Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օր

Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օր

Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը, որն այս տարի նշվում է մայիսի 7-ին կազմակերպվում է Ասթմայի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության (GINA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության կողմից` սկսած 1993 թվականից: Օրն անցկացվում է ամեն տարի մայիսին՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկությունը ասթմայի խնդրի վերաբերյալ ամբողջ աշխարհում:

2024թ.-ին ասթմայի համաշխարհային օրվա արշավի շրջանակներում, Ասթմայի համաշխարհային նախաձեռնությունը ընտրել է «Ասթմայի վերաբերյալ կրթությունը հզորացնում է» խորագիրը: Կազմակերպությունն ընդգծում է ասթմայով ախտորոշված մարդկանց համապատասխան կրթություն տրամադրելու անհրաժեշտությունը, որը թույլ է տալիս կառավարել իրենց հիվանդությունը և ճանաչել, թե երբ պետք է դիմել բժշկական օգնության: Առողջապահության մասնագետները կոչված են բարձրացնելու իրենց իրազեկությունը ասթմայի շարունակական կանխարգելելի հիվանդացության և մահացության, ինչպես նաև ասթմայի արդյունավետ բուժման վերաբերյալ հրապարակված ապացույցների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրենց պացիենտներին տրամադրել հուսալի տեղեկատվություն և օպտիմալ բուժում:

Ասթման ամենատարածված քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններից մեկն է, որն ազդում է ավելի քան 260 միլիոն մարդու վրա և ամեն տարի հանգեցնում է ավելի քան 450.000 մահվան ամբողջ աշխարհում, որոնց մեծ մասը կանխարգելելի է:

Հիմնական համընդհանուր մարտահրավերները, որոնց համար անհրաժեշտ է ուսուցում, անբավարար կամ անճիշտ ախտորոշումն է, բուժման միջոցների անբավարար օգտագործումը կամ գերօգտագործումը և մասնագետի կողմից գնահատման և հետագա բուժման կարիք ունեցող հիվանդների անբավարար հայտնաբերումը:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բուժման ինհալացիոն դեղամիջոցների, հատկապես ինհալատորների պակասը, որոնք պարունակում են ինհալացիոն կորտիկոստերոիդներ, հիմնական պատճառն է, որ այդ երկրներում տեղի է ունենում ասթմայից մահացությունների ավելի քան 90%-ը:

Քաղաքականության մշակողները և դեղագործական արդյունաբերությունը պետք է բարձրացնեն իրենց իրազեկությունը և ուժեղացնեն իրենց ջանքերը՝ ապահովելու համար, որ էկոլոգիապես մաքուր ինհալացիոն դեղամիջոցները հասանելի լինեն բոլոր երկրներում ՝ «առանց որևէ մեկին անտեսելու»: