեն մի քայլի համար, անշահախնդիր, ինչպես նաև ժամանակակից. տիրապետի բժշկության նորագույն հնարավորություններին:
Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրված և անմնացորդ ծառայության համար ՀՀ առողջապահության պատվոգրերով պարգևատրված ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողն այժմ շարունակում է մասնագիտանալ Երևանի Covid շտապօգնության ծառայությունում: «Այստեղ աշխատանքն ինձ տվել է մուտք բժշկական ոլորտ»,-ընդգծում է ապագա բժիշկը: