Այսօր Ուսանողական խորհրդարանը կազմակերպել էր հանդիպում առաջին կուրսի ուսանողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ապագա բժիշկներին՝ նշեց, որ նրանք ընտրել են ամենամարդասիրական մասնագիտությունը.
«Առաջին կուրսից սկսած դուք մեր կրտսեր գործընկերներն եք: Վերջին երկու տարվա ընթացքում ուսանողները կարողացան դառնալ ամուր թիկունք հիվանդանոցներում, շտապօգնության ծառայությունում, կատարեցին կամավորական աշխատանքներ»:
Արմեն Մուրադյանը կարևորելով Ուսանողական խորհրդարանի գործունեությունը, ապագա բժիշկներին հորդորեց լինել ակտիվ ինչպես ուսանողական կյանքում, այնպես էլ հիվանդանոցներում, կլինիկական աշխատանքներում.
«Ուսանողական տարիներն ամենաքաղցր տարիներն են, եղեք ակտիվ, անկաշկանդ,շիտակ…»:
Բուհի ղեկավարը հանդիպման ընթացքում նաև կարևորեց առաջին կուրսեցիների դերը հակահամաճարակային միջոցառումներում:
«Շատ կարևոր է ձեր լուսավորչական կեցվածքը` կապված դիմակների, պատվաստումների, սոցիալական հեռավորության հետ: Ցանկացած հարցով կարող եք դիմել ձեր ավագ ընկերներին»,- նշեց բուհի ղեկավարը: