Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արյան դոնորի համաշխարհային օրն է. կարևոր և հետաքրքիր փաստեր

Արյան դոնորի համաշխարհային օրն է. կարևոր և հետաքրքիր փաստեր

Արյան դոնորի համաշխարհային օրը, որը նշվում է արդեն 20 տարի անընդմեջ յուրաքանչյուր տարի` հունիսի 14-ին, այս տարի կմիավորի ԱՀԿ-ին, նրա գործընկերներին ու բոլոր համայնքներին ամբողջ աշխարհում «Արյան բարեգործական նվիրատվության 20-ամյա հոբելյան. շնորհակալությու՛ն արյան դոնորներ» կարգախոսի շուրջ:

Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակը հիանալի և լավ առիթ է շնորհակալություն հայտնելու ամբողջ աշխարհի արյան դոնորներին իրենց նվիրատվությունների համար, ովքեր տարիների ընթացքում կյանքեր են փրկել, և նշել նրանց հսկայական ազդեցությունը ինչպես հիվանդների, այնպես էլ դոնորների վրա: Սա նաև տեղին պահ է շարունակական խնդիրները լուծելու և առաջընթացն արագացնելու համար դեպի այնպիսի ապագա, որտեղ արյան անվտանգ փոխներարկումը հասանելի կլինի ողջ հանրությանը:

Արշավի նպատակները`

  • երախտագիտություն հայտնել միլիոնավոր կամավոր արյան դոնորներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության և բարեկեցության ապահովման գործում
  • իրազեկել արյան դոնորության ազգային ծրագրերի ձեռքբերումների և խնդիրների մասին և կիսվել լավագույն փորձով և քաղած դասերով
  • ընդգծել կանոնավոր, անվճար արյան նվիրատվության շարունակական անհրաժեշտությունը` անվտանգ արյան փոխներարկման համընդհանուր հասանելիություն ապահովելու համար
  • խթանել արյան կանոնավոր նվիրատվության մշակույթը հատկապես երիտասարդների շրջանում և բարձրացնել արյան դոնորների պահուստի բազմազանությունն ու կայունությունը:

 Հետաքրքիր փաստեր

  • Ամբողջ աշխարհում հավաքված 118.5 միլիոն արյան նվիրատվություններից 40%-ը բաժին է ընկնում բարձր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 16%-ը:
  • Ցածր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկման դեպքերի մինչև 54%-ը կատարվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկումն առավել հաճախ կատարվում է 60 տարեկանից բարձր պացիենտների մոտ, որոնք կազմում են բոլոր փոխներարկումների մինչև 76%-ը:
  • 1000 մարդու հաշվարկով արյան նվիրատվության մակարդակը բարձր եկամուտ ունեցող երկրներում կազմում է 31.5, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում ՝ 16.4, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում ՝ 6.6, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում ՝ 5.0:
  • 2008-2018 թվականներին կամավոր, անհատույց արյան դոնորների թիվն աճել է 10.7 միլիոնով: Ընդհանուր առմամբ, 79 երկրներ իրենց արյան ավելի քան 90%-ը ստանում են կամավոր, անհատույց դոնորներից: Այնուամենայնիվ, 54 երկրներ իրենց արյան ավելի քան 50%-ը ստանում են պացիենտների ընտանիքի անդամներից, հարազատներից կամ վճարովի դոնորներից:
  • ԱՀԿ տեղեկատվություն ներկայացրած 171 երկրներից միայն 56-ն են արտադրում պլազմայից ստացված դեղամիջոցներ (PDMP):

Համաձայն վիճակագրության` յուրաքանչյուր 3-րդ մարդն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դոնորական արյան կարիք է ունենում։

ԱՀԿ տվյալներով, որպեսզի երկիրը կարողանա ինքնուրույն ապահովել ամբողջական արյան և դրա բաղադրիչների  պահանջները՝ անհրաժեշտ է, որ արյուն հանձնի երկրի բնակչության 2-6%-ը:

Եվրոպայում այս ցուցանիշները տատանվում են 0,4%-ից, օրինակ` Հայաստանում, Տաջիկստանում, մինչև 6,4%՝ Դանիայում, Գերմանիայում, իսկ Ռուսաստանում այն կազմում է 1,5%, ԱՄՆ-ում՝ 6%։

Արյան ծառայության զարգացումը նաև ԵՊԲՀ առաջնահերթություններից է. այդ նպատակով 2017 թվականին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվել է Արյունաբանական կետ, որտեղ իրականացվում են դոնորական արյան և դրա բաղադրիչների ընդունման ծառայություններ, որոնք հատկապես մեծածավալ էին 2020թ. պատերազմի ժամանակ:

Հարկ է նշել, որ նույն տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Արյունաբանական կետում իրականացվել է 1.900 արյունատվություն, ինչը գրեթե 2 անգամ գերազանցել է 2017-2019թթ.-ի տարեկան ցուցանիշները` ապահովելով արյան և նրա բաղադրիչների մեծ պաշար:

Ներկայումս համալսարանական Արյունաբանական կետում առկա է 650 դոնորից բաղկացած ռեեստր, որի կազմում շուրջ 250-ը բժշկական համալսարանի ուսանողներ են: