Միլանում կայացած “Mining Biochemistry for Human Health and Disease” խորագիրը կրող 48-րդ FEBS կոնգրեսի ելույթներն այս տարի նվիրված էին կենսաքիմիային, մոլեկուլային և բջջային մեխանիզմների մոտեցմանը՝ որպես մարդու առողջության և ախտաբանության անսպառ ինֆորմացիայի աղբյուր: Այս ուղղությամբ իրականացված գիտական հետազոտությունների արդյունքներից բացի, FEBS-ը գիտական հանրությանը ներկայացրեց նաև ոլորտի նորագույն ձեռքբերումների արդյունաբերական նշանակությունը:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» հետազոտական թիմի կատարած ուսումնասիրության արդյունքները կենտրոնի գլխավոր գիտական աշխատող, պրոֆեսոր Կոստանտին Ենկոյանի գլխավորությամբ ներկայացվել են “Oxidative Damage and Alteration of Celllar Bioenergetics in Primary Culture-Based Model of Alzheimer’s Disease” աշխատանքով, որի շուրջ հավաքվել ու հետաքրքիր քննարկումներ են ունեցել հետազոտողներ աշխարհի բոլոր ծայրերից:
Անդրադառնալով այս տարի կայացած կոնգրեսի կատարած աշխատանքներին՝ պրոֆեսոր Կոստանտին Ենկոյանը նշել է, որ որպես մանկավարժներ և հետազոտողներ՝ իրենք եզակի դիրքում են՝ կամրջելու առաջացող գիտահեն ինֆորմացիայի և դասավանդման մեջ դրա կիրառման միջև առկա բացը: Սա ներառում է ոչ միայն ուսումնական ծրագրերի թարմացում վերջին հետազոտություններն արտացոլելու համար, այլև ուսանողներին ներգրավել իրական աշխարհի գիտական հարցերով ու մեթոդներով:
Խոսելով ապագա հեռանկարի, Ալցհեյմերի հետազոտության և կրթական ինտեգրման առաջխաղացման մասին՝ նա ընդգծել է, որ լաբորատորիայից դուրս, ոլորտի մասնագետները այս առաջադեմ բացահայտումները պարտավորվում են ինտեգրել կրթական պրակտիկայում: Ուսումնական ծրագրում ներառելով վերջին հետազոտությունները՝ հույս ունեն ոգեշնչել ուսանողներին նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ոլորտում լուծումների շարունակական որոնմանն ու դիմագրավել գիտական մարտահրավերներին:
«Այս երկակի մոտեցումը` զարգացնելով հետազոտությունը միաժամանակ ընդլայնելով կրթությունը, երաշխավորում է, որ մեր աշխատանքը բժշկական համալսարանի COBRAIN կենտրոնի նեյրոգիտության լաբորատորիայում կշարունակի նշանակալից ազդեցություն ունենալ ինչպես գիտական հանրության, այնպես էլ հետազոտողների հաջորդ սերնդի վրա»,-ասել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորը՝ FEBS-ի 48-րդ կոնգրեսից հետո տված հարցազրույցում:
Նշենք նաև, որ այս անգամ կոնգրեսը նշանավորվել է Նոբելյան մրցանակակիրներ Բրյուս Ալան Բոյտլերի, Ռոբերտ Հուբերի, Վենկատրաման Ռամակրիշնանի, Ջոն Ուոքերի զեկույցներով: Ելույթ են ունեցել նշանավոր գիտնականներ Էլենա Կոնտին ու Բրենդա Շուլմանը Մաքս Պլանկ ինստիտուտից, Ալբերտո Մանտովանին, Սանդրո Սոննինոն Միլանի համալսարանից և այլք: