Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն

Ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն

Տավուշի մարզի  տասը ավագ դպրոցի աշակերտներ  ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հյուրերն էին:

Երիտասարդ գիտնականներ-հետազոտողներ, «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամներ Կատարինե Ֆերեշետյանը, Մարիամ Մովսիսյանը, Համլետ Թորոսյանը և Էլլա Բաղդասարյանը դպրոցականների համար հագեցած ծրագիր էին պատրաստել:

Երկու ժամ տևողությամբ ծրագրի մեկնարկին մասնակիցներին ողջունեց  կենտրոնի գլխավոր գիտաշխատող, բժշկական բուհի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

«Ինչո՞ւ եք եկել այստեղ» ,- առաջին հարցն էր, որը պրոֆեսոր Ենկոյանն ուղղեց լսարանին` շեշտադրելով, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  նպատակն է պատրաստել որակյալ բժիշկներ` զուգահեռ զարգացնելով բժշկակենսաբանական բնագավառը:

«Կենտրոնը, որտեղ այժմ գտնվում եք,  բժշկական համալսարանի գիտական հենասյունն է»,- փաստեց նա` մարզաբնակ ապագա կոլեգաներին մաղթելով լինել պրպտուն, հետաքրքրասեր:

Պրոֆեսորն անդրադարձավ արդի աշխարհի զարգացման միտումներին, որոնցում առանցքային դեր ունի ԲՏՃՄ ուղղությունը: «Այս ուղղության առաջընթացով են պայմանավորված բժշկության, դեղագործության զարգացումները, տեխնոլոգիական և ճարտարագիտական նորագույն լուծումները», – նշեց նա՝ հավելելով, որ տարիներ շարունակ ԲՏՃՄ ուղղության զարգացման բեռը կրում էին հիմնականում արական սեռի ներկայացուցիչները, իսկ այսօր այդ պատասխանատվությունը կիսում են կանայք՝ գրանցելով լուրջ հաջողություններ:

Նշենք, որ դպրոցականները «Հզոր Միտք» հասարակական կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի համատեղ գործակցության միջոցով այցելեցին բժշկական բուհ «Գիտաճամբար» նախագծի շրջանակում:

Հասարակական կազմակերպությունը հինգ տարի է գործունեություն է ծավալում՝ մարզերի երիտասարդների անձնային աճին նպաստելով և համահայկական երիտասարդական  ցանց ստեղծելով:

«Գիտաճամբար»-ի 28 մասնակցի համար կազմակերպվեց շրջայց լաբորատորիաներում, հանդիպում-քննարկում:

Փոքրիկ տեսանյութը ներկայացրեց գիտակրթական կենտրոնի հիմնական ուղղությունները, իսկ ավարտին ուսուցողական խաղ կազմակերպվեց՝ հաղթողով: