Աշխարհահռչակ Արամ Չոբանյանի ընտանիքի կողմից սահմանված մրցանակը շնորհվեց երկու երիտասարդ սրտաբանի

Աշխարհահռչակ Արամ Չոբանյանի ընտանիքի կողմից սահմանված մրցանակը շնորհվեց երկու երիտասարդ սրտաբանի

Բժշկական համալսարանում շարունակվում է 4-րդ միջազգային «Երևանյան սրտանոթային սիմպոզիումը»:

Գիտաժողովի հիմնական թեման սրտային անբավարարությունն է։

Միջոցառման երկրորդ օրը` հոկտեմբերի 2-ը, մեկնարկեց հատուկ ծրագրային հատվածով` Երիտասարդ հետազոտողների նիստով, որը նվիրված էր հայկական առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունեցած, Բոստոնի համալսարանի նախագահ և Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, զարկերակային հիպերտենզիայի ոլորտում աշխարհահռչակ փորձագետ Արամ Չոբանյանի հիշատակին։

Հայաստանցի մասնագետները ներկայացրին իրենց հետազոտական նախագծերը և սեփական պրակտիկայում հանդիպած բարդ կլինիկական դեպքերը:

Այս տարի Արամ Չոբանյանի ընտանիքի կողմից սահմանված մրցանակը շնորհվեց երիտասարդ 2 սրտաբանի` Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս Անի Ռափյանին և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի  Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի բժիշկ Ռուզաննա Ալավերդյանին։ Նշենք, որ այս կրթաթոշակները երիտասարդ հետազոտողներին տրամադրում է Հայ օգնության ֆոնդը:

Սիմպոզիումի հաջորդ մասում քննարկվեցին զեկուցումներ` նվիրված սրտի փոխպատվաստման թեմային: Մադրիդի Gregorio Maranon համալսարանական հիվանդանոցի սրտային սուր խնամքի բաժանմունքի ղեկավար Մանուել Մարտինես-Սելլեսը գործընկերներին ներկայացրեց Իսպանիայի փորձը, նորամուծությունները և մարտահրավերները: Ախտաբանաանատոմիական ուղղությունն արծարծվեց Բոստոնի Tufts բժշկական կենտրոնի նյարդաախտաբան Քնարիկ Արկունի կողմից:

Հայ-գերմանական համատեղ հանդիպման շրջանակում անցկացվեց նաև հատուկ դասախոսություն՝ աշխարհահռչակ սրտաբան Յուջին Բրաունվալդի հիշատակին, որը տեսակապի միջոցով ներկայացրեց Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը` «Կորոնար միկրոանոթային դիսֆունկցիա և սրտային անբավարարություն» խորագրով:

Անդրադարձ կատարվեց սրտային անբավարարության հատուկ տեսակներին, ախտորոշմանը, կանխարգելմանը, մոնիտորինգին, բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդներին, կլինիկական ուղեցույցների նորություններին, ինչպես նաև հիվանդության կառավարման տարբեր փուլերին վերաբերող արդի ռազմավարություններին:

Հիշեցնենք, որ 4-րդ միջազգային «Երևանյան սրտանոթային սիմպոզիումը» համախմբել է Հայաստանի և արտերկրի առաջատար սրտաբանների ու սրտանոթային ոլորտի մասնագետների։

Եռօրյա միջոցառման աշխատանքները կամփոփվեն վաղը` հոկտեմբերի 3-ին: