Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է այն պահը, երբ պետք է կայացնի կարևորագույն որոշում՝ ընտրել ուղի, որը ոչ միայն մասնագիտություն կդառնա, այլև կոչում ու ինքնադրսևորման միջոց։ Բժշկի ուղին այն ճանապարհներից է, որտեղ քայլողն ամեն օր մեծ աշխատանք է կատարում հանուն մյուսների։
Այդ ճանապարհով արդեն հինգ տարի վստահորեն քայլում է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Քնարիկ Կարապետյանը։ Նրա ներշնչման աղբյուրը սեփական ընտանիքն է, իսկ ընտրության հիմքում՝ անսահման սերը մասնագիտության հանդեպ։
«Տեսնելով հայրիկիս անսահման նվիրումը բժշկությանը՝ արդեն գիտակից տարիքում հստակ որոշեցի, որ կրթությունս շարունակելու եմ մեր մայր բուհում, իսկ ֆակուլտետի ընտրության հարցում այլընտրանք պարզապես չէր կարող լինել», – նշում է Քնարիկը՝ ընդգծելով, որ բժշկության ճանապարհը հեշտ չէ, սակայն դժվարությունները երբեք չեն կանգնեցրել նրան, քանի որ նա միշտ լիարժեք պատկերացնում է իր նպատակը։
«Կստեմ, եթե ասեմ, թե հեշտ է։ Բայց ամեն ինչ հաղթահարելի է, երբ հստակ գիտես, թե ինչի համար ես պայքարում: Ոչ մի դեպքում չպետք է ընկճվել, քանի որ կյանքը լի է ինչպես անկումներով, այնպես էլ նվաճումներով», – վստահեցնում է Քնարիկը:
Նրա համոզմամբ՝ բժշկությունն այն ոլորտն է, որտեղ երբեք չես դադարում սովորել, որտեղ անհրաժեշտ է մշտապես տեղեկացված լինել բժշկական նորարարություններին։ Բարձր առաջադիմություն ունենալուց բացի, կարևոր է նաև ինքնակրթությունը:
Բժշկի առօրյան լի է անակնկալներով ու բարդ իրավիճակներով։ Քնարիկի խոսքով՝ այս ամենը հաղթահարելու իր ուժեղ պատվարն ու ներշնչանքն ընտանիքն է։
«Ցանկացած իրավիճակում կարևոր է չկորցնել զգոնությունը և գիտակցել, որ խուճապը միայն խանգարում է առաջընթացին։ Սակայն չեմ կարող չնշել, որ անսահման աջակցություն եմ ստանում ծնողներիս կողմից, ինչն ինձ շատ ոգևորում է», – անկեղծանում է ԵՊԲՀ սովորողը:
Ուսանողական կյանքում դասախոսների դերն առանձնահատուկ է։ Քնարիկը բարձր է գնահատում այն վստահության մթնոլորտը, որն առկա է իր և դասախոսների միջև։
«Իմ դեպքում դասախոս-ուսանող փոխհարաբերությունները միշտ ձևավորվել են այնպես, որ դասախոսներին դիտարկել եմ որպես ավագ ընկերներ, որոնցից շատ բան ունեմ սովորելու։ Նրանց հետ կապը գնահատում եմ այնքան, որ վստահ եմ՝ այն կարող է շարունակվել անգամ համալսարանն ավարտելուց հետո», – նշում է հերացիականը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը ազատ ժամերին սիրում է գիրք կարդալ բնության գրկում, զբոսնել երեկոյան ժամերին և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ: