Բժշկությունը մարդկության ամենահին և մարդասիրական մասնագիտություններից է։ Դեռևս հնագույն ժամանակներից բժիշկը հասարակության մեջ ընկալվել է ոչ միայն որպես հիվանդություն բուժող, այլև որպես հույսի, վստահության և կյանքի պահպանման խորհրդանիշ։
Դարերի ընթացքում բժշկությունը ձևավորվել և զարգացել է՝ անցնելով ժողովրդական փորձից դեպի գիտականորեն հիմնավորված, տեխնոլոգիաներով հագեցած և կանխարգելման սկզբունքների վրա կառուցված ժամանակակից առողջապահական համակարգ։ Մեր օրերում այս առաջընթացը համալրվում է նաև արհեստական բանականության հնարավորություններով։
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության մեջ բժշկի կերպարը ևս ունեցել է առանձնահատուկ հարգանք։ Միջնադարյան հայ բժշկապետներ՝ Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին, հայ բժշկական մտքի այն ներկայացուցիչներից էին, որոնց ժառանգությունը ցույց է տալիս, որ առողջության պահպանումը մեր մշակույթում վաղուց դիտարկվել է ոչ միայն որպես մասնագիտական գործունեություն, այլև որպես մարդասիրական ու բարոյական բարձր պատասխանատվություն։
Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 21-ին, օրը պաշտոնապես ամրագրված է ՀՀ կառավարության որոշմամբ։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` 2025 թվականի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում ներկայացված 2024թ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում բոլոր մասնագիտություններով բժիշկների թիվը կազմել է՝ 12․899, կամ 41.9 բժիշկ 10․000 բնակչի հաշվով։ Համեմատության համար՝ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 13․943 բժիշկ կամ 46.6՝ 10․000 բնակչի հաշվով։
Այս թվերը մի կողմից վկայում են Հայաստանում բժշկական մասնագիտական ներուժի առկայության մասին, մյուս կողմից՝ հիշեցնում են առողջապահական մարդկային ռեսուրսների ճիշտ բաշխման, պահպանման և շարունակական զարգացման կարևորությունը։ Բժշկների թիվը միայն քանակական ցուցանիշ չէ, այն նշանակում է հասանելի խորհրդատվություն, ժամանակին ախտորոշում, բուժման ճիշտ քաղաքականություն, հիվանդի վստահություն և համակարգի կայունություն։
Տարածաշրջանային համեմատության մեջ Հայաստանը ունի բժիշկների բավական բարձր խտություն։ Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա կազմված համեմատության մեջ, մեր երկրի ցուցանիշը 2022 թվականին կազմում է մոտ 3.4 բժիշկ՝ 1․000 բնակչի հաշվով, Վրաստանում՝ 5.6, Ադրբեջանում՝ 3.2։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը տարածաշրջանում չի դիտարկվում որպես բժշկական կադրերի խիստ ցածր ապահովվածություն ունեցող երկիր, սակայն Վրաստանի համեմատ բժիշկների խտությունն ավելի ցածր է։
Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ առողջապահական համակարգի արդյունավետությունը կախված չէ միայն բժիշկների թվից։ Կարևոր են նաև նրանց մասնագիտական բաշխվածությունը ըստ մայրաքաղաքի և մարզերի, նեղ մասնագիտացումը, առաջնային օղակի հզորությունը, միջին և ավագ բուժանձնակազմի բավարար ներգրավվածությունը։ 2024 թվականին Հայաստանում միջին բուժանձնակազմի թիվը կազմել է՝ 16․484, կամ 53.6 10․000 բնակչի հաշվով, նշվում է 2025 թվականի Հայաստանի վիճակագրական տարեգիրքում։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած առողջապահական համակարգերում բժիշկների և բուժքույրերի միջև հավասարակշռությունը կարևոր գործոն է։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) 2025 թվականի տվյալներով՝ OECD անդամ երկրների առողջապահական համակարգերում միջինում մեկ բժշկին բաժին է ընկնում մոտ 2.5 բուժքույր։ Համեմատության համար՝ Հայաստանում 2024 թվականի տվյալներով բժիշկների և միջին բուժանձնակազմի հարաբերակցությունը կազմում է մոտ 1 բժշկի դիմաց 1.3 միջին բուժաշխատող։ Սա կարող է կարևոր դիտարկում լինել առողջապահական համակարգի ապագա պլանավորման համար, քանի որ գրագետ և պատրաստված միջին բուժանձնակազմը թեթևացնում է բժշկի ծանրաբեռնվածությունը և բարձրացնում բուժօգնության որակը։
Վերջին տարիների փորձը՝ համավարակները, պատերազմական և արտակարգ իրավիճակները, ոչ վարակիչ հիվանդությունների աճը և բնակչության ծերացումը, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բժշկի աշխատանքը միայն մասնագիտություն չէ։ Այն պատասխանատվություն է մարդու, ընտանիքի, համայնքի և պետության առաջ։
Ավագ բուժանձնակազմի օրը շնորհակալության և արժևորման օր է բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց գիտելիքով, փորձով և մարդկային վերաբերմունքով ամեն օր կանգնած են կյանքի և առողջության պահպանման առաջնագծում։ Ավագ բուժաշխատողի առաքելությունը չի սահմանափակվում միայն մասնագիտական պարտականություններով, այն պացիենտի կողքին լինելու, վստահություն ներշնչելու և հասարակության առողջ ապագան կերտելու շարունակական ճանապարհ է։
Շնորհավոր տոնդ, ավա՛գ բուժաշխատող։